> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (Դարձ ի շրջանս յուր)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (Դարձ ի շրջանս յուր)

Օրացուցային մեղրամսից հետո հայ-թուրքական հարաբերությունները վերադարձան նախկին մակարդակին։ Սա ազդարարեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` հայտարարելով, թե հայ-թուրքական սահմանը չի բացվելու այնքան ժամանակ, քանի դեռ հայկական կողմը Ադրբեջանին չի վերադարձրել գրավյալ տարածքները։ Սա այն սովորական հայտարարությունն է, որ թուրքական կողմը անում էր նաեւ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ. այսինքն` դարձ ի շրջանս յուր։ Նման արդյունքը խիստ սպասելի էր, որովհետեւ ՀՀ իշխանությունները թուրքական կողմի հետ շփումների ընթացքում հայկական օրակարգի ոչ մի հարց չէին տեղավորել քննարկումների շրջանակում։ Եւ սա հասկանալի է. Սերժ Սարգսյանը ոչ թե Հայաստանի շահերն էր ներկայացնում, այլ սեփական իշխանության։ Թուրքիայի հետ նրա սկսած խաղի նպատակը ոչ թե հայկական օրակարգի հարցերի, այլ սեփական իշխանության երկարաձգման հարցի լուծումն էր։ Եւ հասկանալիորեն մի շարք միջազգային վերլուծաբաններ արձանագրեցին, որ երկրի ներսում չունենալով լեգիտիմության աստիճան` Սերժ Սարգսյանը լեգիտիմություն է փնտրում միջազգային ասպարեզում։ Իսկ միջազգային ասպարեզում նրա արած միակ նշանակալի քայլը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին ուղղված հրավերն էր։ Մերձիշխանական հայրենասերները սա որակեցին որպես խորիմաստ քայլ` այդպես էլ չարձանագրելով, որ, փաստորեն, Հայաստանի ղեկավար կոչվածը, որպես նախագահ Հայաստանի ժողովրդի ճանաչումը չունենալով, փորձում է այդպիսի ճանաչման հասնել Թուրքիայի նախագահի օգնությամբ, մի իրավիճակ, որի մասին չէինք էլ մտածի ամենասարսափելի մղձավանջում։ Ու ես հիմա հասկանում եմ, թե ինչու էին իշխանական շրջանակները մեզ թուրքամետ, ապազգային, ծախված անվանում, երբ խոսում էինք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ Սերժանտական իշխանության վերջին քայլերը նման արձագանքի պատճառները ակնհայտ դարձրին. նրանք չեն պատկերացնում, որ կարելի է որեւէ հզոր երկրի հետ հարաբերություններ հաստատել առանց ծախվելու, առանց դավաճանելու, առանց քծնելու։ Հայ-թուրքական մեղրամսից Հայաստանը ոչինչ չշահեց, Սերժ Սարգսյանը շահեց այնքանով, որ մի քանի ժամ հայտնվեց միջազգային լրահոսի առաջին աղյուսակներում, իսկ Թուրքիան խցկվեց ԼՂ հարցի կարգավորման գործընթաց, մեծ իրարանցում ստեղծեց Հարավային Կովկասի անվտանգության պլատֆորմ ստեղծելու իր նախաձեռնության շուրջ` այսպիսով որպես լիարժեք խաղացող եւ գերտերություն վերադառնալով Հարավային Կովկաս։ Իհարկե, Հայաստանը սկզբունքորեն չպիտի փորձեր էլ Թուրքիայի առաջ բարիկադներ սարքել, բայց մինչ նրա այսօրինակ ներգրավվածությունը մենք պետք է հասկանայինք, թե կոնկրետ ինչ ենք շահում։ Իսկ շահել մենք կարող էինք մեկ բան. հայ-թուրքական սահմանի բացումը։ Եւ ի դեպ, Գյուլի այցին նախորդած իրադարձությունների հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը սեփական ժողովրդի հետ ընդամենը պոկեր է խաղում եւ, իր ձեռքին հաղթաթղթեր չունենալով, մշտապես դիմում է բլեֆի։ Ասենք` ի՞նչ իմաստ ուներ Գյուլի այցից առաջ Ախուրյանի երկաթուղու ափալ-թափալ վերանորոգումը։ Իմաստը մեկն էր. հանրային ուշադրությունը շեղել ընդդիմության նախապատրաստվող գործողություններից։ Եւ ինչքան Ախուրյանի երկաթուղու վերանորոգմանը հետեւեց հայ-թուրքական սահմանի բացումը, այնքան էլ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններին կհետեւի կոռուպցիայի դեմ իրական պայքարը, տնտեսության զարգացման հավաստիացումներին` տնտեսության զարգացումը, անկախ դատական համակարգի մասին սրտաճմլիկ ճառերին` դատական համակարգի անկախացումը, աղետի գոտու վերականգման ծրագրերին` աղետի գոտու վերականգնումը։ Կարճ ասած, Սերժ Սարգսյանի բլեֆը արդեն անտանելի է դառնում, եւ այս խաղը այլեւս կորցրել է իր հետաքրքրությունը։ Այնպես որ, բացենք խաղաքարտերը, պարոնայք։

ՀԳ. Ամենեւին էլ պատահական չհամարեք, որ Թոմաս Համմարբերգը Հայաստանի քաղբանտարկյալներին նորից հիշեց այն բանից հետո, երբ հասկանալի դարձավ, որ հայ-թուրքական հարաբերություններում, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվում։ Սա արձանագրվեց Նյու Յորքում կայացած ՀՀ, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների անարդյունք հանդիպումից հետո։ Եւ ահա, եվրոպացիները կրկին հիշեցին Հայաստանում առկա տխուր իրավիճակի մասին։ Սա այն է, ինչի մասին դեռ սեպտեմբերի 15-ի հանրահավաքում խոսեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ակնարկելով, որ քաղբանտարկյալների հարցում ճնշումների չենթարկվելու համար` Սերժ Սարգսյանից կպահանջեն զիջումների գնալ ԼՂ հարցում։ Իսկ ԼՂ հարցում ճնշումները չեզոքացնելու համար` իշխանությունը պետք է ազատի քաղբանտարկյալներին եւ հասնի ներքաղաքական պրոբլեմների հանգուցալուծման։ Մինչեւ այժմ Սերժ Սարգսյանը ցույց է տվել, որ նախընտրում է ավելի վատթարացնել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում` հանուն քաղբանտարկյալներին բանտում պահելու հնարավորության։ Եւ սա դառը, չափազանց դառը ճշմարտություն է։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.