> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«Թող այսօր էլ արեգակը ծագե արեւելքից եւ մայրամուտ ունենա արեւմուտքում։ Մարդիկ ծնվեն եւ մեռնեն։ Եւ ամենայն գործ մարդկային, որ գործվի, թող շարունակե գործվելե։
ՔԱՋ ՆԱԶԱՐ

Եթե Սերժ Սարգսյանի` նախօրեին ԱԺ-ում ունեցած ելույթ-ուղերձը համեմատենք Քաջ Նազարի հրովարտակի վերը բերված հատվածի հետ, ստիպված պիտի լինենք խոստովանել, որ Նազարի տեքստը մի քանի գլուխ բարձր է։ Այն պարզ պատճառով, որ Նազարի հպատակները իրականության մեջ գոնե տեսնում են իրենց տիրակալի խոսքերի արտահայտումը. արեգակը իրոք ծագում է արեւելքում եւ արեւմուտքում մայր է մտնում, մարդիկ իրոք ծնվում եւ մեռնում են։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի տեքստին, այն այլ կերպ, քան «լեզվական պանոս», դժվար է որակել։ Նման տեքստեր մարդիկ արտաբերում են միայն այն ժամանակ, երբ ասելիք չեն ունենում, եւ այս փաստը փորձում են քողարկել ինչ-որ էլիտար բառակույտերի տակ. «ըստ ամենայնի, համենայնդեպս, ի սկզբանե»։ Եւ ելույթին հետեւած խղճուկ ծափերը եկան արձանագրելու, որ անգամ կոճակ սեղմողների խորհրդարանը գլխի ընկավ, որ ամբիոնում գտնված անձը 37 րոպե խոսեց ու ոչինչ չասաց։ Բայց այս ֆոնին բոլորովին ուրիշ հարց է ծագում. ոչընտիրի ինչի՞ն էր պետք այսպիսի խայտառակ եւ ջրիկ տեքստ արտասանել ԱԺ ամբիոնից։ Նման պահվածքի համար Սերժը շատ կոնկրետ դրդապատճառ ունի. բանն այն է, որ ինքը խնդիր ունի մարդկանց հիշեցնելու, որ ինքը ամեն օր երկրի թիվ մեկ աշխատասենյակ այցելող մարդն է, իր կարծիքով` Հայաստանի նախագահը։ Եթե նա մի օր հեռուստաէկրաններին չի երեւում, ինչ-որ ճառեր չի արտասանում, իշխանական բուրգում քայքայման պրոցեսները ակտիվանում են, որովհետեւ այդ նույն իշխանական բուրգը ամեն օր ավազակապետության վերջի սպասման մեջ է։ Սերժ Սարգսյանն ու նրա շքախումբը խնդիր ունեն ամեն օր սեփական հայտնությամբ ազդարարել. այս օրն էլ բարեհաջող ավարտեցինք։ Եւ ահա, այսօրինակ ազդարարումների համար ստիպված է զանազան ինֆորմացիոն առիթներ մոգոնել։ Ու քանի որ իրականության մեջ հարմար ինֆորմացիոն առիթներ չկան, իրական ինֆորմացիան բոլորովին ուրիշ բանի մասին է վկայում, այս իշխանական շրջանակները հայտնվում են լեզվական պանոսի վիճակում։ Եւ այս առումով Սերժ եւ Տիգրան Սարգսյանները մի կատարյալ ներդաշնակ զույգ են կազմում։ Վարչապետի ֆուտլյարը, օրինակ, թերեւս չգիտի էլ, որ արդեն միմոսի դերակատարություն է վերցրել իր վրա։ Մի հին անեկդոտ կա. բանակային հրամանատարությունը սպայի բնութագրի մեջ նշում է նրա մի շատ կարեւոր առանձնահատկություն. «Նա կարողանում է իր հետեւից տանել մարդկանց. զինվորները հաճույքով գնում են նրա հետեւից` տեսնելու համար, թե նա էլ ինչ հիմարություն կգործի»։ Տիգրան Սարգսյանը հենց այս անեկդոտի կենդանացած հերոսն է, որը ամեն օր հայտնաբերում է, որ ապրելու համար հարկավոր է շնչել եւ սնվել։ Եւ այս հայտնագործումը անում է այնպիսի հանդիսավորությամբ, որ չես կարող կասկածել նրա անկեղծության մեջ. նա լրջորեն մտածում է, թե այս տիեզերական գաղտնիքը միայն իրեն է հայտնի, եւ աչքերի փայլն էլ վկայում է, որ նման հայտնագործությունների համար հույս ունի Նոբելյան մրցանակ ստանալ։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, մեկուկես տասնամյակ երկրի բարձրագույն ղեկավար պաշտոններ զբաղեցնելու արդյունքում նա որոշել է ուղերձով դիմել վարորդներին, որ նրանք երթեւեկելիս խախտումներ չանեն, նա հայտնաբերել է, թե խորհրդարանը ինչ է եւ ինչի համար գոյություն ունի, թե իշխանության տարբեր թեւերը ինչ հարաբերությունների մեջ պիտի լինեն միմյանց հետ։ Այս ամենը, իհարկե, հոյակապ է. բայց մարդիկ սովորաբար այսօրինակ եզրակացություններ անում են միջնակարգ դպրոցի կրթական ծրագիրը բավարար չափով յուրացնելու արդյունքում։ Եւ հիմա տպավորությունն այնպիսին է, թե Սերժ Սարգսյանը նախագահի աթոռին հայտնվել է իր ինտելեկտուալ մակարդակը բակալավրի աստիճանի հասցնելու հույսով. մի բան, որ իր նախորդի մոտ չստացվեց անգամ տասը տարվա ընթացքում։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.