> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ

Նիկոլ. 2002 թ.Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում երեկ կայացած դատական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, միանալով իր պաշտպաններին, միջնորդեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին` ինքնաբացարկ հայտնել։ Ստորեւ ներկայացնում ենք Փաշինյանի խոսքն` առանց կրճատումների.

Միանալով իմ պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի` դատավոր Մնացական Մարտիրոսյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը, կարծում եմ` տվյալ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի անաչառությունը ողջամիտ կասկածներ է հարուցում նաեւ հետեւյալ հիմքերով.

1. Մնացական Մարտիրոսյանը առաջին ատյանի դատավոր է նշանակվել 1999 թ. դեկտեմբերին` նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով։ 2006 թվականին «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության անցկացրած` «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում» հարցման մասնակիցների 37.3 տոկոսը ՀՀ նախագաh համարվող անձին համարել է կոռումպացված, 18 տոկոսը` չկոռումպացված, 44.5 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցմանը որոշակի պատասխան տվածների 67.4 տոկոսը Հայաստանի նախագահին, այսինքն` Ռոբերտ Քոչարյանին, համարել է կոռումպացված։

2. Մնացական Մարտիրոսյանը դատավոր է նշանակվել ՀՀ արդարադատության խորհրդի ներկայացմամբ։ 2006 թվականին «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության անցկացրած` «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում» հարցման մասնակիցների 43.2 տոկոսը Արդարադատության խորհրդին համարել է կոռումպացված, 21.7 տոկոսը` չկոռումպացված պետական կառույց, 35.1 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցմանը որոշակի պատասխան տվածների 66.4 տոկոսը Արդարադատության խորհուրդը համարել է կոռումպացված պետական մարմին։

3. Մնացական Մարտիրոսյանը հանդիսանում է առաջին ատյանի դատավոր։ 2006 թվականին «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության անցկացրած` «կոռուպցիայի ընկալումը Հայաստանում» հարցման մասնակիցների 30.5 տոկոսը ՀՀ առաջին ատյանի դատարանները համարել են կոռումպացված պետական կառույց, 24.5 տոկոսը` չկոռումպացված պետական կառույց, 44.9 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցմանը որոշակի պատասխան տված ՀՀ քաղաքացիների 55.2 տոկոսը ՀՀ 1-ին ատյանի դատարանները համարել է կոռումպացված կառույց։

Հարցումը անցկացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում, Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում։ Նույն հարցման «Մեթոդաբանություն» բաժնից տեղեկանում ենք, որ հասարակական կարծիքի ուսումնասիրությունները եւ ընկալման համաթվերը ստացել են համաշխարհային ճանաչում` որպես կոռուպցիայի մակարդակը չափելու վստահելի քանակական միջոցներ։ Ասել է թե` հիշատակված թվերը արտահայտում են վերը նշված պետական ինստիտուտներում կոռուպցիայի տարածման մակարդակը։

Այսպիսով, Մնացական Մարտիրոսյանը, կոռումպացված պետական կառույցի ներկայացմամբ, կոռումպացված անձ-ինստիտուտի կողմից կոռումպացված դատական ատյանի պաշտոնատար սուբյեկտի կարգավիճակ ստացած անձ է եւ հաջողությամբ գործում է կոռումպացված ատյանի ներսում, ինչը ողջամիտ կասկածներ է հարուցում, որ նա իր համար հարազատ կոռուպցիոն բուրգի շահերը ավելի բարձր է դասում, քան Հայաստանի Հանրապետության օրենքն ու Սահմանադրությունը, քանի որ կոռուպցիայի հիմնական բնորոշումը անձնական, խմբակային եւ մաֆիոզ շահերի, օգուտի գերակայությունն է օրենքի, Սահմանադրության, արդարության նկատմամբ։

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները, մասնավորապես, որ ընկած են սույն վարույթի հիմքում, Հայաստանում գործող համակարգված կոռուպցիոն բուրգի արգասիք են եւ հետեւանքը այն բանի, որ պետական ինստիտուտների կոռումպացվածության պատճառով Քաղաքացիների օրինական շահերի եւ իրավունքների պատշաճ, իրավական պաշտպանությունը դառնում է անհնար։

ԵԽԽՎ` 2008 թվականի ապրիլի 17-ին ընդունած 1609 բանաձեւում նշվում է, որ 2008 թվականի մարտի 1-ի ճգնաժամի հիմնարար եւ խորքային պատճառը պետության առանցքային ինստիտուտների անկարողությունն է` իրենց գործառույթները կատարելիս լիովին պահպանելու ժողովրդավարական չափանիշները, իրավունքի գերակայությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները։ Մասնավորապես, մեջբերում եմ. «Դատարանները դեռ չունեն անկախության անհրաժեշտ մակարդակ, որպեսզի հանրությանը վստահություն ներշնչեն իրենց` որպես անկողմնակալ դատական մարմինների նկատմամբ, այդ թվում` նաեւ ընտրական գործընթացում»։

«Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության` «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում-2006» հարցման մասնակիցների մեծ մասը որպես ամենակոռումպացված նշել է ընտրական համակարգը եւ ասել, որ կոռուպցիայի ներկա իրավիճակի համար պատասխանատվություն են կրում երկրի նախագահը, կառավարությունը, ԱԺ-ն, իրավապահ մարմինները, դատարանները։ Տվյալ դատարանի կողմից վարույթ ընդունված 62204709 քրեական գործի օբյեկտիվ հանգամանքներն առաջացել են կոռումպացված ընտրական համակարգի, կոռումպացված նախագահի, կոռումպացված կառավարության, կոռումպացված ԱԺ-ի, կոռումպացված իրավապահ մարմինների, կոռումպացված դատարանների գործունեության հետեւանքով։ Մարտիմեկյան սպանդը իրականացվել է կոռումպացված նախագահի հրամանով, կոռումպացված կառավարության կողմից ձեւավորված օրինական եւ ապօրինի զինված խմբավորումների միջոցով, կոռումպացված ԱԺ-ն արտակարգ դրություն մտցնելու համաձայնությամբ քաղաքական հետապնդումների, հալածանքների ֆոն է ստեղծել, կոռումպացված իրավապահ մարմինները իմ ընկերներին եւ ինձ շինծու եւ ապօրինի մեղադրանքներ են առաջադրել, եւ հիմա կրկին եկել է կոռումպացված դատարանի գործելու հերթը, որի հիմնական գործառույթը 2008-ի մարտի 1-ի ողբերգության պատասխանատվությունը իրեն ծնած կոռումպացված նախագահի ուսերից վերցնելն է եւ ուրիշների վրա բարդելը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը սույն գործի վարույթի ընթացքում արդեն իսկ հասցրել է ապացուցել իր հավատարմությունը վերը նկարագրված կոռուպցիոն բուրգին եւ ողջամիտ կասկածներ է հարուցել իր անկողմնակալության նկատմամբ։ Այդ մասին իմ պաշտպանը արդեն նշեց, բայց ես նույնպես կուզենայի հպանցիկ անդրադառնալ մի քանի նրբությունների։ Մասնավորապես.

1. Սույն քրեական գործի դատական քննություն նշանակելու մասին 12.10.09-ին կայացրած որոշման մեջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է իմ նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` պատճառաբանելով, թե ազատության մեջ մնալու դեպքում` մեջբերում եմ. «վարույթ իրականացնող մարմնից Նիկոլ Փաշինյանի թաքնվելու հավանականությունը բարձր է»։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը չնկատելու է տվել այն հանգամանքը, որ 1.3 տարի ընդհատակում գտնվելուց հետո իմ անձնական որոշմամբ այցելել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, եւ միայն իմ այդ որոշման արդյունքում է հնարավոր դարձել տվյալ վարույթի դատական քննությունը։ Այսինքն` տրամաբանությունը եւ փաստերը հուշում են, որ եթե այս դատական վարույթը տեղի է ունենում, ապա տեղի է ունենում միայն իմ ցանկության շնորհիվ։ Եթե ես չցանկանայի, եւ դա ապացուցվեց 1.3 տարվա ընթացքում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, բոլոր հնարավոր եւ անհնար օպերատիվ մարմինները, այդ թվում եւ` նրանց օգնող օլիգարխների սափրագլուխները, ի վիճակի չէին հայտնաբերել ինձ եւ ձերբակալել, որովհետեւ չունեին դրա համար անհրաժեշտ ինտելեկտուալ պաշարները։ Մարդկային տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել, որ 1.3 տարի հաջողությամբ ընդհատակում գտնված, այսինքն` ՀՀ կոռումպացված իրավապահ մարմինների համար անհասանելի անձը ինքնակամ բանտ է տեղափոխվում` վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու չարամիտ դիտավորությամբ։ Ճշմարտությունն այն է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որպես կոռումպացված դատական համակարգի ներկայացուցիչ, իրավասու չէ լուծել իմ խափանման միջոցի հարցը եւ կայացրել է այնպիսի որոշում, որ իրեն հանձնարարվել է։

2. Նույն որոշման մեջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատակոչի ենթակա անձանց ցանկը թողել է անփոփոխ` չնկատելու տալով այն հանգամանքը, որ տվյալ գործում առանցքային նշանակություն ունեցող մի քանի վկաներ դատակոչված չեն։

3. Դատավոր Մնացական Մարտիրոսյանը իմ դեմ հարուցված մեղադրանքներ պարունակող այս գործը վարույթ է ընդունել ի հեճուկս այն բանի, որ մեղադրական եզրակացության մեջ ինձ մեղսագրվում են արարքներ, որոնց մասին ապացույցներ քրեական գործի նյութերում առկա չեն։

Այս ամենը ողջամիտ կասկածներ է հարուցում տվյալ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի անկողմնակալության հարցում, ինչպես նաեւ` ներքին համոզմունք, որ տվյալ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը ի վիճակի չէ իրականացնել արդարադատություն։ Վերը նշված գործողությունները վկայում են, որ իմ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը արդեն իսկ ունի ձեւավորված ներքին համոզմունք։ Այսինքն` պարտադրված ներքին համոզմունք։ Սրա մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դեմ 22.06.09-ին կայացրած դատավճռում դատավոր Մնացական Մարտիրոսյանը ավելի քան տասնյակ անգամ հիշատակել է իմ անունը` մեղադրական ենթատեքստով, ասել է թե` արդեն իսկ նաեւ իմ նկատմամբ է դատավճիռ կայացրել։

Այսպիսով` դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի կարող տվյալ գործով լինել անկողմնակալ, ապահովել դատավարության կողմերի հավասարությունը դատարանի եւ օրենքի առջեւ, ինչպես նաեւ դատարանի անկախությունը։

Ելնելով վերը նշվածից` ես միանում եմ իմ պաշտպանների միջնորդությանը եւ միջնորդում եմ դատավոր Մնացական Մարտիրոսյանին` ինքնաբացարկ հայտնել։ Ուզում եմ նաեւ հույս հայտնել, որ իմ այս ելույթը դատախազության ներկայացուցիչներին եւ դատավորին հոգեխանգարմունքի մեջ չի գցի։ Շնորհակալություն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
քաղբանտարկյալ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. nono
    Հոկտեմբեր 21st, 2009 at 09:14 | #1

    Նիկոլ ջան բացարկի իմաստը չեմ հասկանում, եթե Մնացականի փոխարեն ՊՈՂՈՍԸ լինի կամ Պետրոսը, ինչն՝ է փոխվելու, ով էլ լինի անկախ չեն կարող աշխատել, նույնն է լինելու: Եթե մեկն էլ փորցի լինել անկախ, տեղում կկալանավորեն եվ մեկ ուրիշը կնշանակվի, քանի որ հրահանգ են ստանում: Հայաստանում կա մի ոստիկան, մեկ քննիչ, մեկ ոստիկանապետ, մեկ դատախազ, մեկ բժիշկ, մեկ տնտեսագետ, ՄԵԿ ԴԱՏԱՎՈՐ եւ այսպես շարքը կարող ենք շարունակել, ԴԱ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է: Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում եւ ով էլ լինի դատավորը, կարելի է դիմել Սերժ Սարգսյան:

  2. Լուիզա Վարդ.
    Հոկտեմբեր 21st, 2009 at 09:22 | #2

    Այս իշխանությունը տեսնես մի օր կհասկանա , որ Նիկոլին ,Լևոն Տեր-Պետրոսյանին նախ պետք է մի քիչ գրագետ լինել…

    Եթե Մացոն մի գրամ ամոթ ունենար, այս ելույթից հետո այնպիսի հոգեխանգարմունքի մեջ պիտի ընկներ, որ որպես փրկություն միայն հանգստացնող PERSEN դեղահաբերի մասին երազեր…
    Գրագետ, փայլուն ելույթ էր, հարգելի Նիկոլ: Հիացած եմ…

  3. Լուիզա Վարդ.
    Հոկտեմբեր 21st, 2009 at 09:24 | #3

    //Մոռացել եի, որ չի կարելի չակերտներ օգտագործել, դրա համար նախորդ գրածս կիսատ է///

    Այս իշխանությունը տեսնես մի օր կհասկանա , որ Նիկոլին ,Լևոն Տեր-Պետրոսյանին հաղթելու համար նախ պետք է մի քիչ գրագետ լինել…

    Եթե Մացոն մի գրամ ամոթ ունենար, այս ելույթից հետո այնպիսի հոգեխանգարմունքի մեջ պիտի ընկներ, որ որպես փրկություն միայն հանգստացնող PERSEN դեղահաբերի մասին երազեր…
    Գրագետ, փայլուն ելույթ էր, հարգելի Նիկոլ: Հիացած եմ…

  4. Armen M.
    Հոկտեմբեր 21st, 2009 at 10:03 | #4

    “честь унизится ,низость возвысится,и лицо народа станет собачьим…”(нострадамус..нач.21 века)
    evropanerin dzerq chi ta,vor HH-um Nikoli nman liderner linen…irenc (evr) sermanac ham@dhanur anbaroyakanutyan fonin podzum en der araqinutyun xaghal.
    Nikol jan pind kac.

  5. mazd
    Հոկտեմբեր 21st, 2009 at 10:38 | #5

    //Մոռացել եի, որ չի կարելի չակերտներ օգտագործել, դրա համար նախորդ գրածս կիսատ է///

    Հարգելի Լուիզա Վարդ.

    Չակերտներ կարելի է օգտագործել, միայն թե դրանք պետք է լինեն նորմալ «հայկական» չակերտներ: :)

  6. Marianna
    Հոկտեմբեր 21st, 2009 at 12:35 | #6
  7. MM
    Հոկտեմբեր 21st, 2009 at 13:21 | #7

    Nikol jan, karcum em, shat dajan gtnvecir! Ed yeluytid jamanak , vor achqd gceir macoyi vra, mexqd kgar, edik nalbandyani orn er @nkel, mi tarberutyamb, vor macoyi mot hay-turqakan protokoli poxaren hayturqakan hogexangarmunq kar…Isk drsum Vardges Gasparin er hogexangarel vostikannerin! Nikol jan , menq axotum enq qez hamar, Astvac qez pahapan!

  8. Լուիզա Վարդ.
    Հոկտեմբեր 22nd, 2009 at 02:16 | #8

    MAZD in …haskaca …shnorhakal em …

  1. No trackbacks yet.