> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Դեռ օրեր առաջ որոշել էի անդրադառնալ Շարժումը մարելու մասին խոսակցություններին։ Ու չնայած սեպտեմբերի 26-ի հանրահավաքից հետո թեման այլեւս կարող է պատեհությունից զուրկ համարվել, այսուհանդերձ, որոշումս չեմ փոխում, որովհետեւ սրա հետ կապված կոնկրետ եւ հանգամանքների հետ չկապված ասելիք կա։ Շարժման մարելու հետ կապված երկու կարգի խոսակցություններ կային. առաջինը ազդարարող, ավետող, երկրորդը մտահոգված, ահազանգող ձայներն են։ Առաջին խումբը իշխանական ուժերն ու նրանց սպասարկուներն են, երկրորդ խումբը` Շարժմանը նվիրված Քաղաքացիները, որոնք հասկանում են, որ Շարժումը հիմա իր ուսերի վրա շատ ավելի մեծ ու շատ ավելի ծանր հոգս է կրում, քան կարող է կրել որեւէ քաղաքական գործընթաց։ Անդրադառնանք, սակայն, նախ իշխանական խոսակցություններին, որոնց մեջ ամենաբնորոշը ախքիկի հայտարարությունն է։ Նա շտապում է իր նմաններին ավետել, թե ահա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Համաժողովրդական շարժումը մարում է։ Ախքիկը, մեր մեջ ասած, ճիշտ է անում` մարման մասին խոսակցություն սկսելով, որովհետեւ դա շատ դիպուկ բնորոշում է հենց իր կարգավիճակը։ Նա ինքը վաղուց արդեն մարած է ու ոչ միայն որպես քաղաքական գործիչ։ Մարած է բարոյապես, քաղաքականապես, մարդկային եւ հանրային իմաստով։ Եւ սա այն դեպքերից է, երբ կարելի է ասել` մարդ կա` մարդ ա, մարդ կա` պաշտոնը վերցնում ես, տակը մարդ չկա։ Եւ հիմա անգամ ատոմային ռեակտորի օգնությամբ հնարավոր չի լինի վերականգնել հաճախորդի սրա ապրանքային տեսքը։ Նույնը վերաբերում է նաեւ նրա ղեկավարած քաղաքական կուսակցությանը, որի գոյատեւման միակ երաշխավորը ավազակապետությունն է։ Այսպես եղել է միշտ, բայց քանի որ հիմա սրա մեջ ոչ մի գաղտնիք չկա, ախքը ավազակապետության համար կռիվ տալիս առանձնակի սեթեւեթանքների մեջ չի ընկնում, մանավանդ որ հասկանում է, որ ավազակապետության անկումը իր անկումն է։ Իսկ ընդհանրապես, ճիշտ են բոլոր նրանք, ովքեր Հայաստանի մթնոլորտում մարման շունչ են զգում, որովհետեւ, իրոք, մի շատ խոշոր ու մեծ բան դանդաղ, բայց հաստատակամ կերպով մարում է, եւ դա քոչարյանասերժական ավազակապետությունն է։ Դա Սերժ Սարգսյանի իշխանությունն է, եւ Շարժման մարման մասին խոսելով` իշխանական ուժերն ընդամենը ուզում են հանրության ուշադրությունը շեղել հենց ավազակապետության մարման գործընթացից։ Ինչ վերաբերում է մեր շարքերից հնչող մտահոգություններին, նման ահազանգերը մշտապես պետք է մեզ ուղեկցեն, որովհետեւ մենք իրավունք չունենք ոչ մի վայրկյան կորցնել մեր զգոնությունը, իրավունք չունենք թուլացնել վերահսկողությունը գործընթացների նկատմամբ։ Եւ ես միանշանակ կիսում եմ բոլոր այն անձանց տեսակետը, ովքեր ասում են, թե մենք ինքներս մեզ պետք է ավելի քննադատաբար վերաբերվենք, խթանենք բանավեճի մթնոլորտը Հայ ազգային կոնգրեսում եւ մշտապես պետք է գտնվենք ուղեղային գրոհի վիճակում։ Իսկ կարելի՞ է խոսել Շարժման մարելու վտանգի մասին ընդհանրապես` որպես տեսական հնարավորություն. այս հարցը ես ինձ համար վաղուց եմ պարզել եւ գիտեմ, որ դա անհնար է, ուղղակի անհնար։ Որովհետեւ մեր պայքարը ոչ թե շատերի, ոչ թե բազմության, այլ մեկ մարդու, ընդամենը մեկ մարդու պայքար է, եւ այդ մեկ մարդը դու ես (ես եմ)։ Սա միայն գեղեցիկ ձեւակերպված նախադասություն չէ, այլ ռեալ քաղաքական իրողություն եւ մեր Շարժման ամենամեծ առավելությունը։ Ըստ այդմ, Շարժման յուրաքանչյուր մասնակից իր վրա կրում է նույնքան պատասխանատվություն, որքան լիդերները, որքան քաղաքական կուսակցություններն ու խմբերը։ Եւ երբ որեւէ մեկը իրեն հարց է տալիս, թե հնարավո՞ր է արդյոք, որ Շարժումը մարի, այդ հարցի պատասխանը պետք է փնտրի ոչ թե Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների ելույթներում ու հայտարարություններում, այլ ինքն իր մեջ։ Երբ որ ես ուզում եմ իմանալ, թե արդյո՞ք հնարավոր է շարժումը մարի, ես հարցնում եմ ինքս ինձ` հնարավո՞ր է, որ ես դավաճանեմ այս պայքարին։ Ու ինձ մոտ այլեւս հարցեր չեն ծագում։ Խորհուրդ եմ տալիս նաեւ Շարժման հարյուր հազարավոր ակտիվիստներին հարցին մոտենալ հենց այդպես։ Եւ նրանք կհասկանան, թե որքան ծիծաղելի է Շարժման մարելու մասին որեւէ խոսակցություն։ Մյուս կողմից, սակայն, էլի եմ ասում` Հայ ազգային կոնգրեսը պետք է դառնա կատարյալ ազատ մի քաղաքական միջավայր, որտեղ կա բանավեճ, կա մտքերի ազատ փոխանակում, եւ կա մշտական մտահոգություն եւ ամեն ինչ ավելի լավ անելու մղում։ Ինչ վերաբերում է Շարժման ղեկավարությանը, ուզում եմ եւս մի բան հիշեցնել. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ հարթակից հայտարարել է, բարձր է հայտարարել, որ եթե անգամ մենակ մնա, պայքարելու է մինչեւ վերջ, մինչեւ վերջ։ Սա ասում եմ` ուղղակի թեման ամբողջացնելու համար. ու որքան համոզված եմ, որ այս Շարժումը հասնելու է բոլորիս պատկերացրած հաղթական ավարտին, նույնքան համոզված եմ, որ Առաջին նախագահը մենակ պայքարելու կարիք երբեք չի ունենա։ Մեր Պայքարը անկասելի է, մեր Հաղթանակը անխուսափելի է, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, մենք հաղթելու ենք։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.