> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՆՉՊԵՍ ԵՆ ԾԱԽՎՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՆԵՐԸ

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԾԱԽՎՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՆԵՐԸ

1998 թվականի իշխանափոխության լեյտմոտիվը, ինչպես հիշում եք, ԼՂ հարցն էր։

Տեր-Պետրոսյանը իբր ծախում էր Ղարաբաղը, Քոչարյանը եկավ փրկելու։ Առաջին փոփոխությունը, սակայն, որ Քոչարյանի իշխանավարության օրոք տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում, բանակցային ձեւաչափից Ղարաբաղի դուրս մղումն էր։ Իհարկե, մեծ դիվանագետ պետք չէր լինել` հասկանալու համար, որ սա սխալ, անհեռատես մոտեցում է։ Սա իրոք դժվար չէր հասկանալ, որովհետեւ պարզից էլ պարզ է, որ եթե բանակցում են երեք կողմեր (ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին չենք հաշվում), եւ երեք կողմերից երկուսը հայկական են, դա առավելություն է հայկական կողմի համար։ Բայց խնդիրը միայն թվային առավելությունը չէ։ Բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի ներկայությունը Հայաստանին հնարավորություն էր տալիս տեղ-տեղ չեզոքի դիրք ընդունել։ Ասենք, եթե խոսք էր լինում Ադրբեջանի գրավյալ տարածքների մասին, Հայաստանը ասում էր` դրա հասցեատերը ես չեմ, այլ Լեռնային Ղարաբաղը, այսինքն` այն սուբյեկտը, որ Ադրբեջանի դեմ ինքնապաշտպանական ռազմական գործողություններ է իրականացրել։ Հասկանալի է, թե սա ինչ առավելություններ էր տալիս հայկական կողմին։ Բայց կար նաեւ մեկ այլ խնդիր. լինելով բանակցային գործընթացի լիարժեք կողմ` Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ` հակամարտության կողմի կարգավիճակը, եւ այն ճանաչվում էր ոչ միայն ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, այլեւ Ադրբեջանի կողմից։ Քոչարյանը եկավ եւ այս ամենը քանդեց, ավերեց։ Ու նրա պաշտոնավարության վերջին շրջանում Ղարաբաղը անընդհատ ահազանգում էր բանակցություններին իր միանալու անհրաժեշտության մասին։ Թվում էր, թե Սերժ Սարգսյանի առաջին ջանքերը պետք է ուղղված լինեին բանակցային սեղանի շուրջ հայկական կողմի 2/1 առավելությունը վերականգնելուն։ Բայց` մեղա, մեղա, Սերժ Սարգսյանը այդ հարաբերակցությունը վերականգնեց հօգուտ թուրքական կողմի` բանակցային սեղանի մոտ հրավիրելով Թուրքիային։ Կներեք, բայց սա աներեւակայելի է, սա արդեն վեր է ամեն տեսակ անհեթեթությունից։ Ու քանի որ Ղարաբաղի դիրքորոշումը այս հարցում հանդուրժողականությունն է, այսինքն` ԼՂՀ նախագահը անհանգստության նշաններ ցույց չի տալիս, չեմ բացառում, որ Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին հավաստիացրել է, թե ինքը, Թուրքիայի միջնորդությունն ընդունելով, հասնելու է նրան, որ բանակցային սեղանի շուրջ վերադառնա նաեւ Ղարաբաղը։ Եթե այսպիսի բան կա, սա չի փոխում իրերի դրությունը, որովհետեւ, փաստորեն, 1998-ի վիճակը վերականգնելու փոխարեն ավելի վատթարացնում ենք 2008-ի վիճակը։ Ինքներդ դատեք` Թուրքիա-Ադրբեջան, Հայաստան-Ղարաբաղ. ո՞ր կողմն է ավելի ծանր։ Երկու միջազգայնորեն ճանաչված պետություն, որոնցից մեկը` տարածաշրջանային գերտերություն, իսկ հայկական կողմից մի ճանաչված պետություն եւ մի չճանաչված պետություն։ Մի խոսքով, տեղի ունեցողի իմաստը պարզ է ու հասկանալի, եւ այս ֆոնին բնական է, որ պետք է ակտիվանան Սերժ Սարգսյանի` Ղարաբաղը ծախելու մասին խոսակցությունները։ Ինչպե՞ս եմ ես վերաբերվում այսօրինակ խոսակցություններին։ Չեմ ասի, իհարկե, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղը ծախելու ցանկություն ունի։ Բայց խնդիրն այն է, որ չիմացության, անհեռատեսության, ցայտնոտի, «ներքին թշնամիներինե ծնկի բերելու մղումի հետեւանքով արվում են քայլեր, որոնք բերում, հանգեցնում են շատ կոնկրետ իրավիճակի։ Եւ երբ իրավիճակը կա, առկա է, այն հնարավոր չի լինում փոխել։ Պետք էր ուղղակի այն չստեղծելու հեռատեսություն ունենալ։ Իսկ որ Սերժ Սարգսյանը մի անհեթեթ իրավիճակ է ստեղծում, կասկածից վեր է։ Հիմա, օրինակ, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին. եթե մի քանի ամիս առաջ մեկն ասեր, որ նա ծախում է Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, բոլորը կծիծաղեին ասողի վրա։ Դե, թող հիմա ծիծաղեն։ Եւ էն նախնական էյֆորիան, թե Հարավային Օսեթիայի օրինակը ցույց տվեց, որ այս կարգի հարցերը ուժային եղանակով լուծել հնարավոր չի, եւ որ սա վերաբերում է Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին նույնպես, եւ ուրեմն Ադրբեջանը այլեւս չի մտածի ռազմական լուծման մասին, ծիծաղելի է։ Ինչ խոսք, վրաց-ռուսական պատերազմի շրջանում Ադրբեջանը շոկի մեջ էր։ Բայց այդ շոկը դեռ ոչինչ չի նշանակում։ Շոկը անցողիկ է։ Այն, որ Ռուսաստանը հայտարարում է, թե Հարավային Օսեթիան ու Աբխազիան նախադեպ չեն Ղարաբաղի համար, վկայում է, որ ոգեւորվելու շատ բան չկա։ Մյուս կողմից` Հարավային Օսեթիայի հարցը Ռուսաստանը լուծեց ուժային եղանակով։ Եւ երբ ասում են, որ ուժային լուծումը անընդունելի է, նկատի ունեն, որ այն ընդունելի տարբերակ է այն պետությունների համար, որոնք կարող են նման լուծման հասնել։ Իսկ Թուրքիայի ներգրավումը ԼՂ հարցում շատ վտանգավոր հեռանկարներ է բացում։ Չմոռանանք, որ Թուրքիան առանց սեթեւեթանքի զորք է մտցնում հարեւան Իրաքի տարածք եւ այնտեղ ռազմական գործողություններ իրականացնում, չնայած դրան դեմ են արտահայտվում թե՛ ԱՄՆ-ն եւ թե՛ եվրոպական երկրները։

Եւ ահա, հայ-թուրքական հանկարծահաս իդիլիայի ֆոնին շատ պատեհ է հիշել այն մթնոլորտը, որ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների միջեւ ընկած ժամանակահատվածում տիրում էր Եվրոպայում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ողջ Եվրոպան խոսում էր հավերժ խաղաղության մասին, բոլորը համոզված էին, որ Եվրոպայում այլեւս երբեք պատերազմներ չեն լինի։ Իսկ 20 տարի անց մի այնպիսի պատերազմ բռնկվեց, որի նմանը նախկինում երբեք չէր եղել։ Եւ պատճառը եղավ այն, որ եվրոպական տերությունները Առաջին համաշխարհային պատերազմում ջախջախված Գերմանիայի դիրքերի քայլ առ քայլ ուժեղացումը անվտանգ էին համարում։ Այո, 1920-ական թվականներին ԱՄՆ-ն եւ Եվրոպան համոզված էին, որ հասել են հավերժական խաղաղության, եւ այս մասին թմբկահարում էր համաշխարհային առաջադեմ մամուլը։ Իսկ պատերազմի մասին խոսողներին համարում էին խելագար։ Արդյունքում ստացվեց, որ Ֆրանսիայի կառավարությունը ծախեց, բառիս բուն իմաստով, ծախեց Ֆրանսիան։ Ուզո՞ւմ էին ծախել։ Իհարկե, չէին ուզում։ Բայց դե, 20 տարվա քաղաքականության արդյունքում մի վիճակ էին ստեղծել, որ կեսից ճղվեին էլ, չէին կարող չծախել։ Ու չուզելով ծախեցին` բավարարվելով Վիշիում խամաճիկային կառավարություն ունենալու ստորացուցիչ հեռանկարով։ Բայց այս խամաճիկային կառավարության մեջ ընդգրկված էին այնպիսի գեներալներ, պետական գործիչներ, «Մեսրոպ Մաշտոցիե շքանշանակիրներ, բարերար-օլիգարխներ, որ իրենց համարում էին Ֆրանսիայի փառքի ու արժանապատվության անմիջական կրողներ։ Բայց պարզվեց, որ իրենց անձնական բարեկեցությունը շատ ավելի բարձր են գնահատում, քան հազարամյա կայսրության պատիվը։ Էնպես որ, սիրելի բարեկամներ, երբ ասվում է, որ Սերժ Սարգսյանը ծախում է Ղարաբաղը, նկատի չի առնվում, որ մանկուց երազել է Ղարաբաղը ծախել Ալիեւին կամ հիմա է նման երազանքով ապրում։ Նկատի է առնվում, որ 1998 թվականից այսկողմ, նաեւ այս պահին ԼՂ հարցում արվող քայլերը տանում են դեպի նոր աղետներ, այնպիսի աղետներ, որոնք հիմա մեզ համար նույնքան անտեսանելի են, ինչքան անտեսանելի էին 20, 30-ական թվականների Ֆրանսիային, Եվրոպային, աշխարհին։

Հ.Գ. Պետք է նաեւ հաշվի առնել, որ Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմը իրավական առումով լրիվ ուրիշ հիմքեր է ունենալու, քան Վրաստանի ներխուժումը Հարավային Օսեթիա։ Ադրբեջանի հայտարարված թիրախը ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է լինելու, այլ ազատագրված տարածքները, որոնք միջազգայնորեն օկուպացված են համարվում Հայաստանի, ուշադրություն դարձրեք` Հայաստանի եւ ոչ թե Ղարաբաղի կողմից, եւ սա Ռ. Քոչարյանի պաշտոնավարության կարեւորագույն «ձեռքբերումներից» է։ Հաջորդը` Ռուսաստանը Վրաստանում ռազմական գործողությունների իրականացումը հիմնավորում էր նրանով, որ ինքը խաղաղապահ մանդատ ուներ վրաց-օսեթական հակամարտության գոտում, ինչպես նաեւ միջնորդական դերակատարում։ Եւ այսպիսով, Թուրքիայի մղումը` միջնորդի դերով խցկվել ԼՂ հակամարտության բանակցային գործընթաց, հեռահար նպատակ է հետապնդում. հակամարտության գոտում պատերազմի բռնկման դեպքում միջամտելու պատրվակ, հիմնավորում ունենալ։ Իհարկե, Հայաստանում շատերը այս փաստարկին ի պատասխան կասեն, որ Ռուսաստանը նման բան թույլ չի տա։ Բայց եկեք նաեւ չմոռանանք, որ ռուս-թուրքական պատերազմները տարածաշրջանում իրավիճակների փոփոխության կարեւոր լծակ են եղել վերջին 200 տարիների ընթացքում, եւ այդ փոփոխությունները միշտ չէ, որ Հայաստանի օգտին են եղել։ Եւ եթե մեր փաստարկն այն է, որ ռուսները այս թույլ չեն տա, ռուսները այն թույլ չեն տա, արժե լուծարել մեր ԱԳ նախարարությունը, մի վիճակ, որ փաստացի գոյություն ուներ Խորհրդային Միության տարիներին։ Չմոռանանք նաեւ հետեւել, թե Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելով` ինչ պրոցես է ՌԴ-ն սկսում Մերձդնեստրում, որին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մի հարթության վրա էր դրել Լեռնային Ղարաբաղի հետ։ Ռուսաստանը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Մերձդնեստրը տեսնում է Մոլդովայի կազմում։ Եւ ի դեպ, այս պրոցեսների ֆոնին հասկանալի է դառնում, թե ինչու երկար մտածելուց հետո Հայաստանը որոշեց չճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը. Ռուսաստանը պարզապես դա թույլ չտվեց, որովհետեւ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելուց առաջ Հայաստանը պետք է ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ ակնկալեր, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչեին Աբխազիան եւ Հարավային Օսեթիան։ Այս դեպքում կստացվեր, որ Ռուսաստանը միջնորդավորված ճանաչում է Ղարաբաղի անկախությունը։ Իսկ այս ամենը Ռուսաստանին պետք չէր, եւ Մերձդնեստրում տեսնում ենք, թե ինչու։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.