> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ-2

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ-2

Մեծ հետաքրքրությամբ սպասում էի, թե ինչպիսի կառավարական արձագանք կստանա այն լուրը, թե ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի 21-ամյա որդին «Ֆոլքսվագեն-Տուառեգե մակնիշի ավտոմեքենա է գնել։ Հետաքրքրությունս ավելի մեծացավ, քանի որ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանել էր, թե ուսանող այդ երիտասարդը մեքենան գնել է ամռանը իր հիմնադրած ՍՊԸ-ի եկամուտներով։ Միանգամից հիշեցի վարչապետի ֆուտլյարի ճառերը` «մի~նք պիտքի~ պայքարինք կոռուպցիայի դի~մ, որովհիտի~վ այն տնտեսությա~ն զարգացման ամենամի~ծ խոչընդոտն է»։ Ծափ, ծափ, ծափ։ Ֆուտլյարին երեւի թվում է, թե կոռուպցիան պոզերով, խոճկորի պոչով ու հանրապետության գլխավոր դատաբժշկի լխկած ուղեղով կենդանի է. այդպիսի մի հայվան։ Բայց` չէ, կոռուպցիան հենց Գեւորգ Դանիելյանն է ու իր որդու գնած «Տուառեգըե, ու հիմա վստահ կարող եմ պնդել. Գեւորգ Դանիելյանը կոռուպցիոներ է։ Կոռուպցիան կաշառակերությունից հենց դրանով է տարբերվում. կաշառակերը քյաշ փող է վերցնում, իսկ կոռուպցիոները ոչ միայն այդպես է վարվում, այլեւ իր որդու համար ՍՊԸ է բացում եւ կլիենտից պահանջում մատուցած ծառայությունների դիմաց, ասենք, մի կես միլիոն դոլարի ապրանք գնել որդու ՍՊԸ-ից, ցանկալի է` գնումը իրականացնել օֆշորային գոտում գրանցված ՍՊԸ-ի միջոցով, եւ ավելի ցանկալի է, որ գնումը լինի ֆիկտիվ, այսինքն` կլիենտը վճարի, ասենք, գնված աթոռների համար, բայց իրականում ոչ մի աթոռ էլ չվերցնի վճարած գումարի դիմաց` արդարադատության նախարարի որդու եկամուտներին չվնասելու համար։ Սա է կոռուպցիան, որտեղ առաջին հայացքից ամեն ինչ կարգին է, ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ օրինական է, բայց կեղեւի տակ լրիվ ուրիշ պատմություն է թաքնված, ու որպեսզի բացվի այդ պատմությունը, այն փորփրող է պետք։ Բայց ո՞վ պետք է փորփրի. Դանիելյան Գեւորգի դոձիկ զարմի՞կը` գլխավոր դատախազի տեղակալ, թե՞ նրա շեֆ Աղուանը` Հայաստանի ամենակոռումպացված չինովնիկներից մեկը։ Ընդհանրապես, հույս ունենալ, մտածել անգամ, թե այս իշխանությունը կարող է որեւէ կերպ պայքարել կոռուպցիայի դեմ, միամտություն է։ Ու ծիծաղելի է խոսել այն մասին, թե այս իշխանությունը ունի կամ չունի քաղաքական կամք եւ այսպիսի բաներ։ Ախր, ա՛յ ժողովուրդ, սրանց հագած ամեն կոստյումը, շապիկը, կապած ժամացույցը, հագած կոշիկը` իրենց գներով, արդեն կոռուպցիա են։ Վերցրեք ցանկացած նախարարի կապած ժամացույցը եւ հետաքննություն սկսեք նրա ծագումնաբանության շուրջ եւ մի այնպիսի կոռուպցիոն համակարգ կբացահայտեք, որ հնարավոր չէ երեւակայել։ Բայց շեղվեցինք թեմայից. ինչպե՞ս արձագանքեց կառավարությունը «Տուառեգ» Գեւորի այս պատմությանը. ոչ մի կերպ, միայն պաշտոնապես հայտարարվեց, թե մեքենան արդեն վաճառվել է, էլ չկա։ Այսինքն` չկա մեքենա, չկա պրոբլեմ։ Իսկ մամուլը, որ գրում է, թե պրոբլեմ, այնուամենայնիվ, կա, դեղին է։ Բա ի՞նչ է, որ դեղին չէ. երկնագույնի երջանիկ աչքին այդպիսի մամուլը դեղին պետք է երեւա։

Հ.Գ. Երեւի մտածում եք, թե ինչու վերը նշված «ընդգրկունե տեքստի մեջ ոչ մի անգամ չհիշատակեցի Սերժ Սարգսյանին։ Պատճառը պարզ է. եթե կոռուպցիան հնարավոր է նկարագրել մարդկային կերպարանքով, ապա դա կարող է լինել միայն Սերժ Սարգսյանի կերպարանքը։ Կոնկրետ դեպքերի վրա հղում չեմ անում. ուղղակի կարդացեք վերջին տասը տարիների «դեղին» մամուլը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.