> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի` «ՀԺ»-ին տված վերջին հարցազրույցը կարեւոր էր Կոնգրեսի համախոհների շրջանում քննարկվող մի շարք հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշումների արձանագրմամբ։ Դրանցից առաջինը վերաբերում էր ՏԻՄ ընտրություններին Կոնգրեսի մասնակցության նպատակահարմարությանը, եւ այս հարցում Կոնգրեսի դիրքորոշումը, որ ներկայացրել էր Լեւոն Զուրաբյանը, ճշգրիտ է եւ ամբողջական։ Ինչ խոսք, որեւէ մեկը այսօր չի կարող ընտրությունների հետ կապված իլյուզիաներ ունենալ, բայց մյուս կողմից` Հայ ազգային կոնգրեսը չպետք է խուսափի պայքարի որեւէ ճակատից եւ որեւէ դիրք չպետք է հենց այնպես զիջի իշխանություններին։ Ի վերջո, ընտրությունների ընթացքում վիճարկվում է ոչ միայն թաղապետի կամ պատգամավորի կամ նախագահի, այլեւ քաղաքական այլընտրանքի կարգավիճակը։ Կոնգրեսի ամենամեծ առավելությունը եւ հաղթաթուղթը այն է, որ գործող իշխանությանը ուրիշ այլընտրանք գոյություն չունի, բացի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Համաժողովրդական շարժումից։ Եւ ճիշտն ասած, սա շատ ավելի մեծ կարգավիճակ է, քան կարող է լինել Կենտրոնի կամ Քանաքեռ-Զեյթունի թաղապետի պաշտոնը, եւ Արարատ Զուրաբյանը, Էմանուել Գասպարյանը շատ խիզախ քայլ արեցին. նրանք պաշտպանեցին Հայ ազգային կոնգրեսի` իշխանության միակ այլընտրանքի կարգավիճակը, նաեւ հերթական անգամ ապացուցեցին, որ առկա ընտրական համակարգի էվոլյուցիոն զարգացման մասին խոսակցությունները սին են, եւ երկրում իշխող համակարգը չի կարող տրվել էվոլյուցիայի, եւ այն կազմաքանդելու հրամայականը բխում է Հայաստանի ապագայի շահերից։ Լեւոն Զուրաբյանի հարցազրույցի հաջորդ կարեւորագույն արձանագրումը հանրահավաքներին քաղաքացիների մասնակցության գրագետ եւ քաղաքական մոտիվացիայի ձեւակերպումն էր։ Իհարկե, թվում է, թե այս ամենը ի սկզբանե պարզ էր եւ հասկանալի, սակայն չմոռանանք, որ քաղաքականությունը առաջին հերթին լիդերների եւ համախոհների երկխոսություն է, եւ երբ այդ երկխոսության մեջ անհասկանալի, մութ կետեր են առաջանում, քաղաքական պրոցեսը կարող է լրջորեն տուժել։ Այս իմաստով ուզում եմ ողջունել Մարինե Պետրոսյանին եւ Հրանտ Տեր-Աբրահամյանին, ովքեր շատ հստակ արձանագրեցին Համաժողովրդական շարժման ներսում երկխոսության անհրաժեշտությունը եւ հարուցեցին նման երկխոսություն, ինչը հնարավորություն տվեց բավական արագ հաղթահարել հոգեբանական այն ճգնաժամը, որ առաջացել էր սեպտեմբերի 15-ի հանրահավաքից հետո։ Եւ կարծում եմ, որ Հայ ազգային կոնգրեսում բանավեճի այս մթնոլորտը, որը արտահայտվեց նաեւ Ուստա Հրանտի եւ Վարպետ Սաքոյի բանավեճի տեսքով, պետք է պահպանել։ Սա շատ կարեւոր նրբություն է մեր հետագա պայքարի կազմակերպման գործում, որովհետեւ մենք բոլորս ծառայում ենք միեւնույն գործին, մյուս կողմից, սակայն, մեր Շարժումը հանրապետական ոհմակ չէ, որտեղ մեկը ասում է, մնացած բոլորը չեստ են տալիս։ Հայ ազգային կոնգրեսի հարստությունը առաջին հերթին անհատներն են, եւ այդ անհատները, որոնք, կրկնում եմ, միեւնույն գործին են ծառայում, պետք է հնարավորություն ունենան միմյանց համար պարզաբանել իրենց տեսակետները եւ, դիմացինի տեսակետները հասկանալու համար, նաեւ հարցեր հարուցել։ Ընդ որում, գործընթացը պետք է տեղի ունենա հրապարակային, որովհետեւ այն հարցերը, որ բարձրացնում է Ուստա Հրանտը, հուզում են ոչ միայն հեղինակին, այլեւ հազարավոր ուրիշ մարդկանց։ Եւ այն պատասխանը, դիրքորոշումը, որ արտահայտում է Վարպետ Սաքոն, ոչ միայն անհատի, այլեւ հազարավոր այլ մարդկանց դիրքորոշում է, ընդ որում` թե՛ հարց բարձրացնողները, թե՛ դրանց պատասխանողները քաղաքական համախոհներ են եւ միմյանց հետ տասը օր են անցկացրել Ազատության հրապարակում։ Եւ ահա, այսօրինակ բանավեճը պետք է քաղաքական կուլտուրայի վերածննդի սկիզբ դառնա Հայաստանում։ Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ քաղաքականությունը հրապարակային դաշտից տեղափոխվել է կուլիսներ` խաշի եւ խաշլամայի սեղանների շուրջ, կազինոներ ու սաունաներ։ Եւ մենք պետք է ամեն ինչ անենք` քաղաքականությունը վերստին հրապարակ, հրապարակային դաշտ վերադարձնելու համար։ Եւ Հայ ազգային կոնգրեսը այս իմաստով նույնպես շատ հաճելի հաջողություններ է արձանագրում։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.