> ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սիրելի՛ ժողովուրդ.

ՆիկոլԵս հասկանում եմ, որ կլինեն ընթերցողներ, հանրահավաքի մասնակիցներ, ովքեր կկարծեն, թե հիմա, այսօրվա իրավիճակում երգի, գեղագիտության, արվեստի գործերի, նուրբ գաղափարական հիմնավորումների մասին խոսելը այնքան էլ պատեհ չէ, եւ պետք է խոսել բոլորովին ուրիշ տրամաբանության ու գործողությունների մասին: Այս տեսակետը չի կարելի անհիմն համարել, բայցեւայնպես կարծում եմ, որ պակաս կարեւոր չէ այսօրվա իրավիճակը, խնդիրները, դիլեմաները, արժեքները արձանագրել մնայուն ,կրիչներիե վրա, ինչպիսիք են երգը, գիրքը, նկարը եւ այսպես շարունակ:

Ինչ վերաբերում է քաղաքական խնդիրներին` դրանք շատ հստակ են, եւ այդ խնդիրներից մեկը քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Այդ խնդիրը շատ լավ ձեւակերպված էր «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության վերջին հայտարարության մեջ, որում ասվում էր, որ եթե բանտերի դռները չեն բացվում ներսից, ուրեմն դրանք կբացվեն դրսից: Սա իրավիճակի ճշգրիտ նկարագրություն է, ճշգրիտ բանաձեւ, եւ մեր մեծ թիմի յուրաքանչյուր անդամ պետք է հարցին մոտենա հենց այս տեսանկյունից:

Այս խնդրի լուծումը ապահովելու համար մենք պետք է շարունակենք գործել համախմբված` համախմբված ՀՀ հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ, համախմբված մեր քաղբանտարկյալ ընկերների շուրջ, համախմբված Հայ ազգային կոնգրեսի լիդերների, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի շուրջ: Հայ ազգային կոնգրեսը, մանավանդ, մի այնպիսի ձեւաչափ է, որ չի սահմանափակում նաեւ կուսակցական, խմբային նախաձեռնությունների հնարավորությունը: Բայցեւայնպես, մեր համախմբվածությունը, որպես հսկա քաղաքական թիմ մեր արձանագրվածությունն է այն հիմնական գործոնը, որը կանխորոշելու է ներքաղաքական, եւ ինչու չէ, արտաքին քաղաքական հետագա ընթացքը:

Ինչ վերաբերում է իմ այսօրվա ասելիքին` ուզում եմ մեր հանրահավաքի մասնակիցներին ներկայացնել քաղաքացու երգի հերթական նախագիծը: Ընդ որում, այդպես վարվում եմ, որովհետեւ խոստացել եմ այդ անել, երբ իմ ներկայացրած նախորդ նախագիծը` «1+» վերնագրով, երգ կդառնա: Դա տեղի է ունեցել, եւ երգի հեղինակը կրկին Մհեր Մանուկյանն է: Կարծում եմ, որ երգը ստացվել է, հույս ունեմ` կստացվի նաեւ այն երգը, որի նախագիծը պատրաստվում եմ ներկայացնել: Այն վերնագրված է «Հերոս հայրերը նրանց»: Երգը, ավելի ճիշտ` նրա առաջարկվող տեքստը, նվիրված է քաղբանտարկյալներին, նրանց ընտանիքների անդամներին: Ու չնայած բուն տեքստից շատ բան հասկանալի կլինի, նախապես մի քանի մեկնաբանություններ անեմ: Քաղբանտարկյալների հարցը ունի երկու կողմ` հանրային եւ անձնական: Հանրային հարցը հետեւյալն է. երկրում քաղբանտարկյալների առկայությունը խարան է երկրի ճակատին, ամոթ` երկրի յուրաքանչյուր բնակչի համար: Եւ կարծում եմ, որ եթե երկրում քաղբանտարկյալ կա, դրա համար անձնական պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր ոք` անկախ իր քաղաքական հայացքներից, հանրային դիրքից:

Այդ պատասխանատվությունը վիրտուալ չէ, այդ պատասխանատվությունից որեւէ մեկը չի փախչելու. այլ խնդիր է, թե դա ինչպես կարտահայտվի եւ ինչ դրսեւորումներ կունենա: Հարցի անհատական կողմը քաղբանտարկյալի ընտանիքի անդամներն են, ովքեր իրենց մաշկի վրա ողջ սրությամբ են զգում խնդիրը: Եւ այդ սիմվոլը իմ գիտակցության մեջ պատկերվում է քաղբանտարկյալների այն դուստրերի տեսքով, ովքեր իրենց հայրերի պատկերներով սեւ գույնի շապիկներ էին կրում` «Իմ հայրը քաղբանտարկյալ է» գրությամբ:

Իմ ուշադրությունը գրավեց, որ քաղբանտարկյալների որդիները հիմնականում խուսափում են նման շապիկներ կրել, եւ սրանում շատ մեծ ու կարեւոր իմաստ կա: Նաեւ այս կոնտրաստն է դրվել այս նոր նախագծի հիմքում: Ահա ուրեմն, ներկայացնեմ բուն տեքստը.

Հերոս հայրերը նրանց

Սեւ շապիկներին դուստրերը սիրված
Հերոս հայրերի պատկերն են կրում.
Քաղբանտարկյալ են հայրերը նրանց,
Գերի` բռնության մութ զնդաններում:

Քնած քաղաքի լուռ փողոցներում
Նրանց մայրերի ձայնը մտերիմ
Որպես վաստակած ապտակ է հնչում.
“Քաղբանտարկյալ է ամուսինը իմ…”

Ժամանակն այսպես հոսում է անհագ,
Օրերն ` ամիսներ դառնում չարանենգ.
Հերոս հայրերը զնդաններում փակ
Լուռ կարոտում են զավակներին հեգ:

(կրկներգ)
Սեւ շապիկներին դուստրերը սիրված
Հերոս հայրերի պատկերն են կրում.
Քաղաքացի են հայրերը նրանց,
Լույսի կղզիներ` մութ զնդաններում:

Հերոս հայրերի որդիները բայց
Մաքուր ցասումի զենքեր են կռում.
Պայթյուն է եռում սրտերում նրանց,
Մութի վախճան կա նրանց աչքերում…

Չեն ճկվի երբեք հայրերը նրանց`
Արդարության սյուն, գալիքի զինվոր.
Նրանց կոշտացած ուսերի վրա
Շենանալու է հայրենիքը նոր:

(կրկներգ)
Սեւ շապիկներին դուստրերը սիրված
Քնքուշ հայրերի պատկերն են կրում.
Ազատություն կա աչքերում նրանց,
Հպարտություն կա նրանց սրտերում…

Ահա այսպես: Հույս ունեմ` այս տեքստը կհետաքրքրի պոտենցիալ հեղինակներին: Իսկ մինչ այդ` մի ստեղծագործական առաջարկ էլ անեմ. կարծում եմ` պատեհ կլինի, որ երգը համեմված լինի քաղբանտարկյալների անուններով: Այսինքն` երգի ընթացքում ինչ-որ կերպ հնչեն բոլոր քաղբանտարկյալների անունները, եւ արձանագրվի, որ երգը նվիրվում է այդ մարդկանց եւ նրանց ընտանիքների անդամներին: Երգը նվիրվում է քաղբանտարկյալների կանանց, ովքեր անհոգնել ամեն ուրբաթ հավաքվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ եւ հետեւողականորեն պայքարում իրենց ամուսինների ազատության համար: Երգը նվիրվում է քաղբանտարկյալների դուստրերին, ովքեր շունչ ու ոգի են տալիս իրենց հայրերին, երգը նվիրվում է քաղբանտարկյալների որդիներին, ովքեր իրենց ուսերին են առել ընտանիքի հոգսերը եւ ուժ են տալիս իրենց հայրերին:

Ի դեպ, անընդհատ շեշտելով հայրերի պահը` չեմ մոռացել Անուշ Ղավալյանի մասին: Բայց տեքստը գրելու պահին, փառք Աստծո, նա արդեն ազատության մեջ էր, եւ հետո` խիստ տպավորվել է նրա զավակների արած այն հայտարարությունը, թե Անուշը իրենց համար նաեւ հայր է: Այնպես որ, տվյալ դեպքում ոչ մի սխալ չկա:

Սիրելի՛ ժողովուրդ.

Մենք այս ճանապարհը անցնելու ենք մինչեւ վերջ, մինչեւ վերջ խմելու ենք մեր բաժակները, հանուն նրա, որ մեր հայրենիքի պատմության այս խայտառակ էջը շրջենք անդառնալիորեն:

Եվ ուրեմն`

Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
1+

28.11.2008

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.