> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Նիկոլ Փաշինյան. 21 հոկտմեբերի, 2009 թ.

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը, որի ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը հասցրեց մերժել պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ դատարանին եւ մեղադրող կողմին ուղղված ցավակցական խոսքով, մեղադրողները հրապարակեցին մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Դատական հաջորդ նիստը կկայանա երկուշաբթի` ժամը 12.00-ին։ Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի խոսքը` որոշ կրճատումներով.

Նախ, ուզում եմ ասել, որ իմ խափանման միջոցի հետ կապված տվյալ դեպքում որեւէ հիմնավորում ներկայացնելը, կարծում եմ, իր մեջ անլրջության տարրեր է պարունակում իմ կողմից, որովհետեւ պրոբլեմը նրանում է, որ տվյալ դատարանում ոչ ոք լիազորություն չունի փոխելու կամ որոշելու իմ խափանման միջոցը։ Ցավալի փաստ է, որ տվյալ գործով դատավորը չունի այդ հարցը լուծելու լիազորություն, անգամ դատախազները իրենց կարծիքները արտահայտելիս չունեն համապատասխան լիազորություն` ինչքան էլ նրանք հակառակը պնդեն։ Բայց կա շատ ավելի լուրջ պրոբլեմ` այսպիսով դատավարության կողմերի հավասարության սկզբունքն է խախտվել` մի սկզբունք, որ ամրագրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով եւ Սահմանադրությամբ։ Տվյալ դեպքում, դատարանում առկա է ինքնուրույն եւ իրավազոր մեկ կողմ։ Այսինքն` պաշտպանության կողմը կարող է ինքը հանդես գալ իր անունից, ներկայացնել իր դիրքորոշումները, ներկայացնել իր սկզբունքային մոտեցումները։ Ցավոք սրտի, հակառակ կողմը եւ դատարանը գտնվում են անհավասար պայմաններում, նրանք ուղղակի չեն կարող սեփական սկզբունքների, սեփական ներքին համոզմունքների շրջանակներում գործել, եւ ես այս իմաստով, այո, համարում եմ, որ մենք մրցակցային ավելի բարենպաստ եւ բարձր պայմաններում ենք գտնվում, եւ դատարանին ու մեղադրող կողմին կարելի է միայն ցավակցել։ Իսկ եթե այս հանգամանքը հաշվի չառնենք` դատավարական փաստաթղթերում խոսվում է այն մասին, որ ես կթաքնվեմ քննությունից։ Ես ուզում եմ հարց տալ` արդյո՞ք դատավոր Մնացական Մարտիրոսյանը չգիտի այդ հարցի պատասխանը` կթաքնվե՞մ ես քննությունից, թե՞ չեմ թաքնվի։ Արդյո՞ք դատախազը` մեղադրող կողմը չգիտեն այդ հարցի պատասխանը. ենթադրենք, եթե իմ խափանման միջոցը փոխվում է` կթաքնվե՞մ ես քննությունից, թե՞ չեմ թաքնվի։ Իմ տեսքից, այս դատավարության ընթացքում որեւէ փաստ խոսե՞լ է այն մասին, որ ես մտադիր եմ թաքնվել քննությունից։ Այս ամենը ես ասում եմ ոչ թե այն պատճառով, որ լուրջ, լրջորեն հիմնավորում եմ, որ դատարանը պետք է փոխի իմ խափանման միջոցը, կամ հիմնավորում եմ, որ մեղադրող կողմը պետք է դրական կարծիք արտահայտի։ Ես սրանով իմ համոզվածությունն եմ հայտնում, որ կողմերը, տվյալ դեպքում` նաեւ դատարանը, չունի տվյալ հարցում օբյեկտիվ ներքին համոզմունք ունենալու եւ արտահայտելու հնարավորություն։ Հիմա դատավորը կգնա խորհրդակցական սենյակ, անգամ չի զանգի համապատասխան տեղեր` տվյալ հարցը ճշտելու համար, որովհետեւ ի սկզբանե իրեն ասվել է, թե տվյալ հարցի շրջանակներում ինչ որոշումներ պետք է կայացնել։ Ես ուզում եմ ասել, որ այս հարցով իմ հիմնավորումները ներկայացնելով` ընդամենը իմ խորը ցավակցությունն եմ հայտնում դատարանին եւ մեղադրող կողմին, այնքանով որքանով նրանք, լինելով օրենքով օժտված լիազորություններով մարդիկ, չեն կարող օգտվել այդ լիազորություններից։ Ինչ վերաբերում է ընդհատակում իմ մնալուն. ես ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել հետեւյալը. դուք հիշում եք, որ Սարգիս Հացպանյանը` քաղբանտարկյալ, հոդվածով հանդես եկավ ինչ-որ մարդկանց նկատմամբ պատրաստվող մահափորձերի եւ այլնի վերաբերյալ… 2008 թվականի մարտի 1-ից մամուլում եղել են տասնյակ հրապարակումներ, որ իշխանության ամենավերին օղակներից իրավապահ մարմիններին տրվել է հրահանգ` ինձ ձերբակալելու գործողության ընթացքում ոչ թե ձերբակալել, կալանավորել, բերման ենթարկել, այլ ֆիզիկապես ոչնչացնել։ Որեւէ մամուլի հրապարակում որեւէ իրավապահ մարմնի արձագանքին չի արժանացել… Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի որեւէ իրավապահ մարմին այդպես էլ չի արձագանքել` ճշտելու համար մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ հանրապետության ամենավերին օղակներից ԱԱԾ-ին հանձնարարվել է ինձ ֆիզիկապես ոչնչացնել, չձերբակալել, չկալանավորել` ֆիզիկապես ոչնչացնել։ Ինչո՞ւ։ Իմ այս հարցը նույնպես հռետորական է, որովհետեւ ես գիտակցում եմ, որ այս դահլիճում չկա որեւէ մեկը, որ լիազորված լինի այդ հարցին պատասխանել։ Տվյալ դեպքում, էլի եմ ասում, ուզում եմ եւս մեկ անգամ հայտարարել, որ հուլիսի 1-ին ընդհատակից դուրս գալու եւ բանտ տեղափոխվելու իմ որոշումը եղել է իմ անձնական որոշումը։ Ես դեռ գլխավոր դատախազի ընդունարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել եմ, որ իմ նկատմամբ խափանման միջոց է ընտրվելու կալանքը։ Իմ նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրվեց` երկարացվեց, եւ սա ասում եմ, որ հստակ լինի բոլորի համար. որեւէ մեկը թող չմտածի, թե ես ընդհատակից դուրս եմ եկել` հույս ունենալով, որ իմ նկատմամբ կարող է կալանքը չընտրվել խափանման միջոց։ Ես ընդհատակից դուրս եմ եկել եւ բանտ եմ տեղափոխվել հետեւյալ հիմնավորմամբ` որ տվյալ պարագայում, տվյալ իրավիճակում, իրավիճակի որոշակի փոփոխության պայմաններում քաղաքական եւ քաղաքացիական պայքարը շարունակելու ամենաարդյունավետ տեղը բանտում է, եւ էլի եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ հանուն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրինականության, մարդու իրավունքների, խոսքի ազատության, հանուն իշխանության օրինական հաստատման մեխանիզմների ձեւավորման` պայքարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից` բանտում կլինեմ, թե` ազատության մեջ։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. MM
    Հոկտեմբեր 23rd, 2009 at 11:44 | #1

    PAYQAR, PAYQAR MINCHEV VERCH!

  2. Սուրեն
    Հոկտեմբեր 23rd, 2009 at 16:06 | #2

    +1

  3. Levon
    Հոկտեմբեր 23rd, 2009 at 17:18 | #3

    Hpart em, vor unem Nikoli pes hayrenaser hamaqaxaqaci.

  4. Karine
    Հոկտեմբեր 24th, 2009 at 01:02 | #4

    Դու ազատության մեջ կլինես շատ շուտով ,Աստված քեզ հետ ,Նիկոլ ջան:Համբերություն քեզ ,եղբայր:

  5. Marianna
    Հոկտեմբեր 24th, 2009 at 15:19 | #5

    +1

  1. No trackbacks yet.