«Մտեք նեղ դռնով. ինչքա~ն լայն է դուռը եւ ընդարձակ` ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, եւ բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով»։

Ավետարանը ըստ Մատթեոսի, գլուխ Է

Չեմ կասկածում ու երբեք չեմ կասկածել մեր հաղթանակին։ Եւ մարդկային էությունս, ինչպես, համոզված եմ, շատ-շատերի դեպքում, ձգտել է հեշտ հաղթանակի։ Բայց այս մղումը միայնակ չի եղել, եւ մեր գիտակցության մեջ նաեւ ընդդիմացում է ձեւավորվել հեշտ հաղթանակների նկատմամբ, որովհետեւ երբ այն հեշտությամբ է տրվում, պետք է մտածել, որ ինչ-որ բան այնպես չէ, ինչ-որ բան սխալ է։ Եւ եթե մեր գիտակցության մակերեսին եղել է հեշտ հաղթանակի ցանկություն, գիտակցության խորքերում անդիմադրելի ձգտում է եղել դեպի դժվար, ծանր պայքար ու հաղթանակ։ Ոչ այն պատճառով, որ սադիստ ենք կամ մազոխիստ. հեշտ եւ արագ հաղթանակները լկտիացնում են մարդուն, մարդկանց, քաղաքական գործիչներին, ծանր ու դժվար հաղթանակները` դաստիարակում, հղկում, մաքրում։ Իհարկե, շատերը չեն կարողանում հաղթահարել այս ծանրությունը եւ կորսվում են ճանապարհին, եւ ոչ ոք սրանից երաշխավորված չէ։ Բայց եթե այդպես է, ուրեմն դա է փրկությունը, դա է փրկությունը երկրի եւ ժողովրդի։ Այո, մեզ անհրաժեշտ են որակական, էական, խորքային փոփոխություններ, բայց այդպիսի փոփոխությունները չեն կարող հեշտությամբ տրվել։ Եւ սրա վառ ապացույցը այսօր Հայաստանում գործող իշխանությունն է. սրանց թվում է, թե երբ որ «տելեվիզրով» ճամարտակեցիր արդարության, արդարադատության, տնտեսական զարգացման մասին, ուրեմն հասար, նվաճեցիր, ստեղծեցիր։ Տասը տարի մենք լսում ենք նույն պաշտոնական տեքստերը եւ ապրում ենք նույն իրականության մեջ` անհույս եւ անհեռանկար երկրի իրականության մեջ։ Եւ այս իրականության փոփոխությունը խորքային, լուրջ, ծանր պայքար է ենթադրում։ Թող ինձ ներեն Գագիկ Ջհանգիրյանի հարազատները, մտերիմները, բարեկամները, բայց այսօր ուզում եմ բարձր հայտարարել, որ ես ուրախ եմ Գագիկ Ջհանգիրյանի համար, հպարտ եմ նրանով։ Եւ հիմա կասեմ մի բան, որ թերեւս մեր քաղաքական իրականության համար արտասովոր եւ էքսցենտրիկ համարվի, բայց կատարյալ անկեղծությունը այն դժվար արդյունքներից մեկն է, որին մենք պետք է հասնենք։ Ահա, ուրեմն` փետրվարի 19-ին, 22-ին, 29-ին երբեմն մտքերի մեջ ընկնելիս ես չէի կարողանում պատկերացնել, թե ով պետք է լինի Հայաստանի գլխավոր դատախազը, որպեսզի աղվանհովսեփյանական հրեշավոր համակարգի գոյությունը բացառվի։ Չէի պատկերացնում անգամ այն ժամանակ, երբ Գագիկ Ջհանգիրյանը արդեն մեր կողքին էր, նույն հարթակում։ Հիմա պատկերացնում եմ, որովհետեւ Գագիկ Ջհանգիրյանը ոչ թե գլխավոր դատախազի տեղակալ է, այլ հալածյալ, ակնհայտ անարդարության, բիրտ բեսպրեդելի զոհ։ Հիմա պատկերացնում եմ` ոչ թե այն պատճառով, որ Գագիկ Ջհանգիրյանը հրեշտակ է (մեր հարթակում հրեշտակներ չեն եղել), այլ որովհետեւ նա հիմա արդարադատության մասին գիտի ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ, եւ որ կարեւոր է, նա չի զլանում անցնել այդ դաժան ճանապարհը, անցնել արժանապատիվ կեցվածքով։ Հայաստանի գլխավոր դատախազը պետք է լինի այնպիսի մեկը, որին ծեծի են ենթարկել ոստիկանությունում, որին ապօրինի մեղադրանք են առաջադրել, որի նկատմամբ կիրառել են հնարավոր բոլոր ապօրինությունները, եւ որը բարձր պրոֆեսիոնալ է, որը կյանքը տեսել է ոչ միայն իր դատախազական շքեղ ավտոմեքենայի պատուհանից, այլեւս կալանավայրի «ռեշից», ամբաստանյալի նեղ աթոռից, անպաշտպանի ծանր հոգեվիճակից։ Այ սա է իսկական հեղափոխությունը, սա է իսկական հաղթանակը։ Մեր շարժումը այսպիսի հատկանիշներ ունեցող բազմաթիվ օրինակներ ունի, բայց չեմ ուզում հիմա շարունակել այդ օրինակների թվարկումը. այս նյութի խնդիրը թվարկելը չէ։ Այս նյութի խնդիրը ցույց տալն է դժվար եւ հեշտ հաղթանակների տարբերությունը։ Մեզ պետք է դժվար հաղթանակ` ոչ միայն այն պատճառով, որ դա բխում է Հայաստանի շահերից։ Իմ ասածի մեջ շատ ավելի նեղ, շատ ավելի անհատական, շատ ավելի էգոիստական շարժառիթներ կան։ Ես չեմ ուզում, որ մեր հաղթանակից վեց ամիս անց, մեկ տարի անց, երեք տարի անց Հայաստանի քաղաքացիների զգալի մասը անիծի այդ հաղթանակը։ Ես ուզում եմ, որ այդ հաղթանակը, դրա արդյունքները բարձր գնահատվեն առաջին հերթին մեր քաղաքական հակառակորդների կողմից, առաջին հերթին մեզ ատողների եւ մեզնից զզվողների կողմից։ Սա է իմ երազած հաղթանակը, եւ հեշտ հաղթանակը չի կարող լինել այսպիսին։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.