> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Անկեղծ ասած, շատ զարմացա` լսելով Հայ ազգային կոնգրեսի կողմից հնչեցված մի հայտարարություն, թե միջազգային հանրությունը Սերժ Սարգսյանին քարտ բլանշ է տվել` Հայաստանում ռեպրեսիաներ իրականացնելու, ընդդիմությանը սադրանքների մեջ ներքաշելու, պատժիչ գործողություններ իրականացնելու համար։ Ու չնայած գիտեմ, որ ասածս տարօրինակ է հնչելու, բայց վերը նշված հայտարարությունը մի տեսակ չի տեղավորվում ընթացիկ շրջանի մեր անելիքների համատեքստում` այն պարզ պատճառով, որ ասվածի մեջ ոչ մի նորություն չկա։ Այդ նույն միջազգային հանրության պահվածքը, համենայնդեպս` վերջին տարիների ընթացքում, ոչ մի փոփոխություն չի կրել։ Միջազգային հանրությանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ձեռնտու է Հայաստանում ունենալ այնպիսի իշխանություն, որի մասին ցանկացած միջին կարգի եվրոպական պետության հատուկ ծառայություններ ունեն տոննաներով կոմպրոմատներ։ Միջազգային հանրությունը միշտ ցանկացել եւ ցանկանալու է Հայաստանում ունենալ հեշտ կառավարելի եւ խամաճիկային իշխանություն։ Իսկ Սերժ Սարգսյանը գտածո է այդ նույն միջազգային հանրության համար։ Եւ մեր շարժման ամբողջ իմաստն էլ հենց այն է, որ Հայաստանը ունենա ոչ թե միջազգային, այլ Հայաստանի հանրությանը ձեռնտու իշխանություններ։ Մեր շարժումը ձեւավորվել ու հզորացել է ոչ թե միջազգային հանրության օգնությամբ, այլ ի հեճուկս նրա։ Իսկ ընդհանրապես, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ միջազգային հանրությունը մեր շարժման վրա։ Բացառապես հոգեբանական, համոզված եմ` միմիայն հոգեբանական։ Միջազգային հանրությունը մեր շարժման վրա կարող է ազդել այնքանով, որ մենք մտածենք, թե, ասենք, Համմարբերգը ազնիվ մարդ է, բայց արդյունքում պարզվի, որ սա էլ է պուտանկա, ու մենք տխրենք այս անակնկալ բացահայտումից։ Ինչ վերաբերում է միջազգային հանրության կողմից Սերժ Սարգսյանին տված կամ չտված քարտ բլանշներին, անկեղծ ասած, սա ինձ նույնքան քիչ է հուզում, որքան այն հարցը, թե արդյոք Յուպիտեր մոլորակի վրա այս պահին հրաբուխ ժայթքեց, թե` ոչ։ Ինչպես Յուպիտերի վրա տեղի ունեցած հրաբուխը չի կարող փոխել մեր անելիքը, այնպես էլ միջազգային հանրության վաշխառուական խաղերը չպիտի ազդեն այդ անելիքի վրա։ Իսկ մեր անելիքը մեկն է` մեկ միլիոն մարդ Ազատության հրապարակում, 24 ժամ իշխանություններին հեռանալու համար։ Որ Հայ ազգային կոնգրեսը ունի այս վիճակը ստեղծելու ռեալ եւ անմիջական հնարավորություն, չեմ կասկածում ոչ մի վայրկյան։ Սրա համար անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել ոչ թե միջազգային, այս սեփական հանրության հետ աշխատանքին։ Իսկ հանրությունն ընդամենը մի ուղերձ է սպասում Հայ ազգային կոնգրեսից. Ազատության ժամը եկել է, հավաքվեք Ազատության հրապարակում։ Գիտեմ, իհարկե, որ Ազատության հրապարակը ցանկապատված է, եւ այնտեղ շինարարություն է ընթանում։ Բայց ցանկացած տեղ, ուր մենք կհավաքվենք` Ազատության հարցը լուծելու համար, ահա այդ տեղը կկոչվի Ազատության հրապարակ։ Այդ թվում եւ Ազատության հրապարակը։ Պայքար, պայքար մինչեւ վերջ. հի-մա, հի-մա, հի-մա։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.