> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հայ ազգային կոնգրեսը երկարատեւ քաղաքական գործոն դարձնելու նպատակը, որ ազդարարվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է եւ այսպիսին շարունակելու է մնալ անկախ ընթացիկ քաղաքական իրավիճակից։ Կոնգրեսի կայացումը ըստ էության անշրջելի է դարձնելու այն գործընթացները, որ սկսվել են 2008 թվականի նախագահական ընտրություններով, այսինքն` դառնալու է Համաժողովրդական շարժման հաղթանակի երաշխիք։ Ի՞նչ է, ուրեմն, հարկավոր Կոնգրեսի կայացման եւ զարգացման համար։ Այս թեմային անդրադարձը չի նշանակում, անշուշտ, թե անհրաժեշտ քայլերը չեն արվում։ Ոչ ամենեւին, պարզապես ուզում եմ որոշ մտքեր ու տեսակետներ հայտնել մի քանի հարցերի առնչությամբ։ Ընդ որում, այս հարցերը արծարծում եմ Հայաստանի քաղաքական դաշտի եւ քաղաքական համակարգի տխուր պատմության փորձը հաշվի առնելով։ Իսկ պատմությունը ցույց է տալիս, որ խոշոր քաղաքական միավորումների զարգացմանը խոչընդոտող հիմնական պատճառներից մեկը փոքրամասնության կարծիքի հետ հաշվի չնստելն է։ Խոշոր քաղաքական միավորումներում, բնականաբար, կան խոշոր եւ ավելի փոքր մասշտաբի ուժեր։ Բնականաբար, խոշոր ուժերը իրենց վրա են կրում նաեւ խոշոր ծանրություններ` դառնալով քաղաքական միավորումների հիմնական շարժիչ ուժը, շոգեքարշը։ Հասկանալի է նաեւ, որ նրանց կարծիքն ու մոտեցումները նույնպես ավելի ծանրակշիռ են լինում։ Բայց քաղաքական լուրջ միավորման կայացման համար անհրաժեշտ է, որ դրանում ներգրավված փոքր ուժերի կարծիքն ու տեսակետը նույնպես լսելի լինի, այդ փոքր ուժերը զգան ներգրավվածություն, պրոցեսների, որոշումների կայացման գործում ունենան լուրջ մասնակցություն։ Սա մի քաղաքական կուլտուրա է, որ Հայաստանում բացակայել է միշտ, եւ այս է պատճառը, որ ցանկացած խոշոր քաղաքական միավորում ժամանակի հետ կորցրել է իր կշիռը։ Պատճառն այն է, որ խոշոր քաղաքական միավորները փորձել են առանձնակի ուշադրություն չդարձնել փոքր բեկորների օտարմանը, բայց ստացվել է այնպես, որ այդ բեկորների օտարումը այնքան է ինտենսիվացել, որ արդյունքում հսկա օրգանիզմին զրկել է զանգվածից։ Իհարկե, կա նաեւ այս երեւույթի հակառակ կողմը, եւ բնականորեն մեծամասնությունը չի կարող փոքրամասնությանը զիջել դոմինանտ դերը։ Հասկանալի է, որ նման փոխգործակցության կայացումը կախված է նաեւ փոքր միավորումներից։ Բայց փոխգործակցության օպտիմալ մոդել գտնելը շատ կարեւոր է հետագա զարգացման համար, եւ այս օպտիմալ մոդելի բացակայությունն է պատճառը, որ քաղաքական ուժերը մեզանում ոչ թե խոշորանում են, այլ մանրանում։ Եւ հատկապես Հայ ազգային կոնգրեսի դեպքում շատ մեծ է այս նոր քաղաքական կուլտուրայի ձեւավորման հնարավորությունը, որովհետեւ մինչեւ այժմ նման փոխգործակցության համակարգ Կոնգրեսում ներգրավված ուժերի միջեւ ձեւավորվել է, եւ ամեն ինչ պետք է անել` այդ ռեսուրսը, համակարգը զարգացնելու եւ կատարելության հասցնելու համար։ Համաժողովրդական շարժումը, այս իմաստով, եւս մեկ կարեւոր ձեռքբերում ունեցավ։ Բազմափորձ, հեղինակավոր քաղաքական գործիչների կողքին հայտնվեցին բացարձակապես նոր դեմքեր, որոնք լիարժեք մասնակցություն ունեցան ինչպես հրապարակային գործունեության ոլորտում, այնպես էլ կազմակերպչական գործընթացներում։
Սա կարեւոր ձեռքբերում է, եւ Հայ ազգային կոնգրեսը այն ընդգծելու, միտումը ավելի ուժեղացնելու խնդիր պետք է դնի իր առաջ։ Հայոց համազգային շարժում, ՀԺԿ, «Հանրապետություն», Հնչակյան, Պահպանողական եւ մյուս կուսակցությունների երիտասարդական թեւերում համախմբված են փայլուն երիտասարդներ, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք բերեցին հսկայական քաղաքական փորձառություն եւ պատրաստ են ավելի լուրջ մասնակցություն ունենալ որոշումների կայացման գործընթացին, եւ պետք է նրանց շրջանում խթանել այս առողջ ձգտումը, խրախուսել այն։ Նույնը վերաբերում է նաեւ «Հատուկ գունդ», «Վեր կաց», «Հիմա» նախաձեռնությունների երիտասարդներին, որոնք ապացուցեցին իրենց սկզբունքայնությունը։ Էլ չեմ ասում, որ բազմաթիվ երիտասարդներ Հայ ազգային կոնգրեսին անդամագրվել են անհատական կարգով` ներգրավված չլինելով որեւէ նախաձեռնության մեջ կամ որեւէ կուսակցության անդամ չլինելով։ Կոնգրեսի խնդիրը ահա այս երիտասարդների համար քաղաքական գործունեության մեջ ինքնարտահայտման, սեփական ընդունակությունների իրացման դաշտ ստեղծելն է։ Հարկավոր է այնպիսի համակարգ ստեղծել, որ կարողանա Կոնգրեսի բազմահազարանոց շարքերում գտնել այն մարդկանց, ովքեր պատրաստ են եւ կարող են իրենց վրա որոշակի պատասխանատվություն վերցնել, նոր գաղափարներ եւ իդեաներ տալ, իրենց ետեւից տանել մարդկանց։ Կարծում եմ, համոզված եմ, որ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները այս հարցերը չեն շրջանցի, մանավանդ որ դա էապես կնպաստի ստրատեգիական խնդիրների լուծմանը։ Համաժողովրդական շարժումը տասնյակ հազարավոր երիտասարդների բերել է քաղաքացիական ու քաղաքական պայքարի դաշտ։ Եւ հաջորդ խնդիրը այս դաշտում այդ հսկայական պոտենցիալի կայացումն է, հասունացումը։ Եւ ի դեպ, դա Հայ ազգային կոնգրեսի պոտենցիալը չէ, դա Հայաստանի պոտենցիալն է։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.