> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԻ ՔԱՆԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐ

ՄԻ ՔԱՆԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐ

Անկախ նրանից, թե ինչպիսին է այս պահի ներքաղաքական իրավիճակը, հիմա Հայաստանում գործում է լրիվ ուրիշ, բացարձակապես նոր քաղաքական համակարգ։

Վերջին տասը տարվա մեջ առաջին անգամ երկրում չկա կեղծ ընդդիմություն, մի գործոն, որը քոչարյանական իշխանության համար ներքաղաքական կառավարման կարեւորագույն լծակ էր։ Վարչախումբը իշխանությունը պահելու համար ստիպված էր զոհաբերել-բացահայտել իր այդ գաղտնի զենքը, ու հիմա Սերժ Սարգսյանը ուղղակի ստիպված է իր վրա վերցնել գործառույթներ, որ մի ժամանակ կատարում էին Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը` մյուսները։ Նա ինքն է «կառուցողական» քննադատության ենթարկում իշխանական որոշ շրջանակների, նրանց մեղադրում անբարոյականության, կաշառակերության, անարդարությունների մեջ։ Այսինքն` Սերժ Սարգսյանը փորձում է հանդես գալ ոչ միայն «կառուցողական» իշխանության, այլեւ «պետականամետ» ընդդիմության դերում։ Այս գործելակերպը, իհարկե, ցայտնոտային է։ Կարելի է սեփական թիմակիցներին սարսափազդու քննադատության ենթարկել, Ջերմուկը հայտարարել տարածաշրջանի զբոսաշրջության կենտրոն, Գյումրին` մշակույթի կենտրոն, Դիլիջանը` ֆինանսական կենտրոն, Սյունիքը` արդյունաբերական կենտրոն։ Բայց ի վերջո ոլորտների ու Հայաստանի քաղաքների թիվը սահմանափակ է, պոտենցիալ մեդալակիրների թիվը` նույնպես, որովհետեւ վերջին տասը տարիներին բոլոր հնարավոր մարդիկ ստացել են բոլոր հնարավոր մեդալները։ Հարցն այն է, թե ինչ է լինելու հետո։ Իսկ հետո ոչ մի բան էլ չի լինելու, որովհետեւ չի կարող լինել։ Ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե «նախագահ Սերժ Սարգսյանըե կարող է համակարգային փոփոխություններ իրականացնել, մի քիչ լավ չեն պատկերացնում, թե ինչ ասել է նախագահ։ Նախագահը անձ չէ, որ Բաղրամյան 26-ում հայտնվելու ճարպկություն է ունենում։ Նախագահը ինստիտուտ է, որի կազմավորման կարգը նշված է ՀՀ Սահմանադրության մեջ։ Իսկ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում ամենեւին էլ սահմանադրական մեխանիզմով չի հայտնվել, ինչը նշանակում է, որ նրա ներկայությունը ՀՀ նախագահի աշխատասենյակում ընդամենը խորհրդանշում է պետական մեքենայի խափանված լինելը, սահմանադրական կարգի չգործելը։ Եւ եթե որեւէ մեկը կարծում է, թե խափանված պետական մեքենայով կարելի է առաջ գնալ, նույնն է, թե մտածի, որ կարելի է թռչել թեւեր չունեցող ինքնաթիռով։ Հիմա իհարկե, Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը նստել են այդ թեւեր չունեցող ինքնաթիռի ղեկին ու ազդարարում են. «Հեսա թռնելու ենք, հեսա թռնելու ենք, հեսա տեսեք ո~նց ենք թռնելուե։ Անգամ ուղեւորների են տեղավորում իրենց ինքնաթիռի մեջ, որոնք միանում են պիլոտների հավաստիացումներին. «Հեսա թռնելու ենք»։ Իրականում ոչ մի թռիչք չի կարող լինել, ոչ թե որ մենք չենք ուզում. պարզապես ինքնաթիռը թեւեր չունի։ Պարզապես պիլոտները այնքան են շտապել զբաղեցնել օդանավի ղեկավարների տեղերը, որ հաշվի չեն առել, որ թռիչքի համար թեւեր են պետք։

Այս ֆոնին արժե կրկին անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի տասնամյա պաշտոնավարման արդյունքներին։ Այդ պաշտոնավարման ընթացքում անընդհատ թմբկահարվում էր տնտեսական աճ, առաջընթաց, զարգացում։ Եւ այս ազդարարումները մշտապես զուգորդվում էին բանավեճերով, թե ինչքանով կարելի է խոսել առաջընթացի մասին։ Մարտի 1-ը տվեց բոլոր հարցերի պատասխանը. տասը տարի զարգացում ապրած երկրում չէր կարող մարտի 1 լինել, որովհետեւ զարգացումը շատ ավելի լուրջ հասկացություն է, քան էլիտար բնակարանաշինարարությունը կամ էլիտար ավտոմեքենաների առատությունը։

Իհարկե, այն խոսակցությունները, թե մի խումբ «էքստրեմիստներ» մարտի 1-ից առաջ վիճակը սրեցին եւ այլն, լուրջ համարել չի կարելի։ Որովհետեւ «մի խումբ էքստրեմիստները», որքան էլ մարդկանց հոգեխանգարմունքի մեջ գցելու ունակություն ունենան, չեն կարող բողոքի այնպիսի ալիք բարձրացնել, որը ինչ-որ կերպ սանձելու համար անհրաժեշտ լինի մարդկանց վրա կրակել։ Եւ այդ բողոքի ալիքն ընդամենը պատասխանն ու գնահատականն էր Ռոբերտ Քոչարյանի 10-ամյա պաշտոնավարության, պատասխանն էր այն բանի, որ Հայաստանը զզվել է այդ «զարգացումից» ու «առաջընթացից»։

Շատերը հարցնում են` մի՞թե Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում դրական փոփոխություններ չեն եղել։ Հայաստանում դրական փոփոխություններ են եղել նաեւ արաբական նվաճման շրջանում։ Բայց եթե ուզում ենք հարցին օբյեկտիվ մոտենալ, չպետք է ասենք` տեսեք, այս փողոցն ասֆալտապատվել է, ուրեմն ամեն ինչ լավ է, կամ կոռուպցիան աճել է, ուրեմն ամեն ինչ վատ է։ Պետք է մի նժարին դնենք դրական փոփոխությունները, մյուս նժարին` բացասական փոփոխությունները, եւ տեսնենք, թե ինչ ունենք արդյունքում։ Իսկ արդյունքում ունենք մարտի 1, եւ սա է Քոչարյանի պաշտոնավարման իրական արդյունքն ու գնահատականը։ Իսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս փուլի գնահատականը Հյուսիսային պողոտայում մարդկանց վանկարկելն արգելող կարմիր բերետավորներն են։ Այնպես որ, Սերժ Սարգսյանի վարչակազմը չի կարող հաջողություն ունենալ, եւ սա հասկանալու համար` ընդամենը պետք է արձանագրել, որ պետությունը համակարգ է, ու եթե այդ համակարգում որեւէ դետալ չի աշխատում, փչացած է կամ բացակայում է, դա բերում է շղթայական հետեւանքների, որից խուսափել չի կարելի։

Թերեւս հենց այս գիտակցումն ու հաշվարկն է պայմանավորում իշխանություն-ընդդիմություն ներկայիս հարաբերությունները եւ նրանց քայլերի տրամաբանությունը։ Հիմա արդեն ընդդիմություն ասելիս հանրությունը նկատի է առնում կոնկրետ հասցե` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Հայ ազգային կոնգրեսը։ Իհարկե, կան նաեւ «Ժառանգությունը» եւ «Նոր ժամանակները», որոնք չնայած Կոնգրեսի մեջ չեն, բայց ցուցադրում են իրենց ուղղակի կապը քաղաքական այս կառույցի հետ։ Այնպես որ, ընդդիմության շրջանակը հստակ հայտնի է, եւ այդ ընդդիմությունը, որի առանցքը Հայ ազգային կոնգրեսն է, շատ կոնկրետ հասկացություն է հիմա Հայաստանում, մի իրավիճակ, որ նախկինում երբեք չի եղել։ Իսկ ընդդիմության հասցեի ակնհայտությունը ստեղծում է մի վիճակ, երբ հանրությունը հստակ գիտի, թե ում միջոցով պետք է հակակշռի իշխանություններին եւ անհրաժեշտության դեպքում ումով պետք է փոխարինի նրան։ Եւ հենց այս իրողությունն է, որ Սերժ Սարգսյանին ստիպում է պատեպատ զարկվել։ Բայց ինքն էլ գիտի, որ պատեպատ զարկվելու այդ գործընթացը չի կարող երկար տեւել, մանավանդ որ կոնկրետ արդյունքներ չեն լինելու երբեք։

Եւ այս ֆոնին իրական ընդդիմության գոյությունը Սերժ Սարգսյանի իշխանության համար թիվ մեկ անհանգստությունն է, եւ գործող վարչախումբը փորձում է անհավասար ճակատամարտի մեջ քաշել այդ ընդդիմությանը` ուժային եղանակով նրան ջախջախելու համար։ Հայ ազգային կոնգրեսի` վերջին շրջանի զգուշավորությունը հենց սրանով է պայմանավորված։ Կոնգրեսի ղեկավարությունը հաշվարկում է, որ իշխանական համակարգի խափանումը անխուսափելի է` վերը նշված պատճառներով, եւ վճռական ճակատամարտի համար պետք է ավելի հարմար պահ ընտրել։ Այս հաշվարկը չի կարելի անհիմն համարել, բայց այն բավական ռիսկային է։

Ընդդիմության զգուշավորությունը կարող է վարկաբեկիչ լինել նրա համար, եւ այդ զգուշավորությունը կարող է ընկալվել որպես հարմարվողականություն։ Այսպիսի իրավիճակի երկարաձգման դեպքում իշխանությունը նոր կեղծ ընդդիմություն ձեւավորելու շանս կունենա։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ եթե մարտի 1-ին ժողովուրդը իշխանական դուբինկաների տակ ճողոպրեր, խոսք անգամ չէր կարող լինել Համաժողովրդական շարժման շարունակության, իրական ընդդիմության այսօրինակ ձեւավորման մասին։ Իշխանությունը վերջին տասը տարիներին ընդամենը մեկ խնդիր է լուծել. ամեն ինչ անել` հանրային ընդվզման ոգին ջարդելու, կոտրելու, արմատախիլ անելու համար։ Հիմա էլ այս գործելակերպը շարունակվում է, եւ դրան պետք է ինչ-որ բան հակադրել, հակառակ դեպքում ընդդիմության լինել-չլինելը կզրկվի իմաստից։ Խոսքը, իհարկե, սադրանքին սադրանքով պատասխանելու մասին չէ։ Պետք է կարողանալ սադրանքին պատասխանել հաստատակամությամբ, որի արտահայտման տասնյակ հանգիստ ու խաղաղ ձեւեր կան։ Ի վերջո, ճիշտ է, որ գործող վարչախումբը թռչել չի կարող. բայց կարող է քարշ գալ եւ իր ետեւից քարշ տալ Հայաստանն ու նրա ժողովրդին։ Եւ իրական ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի` այս սողացող գործընթացը կանգնեցնելու համար։

Հ.Գ. «Ժառանգության» եւ «Նոր ժամանակների»` Հայ ազգային կոնգրեսից տարանջատվելու գործելակերպը ինձ համար հասկանալի է, եւ «հասկանալի» բառի տակ ոչ մի վատ իմաստ չեմ դնում։ Այդ քաղաքական ուժերը հաշվարկում են իրենց լիդերների համար ապագայում ավելի շահեկան դիրք ստանալ։ Սա, իհարկե, լրիվ նորմալ մտածելակերպ է, ողջունելի ձգտում։ Սակայն Հայաստանում ստեղծված քաղաքական իրողությունների ֆոնին նման է սովորական ինքնախաբեության։ Այսօր Հայաստանում որեւէ քաղաքական գործիչ չի կարող իր գործունեության բնականոն զարգացման հույս ունենալ, քանի դեռ երկրում իշխում է 1998-ին իշխանության եկած կլանը։ Ի վերջո, բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե իրենց լիդերը կարող է երբեւէ ավելի բարձր վարկանիշ ունենալ, քան ուներ Կարեն Դեմիրճյանը 1998-ին, քան ուներ Ստեփան Դեմիրճյանը 2003-ին, չարաչար սխալվում են։ Եւ եթե Դեմիրճյանների չափ ձայն ստացած թեկնածուները չհռչակվեցին Հայաստանի նախագահ, որեւէ մեկը առանց ավանսով իշխանափոխության ընտրական ապագա ունենալու մասին մտածելիս մոլորվում է։ Նման` թեկուզ տեսական հնարավորություն կարող է պահպանվել միայն մի պարագայում, եթե տեղի ունենա ընդդիմադիր ռեսուրսի անմնացորդ մոբիլիզացիա, մի բան, որի հնարավորությունը այսօր ստեղծված է Հայ ազգային կոնգրեսի տեսքով։ Եւ ի դեպ, Կոնգրեսը ունի մի շշմեցուցիչ առավելություն. նրա նպատակը ոչ թե որեւէ մեկի ինքնուրույն քաղաքական գործունեությունը սահմանափակելն է, այլ ընդհակառակը` Հայաստանում ինքնուրույն, արժանապատիվ, քաղաքակիրթ քաղաքական գործունեության դաշտ ստեղծելը (առանց այս վարչախմբի տապալման նման դաշտ չի լինելու երբեւէ)։ Եւ այս ակնհայտ նպատակին զգուշավորությամբ վերաբերվելը, մեղմ ասած, հասկանալի չէ։ Ի վերջո, Կոնգրեսի գործունեության արդյունքը պետք է լինի այն, որ երկրի նախագահ դառնա ոչ թե ամենազոռբան եւ ամենահանցավորը, այլ ամենաբարձր վարկանիշ ունեցողն ու ամենաշատ ձայներ ստացածը։ Եւ եթե որեւէ մեկը նախագահի կարգավիճակում սեփական երկրին ու ժողովրդին ծառայելու նպատակ ունի, եւ այդ նպատակը լուրջ է, նրա տեղը Հայ ազգային կոնգրեսն է։ Հակառակ գործելակերպը կարող է բերել ընդդիմադիր հանգիստ կյանք, բայց սրանից ավել` ոչինչ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.