> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Բեսպրեդելը, կամ ինչպես առաջին նախագահն է ասում` սահմանազանցությունը, ունի մի կարեւոր հատկություն. նա չունի յուրայիններ եւ օտարներ, նա խժռում է բոլոր նրանց, ովքեր իր ատամի տակ են հայտնվում, եւ ոչ ոք չի կարող գտնել նրանից պաշտպանվելու հնարը, ոչ ոք չի կարող երաշխավորված լինել նրան հանդիպելուց։ Այս մասին մենք բազմիցս խոսել ենք եւ բոլորին կոչ ենք արել միանալ ընդդեմ բեսպրեդելի մղվող մեր պայքարին։ Այո, այս պայքարի ընթացքում նույնպես մեծ է բեսպրեդելի ատամի տակ հայտնվելու հնարավորությունը, բայց ավելի լավ է մեռնես պայքարի գավազանը ձեռքիդ, քան նրանից ողորմություն խնդրողի վիճակում։ Արդեն երկար ժամանակ մտածում եմ գրել այս տեքստը, բայց թեման նուրբ է, եւ նրա մասին պետք է խոսել այնպես, որ չստացվի, թե չարախնդում ես, կամ ինչպես սիրում են ասել` շահարկում։ Չնայած` մեծ է հենց թեկուզ չարախնդալու եւ շահարկելու գայթակղությունը. բայց, ափսոս, չի կարելի, որովհետեւ հարցը շատ ավելի լուրջ է, խոսակցությունը` շատ ավելի կարեւոր, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Իսկ լրջությունը նրա մեջ է, որ մի տեսակ չարձանագրվեց, որ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նույնպես սահմանազանցության զոհ է։ Այո, բեսպրեդելի զոհ, եւ մի օր այդ սահմանազանցությունը նրան ուղղակի ասաց` հավաքիր իրերդ եւ չքվիր։ Կարո՞ղ էր արդյոք Տիգրան Թորոսյանը չենթարկվել այս հրամանին. չէր կարող, որովհետեւ Ալրաղացի Լյովիկը հենց ԱԺ ամբիոնում կծեծեր նրան, այնպես, ինչպես տարիներ առաջ ԱԺ ամբիոնում ծեծեց պատգամավոր Արամայիս Բարսեղյանին։ Իսկ այդ ժամանակ Տիգրան Թորոսյանը խնդում էր քթի տակ եւ Քոչարյանի հրահանգով ականջ քաշելու մասին հայտնի օրենքն էր բստրում։ Թորոսյանը ինքը փափուկ-բամբակ տղա է, ու այն ժամանակ նրան թվում էր, թե եթե պատսպարվի բեսպրեդելի թեւի տակ, պաշտպանված կլինի նրանից։ Սխալվեց, ու նրա վզակոթին տվին ամենավերջին դուրսպրծուկի պես։ Չարախնդո՞ւմ եմ. քավ լիցի, ուղղակի սա դաժան իրականություն է, եւ ես չեմ ուզում հավատալ, թե այս իրականությունը ոմանք ընկալելու են միայն սեփական կաշվի վրա զգալուց հետո։ Ես սա համարում եմ դավաճանություն, ես սա համարում եմ անթույլատրելի։ Ես, իրոք, ուրախացա, երբ Թորոսյանը ՀՀԿ-ից դուրս գալու որոշում կայացրեց. պարզ է, որ նա իր արժանապատվությունն էր պաշտպանում, ու ես ուրախանում եմ բոլոր նրանց համար, ովքեր իրենց արժանապատվությունը պաշտպանելու ուժ ունեն։ Հովիկ Շահինյանը` բեսպրեդելի սիրասուն զավակներից մեկը, դարձավ բեսպրեդելի զոհ։ Եւ գիտե՞ք, նա զարմացած էր. նրան թվում էր, թե այդ ինքն է այնքան ուժեղ, որ կարողանում է ընտրատեղամասերի մոտ ահաբեկել մարդկանց։ Հետո սկսեցին ահաբեկել իր մարդկանց, որովհետեւ նա, ով իրեն ահաբեկելու իրավունք էր տվել, այդ իրավունքը հիմա էլ տվեց ուրիշին։ Որովհետեւ այդ իրավունքը տվողը ոչ թե Հովիկ Շահինյանի արժանիքներն էր գնահատում, այլ ծառայելու նրա ընդունակությունը. եթե կա մեկը, որ կարող է ոչ միայն ահաբեկել, այլեւ սպանել, դա, ուրեմն, շատ ավելի օգտակար եւ կարող մարդ է, քան Շահինյանը։ Երեւում է` վերջինս, այնուամենայնիվ, մարդասպան լինել չի կարող։ Եւ ահա, այս «մեղքը» կործանեց նրան։ Նա այլեւս պիտանի չէ։ Այս տողերը կարդալիս Հովիկ Շահինյանը եւ իր ընկերները երեւի մտածում են, թե չարախնդում եմ, թե ինչ-որ բան իրենց երեսով եմ տալիս։ Քավ լիցի. ես ուղղակի զարմանում եմ, տղերք, զարմանում, թե ինչու ամիսներ առաջ չէիք նկատում այն, ինչ զգացիք ձեր սեփական մաշկի վրա։ Ես ուղղակի ցավում եմ, որ մենք բոլորս անարդարությանն ու ամենաթողությանը վատ ենք վերաբերվում միայն այն ժամանակ, երբ այն խփում է մեր գանգին, երբ այն զգում ենք անձամբ մեր մաշկի վրա, միայն այս դեպքում։ Սա մեզ ստրուկ է դարձնում. հանրապետական լինելը վատ բան չէ, դաշնակցական լինելը վատ բան չէ, բարգավաճական լինելը վատ բան չէ. ստրուկ լինելն է վատ բան։ Տիգրան Թորոսյանը անմնացորդ ծառայեց հանրապետականների, պատգամավորների ստրկացմանը ու զարմանում էր, թե ինչու իրեն ոչ ոք չի պաշտպանում. ախր, ստրուկ են, ա՛յ Տիգրան, նախիր են, ա՛յ ախպեր. տեսե՞լ ես, որ նախիրն ընդվզի` իրենցից մեկին սպանդանոց տանելու համար։ Քո բախտը բերեց` վերջին պահին քեզ դուրս դրիր նախիրից, ու էդքանով շնորհակալ ենք քեզանից։ Կարդում եմ Ալրաղացի Լյովի կողմից սպանված Անդրանիկ Բաբայանի հարազատների խոսքը ու հոգիս տակնուվրա է լինում։ Մենք բոլորս անպաշտպան ենք, դուք բոլորդ անպաշտպան եք` ահազանգում են նրանք։ Ճիշտ են ասում, սխալ չեն ասում, ուղղակի ուշ են ասում։

Տխուր է, որ երբ Պողոս Պողոսյանի հարազատներն էին ահազանգում, մենք բոլորս չէինք հասկանում, որ դա մեզ էլ է վերաբերում։ Մինչեւ սուգն ու դագաղը մեր տանը չհայտնվի, չենք հասկանալո՞ւ։ Թե՞ մտածում ենք, որ եթե հանրապետականի տոմս ունենք մեր ջեբերում, ուրեմն մենք պաշտպանված ենք, առաջին սորտի մարդ։ Գոռ Քլոյանն էլ մայր ուներ, Տիգրան Խաչատրյանը որբ չէր, Դավիթ Պետրոսյանը ապրելու արժանի չէ՞ր, Գրիգոր Գեւորգյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը` մյուսները։ Սա է Արթուր Սահակյանի «Ռադիոլուրը», որ անգամ իր ղեկավարի ընկերոջ սամասուդի մասին լուր տալու ազատություն չունի եւ համարձակություն։ Մնացել են «դեղին մամուլի» հույսին։ Իսկ իրենք ավետում են աշխարհին հայկական հրաշքի ու վագրի մասին, առաջընթացի ու զարգացման մասին։ Նրանք ավետում են աշխարհին, որ մարտի 1-ի զոհերը ԻՐԵՆՔ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ ԶՈՀ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Լավ չի հնչում, չէ՞։ Հիմա էլ նոր թշնամի են հորինել` ի դեմս Ալրաղացի Լյովի. ինչ է, ձեզ թվում է, թե որ Ալրաղացի Լյովին դատեն, դրանից բա՞ն է փոխվելու։ Խնդիրը ոչ թե Ալրաղացի Լյովին մեկուսացնելու, այլ Ալրաղացի Լյովի պահանջարկը վերացնելու մեջ է։ Ալրաղացի Լյովը ի՞նչ արժանիքի համար է իշխանության ամենավերնախավում, ի՞նչ արժանիքի համար է Սերժի մերձավոր շրջապատում։ Ծեծելու, սպանելու, ահաբեկելու ընդունակության համար։ Ինչ է, որ Ալրաղացի Լյովը Սերժի շրջապատից դուրս մղվի, նրա տեղը դատարկ է մնալո՞ւ։ Էնքան տղերք կան, որ հիմա ուզում են Ալրաղացի Լյովին ոչնչացնել` իրենք Ալրաղացի Լյով դառնալու համար։ Էնպես որ, էս իրավիճակում Ալրաղացի Լյովն էլ է զոհ, որովհետեւ նա չի հասկանում, ու ճիշտ է անում, թե ինչու շատ-շատերին ծեծելու, ահաբեկելու, սպանելու համար չի դատվել, անգամ շնորհակալության խոսքեր է լսել, իսկ Մարիշին բան ասողին ծեծել-սպանելու համար պիտի դատվի։ Չի դատվելու ու ճիշտ է անելու։ Առա՛ջ, Սարգսյա՛ն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.