> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Երբ չորրորդ դասարանցին դասը սովորած չի լինում, եւ ուսուցիչը խիստ տոնով նրանից պարզաբանում է պահանջում, ահա այս աշակերտը փորձում է մի այնպիսի պատմություն պատմել, որ համոզիչ լինի ու արդարացնի իր դաս չսովորելը. «Հորքուրիս տղան հիվանդացել էր, գնացել էինք տեսնելու, գիրքս հետս տարել էի, որ այնտեղ դասս սովորեմ, բայց մեր տուն մարդ եկավ, արագ ետ եկանք, գիրքս մնաց էնտեղ, ու քանի որ հորքուրիս տունը հեռու է, ժամն էլ ուշ էր, չգնացի գիրքը բերելու»։ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի պարզաբանումները իր հրաժարականի կապակցությամբ շատ նման են չորրորդ դասարանցու այս սեթեւեթանքին։ Մանուկյանը մի երկար ու անհասկանալի հեքիաթ է պատմում ու ծանուցում, որ որոշել է փոխել գործունեության ոլորտը։ Տպավորությունն այնպիսին է, թե էս պարոնը իրեն հաշիվ չի տվել, թե ինչ գործով է զբաղվում, իրեն հաշիվ չի տվել, թե ինչ ասել է Վճռաբեկ դատարանի նախագահ, եւ այնպես է խոսում գործունեության ոլորտի փոփոխության մասին, կարծես ինքը անշարժ գույքի առք ու վաճառքով է զբաղվել, եւ համաշխարհային հիպոտեկային ճգնաժամը նրան ստիպել է գործունեության այլ ոլորտ փնտրել։ Մեր հանրությունն ու մամուլն էլ կարծես մի տեսակ տնավարի վերաբերվեցին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հրաժարականին, եւ մոռացվեց, որ խոսքը ցմահ, ուշադրություն դարձրեք` ցմահ պաշտոնի մասին է (պաշտոնավարումը` մինչեւ 65 տարեկան)։ Եւ երբ Մանուկյանը երկու տարի առաջ նշանակվում էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, չէր կարող իրեն հաշիվ չտալ, որ ստանում է ցմահ պաշտոն` այդպիսով հասնելով մասնագիտությամբ իրավաբանի կարիերայի գագաթնակետին։ Եթե Մանուկյանը որոշել է փոխել գործունեության ոլորտը, դրանից առաջ նախ պետք է ներողություն խնդրեր հայ հանրությունից, որ ինքը հոգով լինելով դուքանչի` ստանձնել է Հայաստանի դատական համակարգի ղեկավարի պաշտոնը։ Իսկ ընդհանրապես, Վճռաբեկի այժմ արդեն նախկին նախագահի պարզաբանումների մեջ մի տեսակ շփոթվածություն է նկատվում։ Ինչո՞ւ է շփոթված Հովհաննես Մանուկյանը։ Պատճառը, անշուշտ, մեր թերթի մի քանի հրապարակումներն են, որոնցում փորձ էր արվում նրա հրաժարականի մեջ բարոյականության, ըմբոստության ինչ-որ հետք գտնել։ Սա, իհարկե, կատարյալ խուճապի է մատնել Վճռաբեկի նախկին նախագահին, որովհետեւ նա գիտի, որ որեւէ իշխանավորի համար անգամ կիսաձայն ըմբոստի, բարոյական շարժառիթով քայլ անելու ընդունակի կարգավիճակին արժանանալը հավասար է դատավճռի։ Եւ նա շտապում է հրապարակային հերքել իր մասին տարածվող բոլոր լուրերը. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ փալաս չլինելու մասին լուրերը չափազանցված են»,- սա է Մանուկյանի պարզաբանումների բուն իմաստը։ Իսկ նպատակն այն է, որ իշխանությունները հասկանան, որ ինքը բարոյական լինելու հավակնություններ չունի, այսինքն` իրենով զբաղվելու կարիք չկա։ Իսկ զբաղվելու բան միշտ էլ կգտնվի, որովհետեւ Հայաստանում չկա դատավոր, որը հանցագործ չլինի, եւ ցավոք, այս պնդման մեջ ոչ մի չափազանցություն չկա։ Եւ այս ֆոնին շատ ավելի գնահատելի է այն, ինչ արեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի այժմ արդեն նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը։ Գնահատելի է, քանի որ ճահճի մեջ չմտնելը շատ ավելի հեշտ է, քան դրանից դուրս գալը։ Պարգեւ Օհանյանը իր մեջ ուժ ունեցավ դուրս գալ ճահճից, հրաժարվել ստորացուցիչ կարգավիճակից, իր մեջ ուժ ունեցավ հիմնավորել իր դիրքորոշումը եւ մնալ այդ դիրքորոշմանը հավատարիմ` լավ իմանալով, որ սրա համար կարող է ոչ միայն զրկվել դատավորի կարգավիճակից, այլեւ ազատությունից։ Ինչ վերաբերում է Հովհաննես Մանուկյանին, որը, ի դեպ, Պարգեւ Օհանյանի պաշտոնանկության հիմնական գործիքն էր, նրան խորհուրդ ենք տալիս հաջորդ անգամ գործունեության ոլորտ ընտրելիս մի փոքր ավելի երկար մտածել, թե չէ` գործունեության ոլորտ փոխելը կարող է խասիաթ դառնալ։

Հ.Գ. Պետք է ասել, որ որոշակի առումով գնահատելի է նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի պահվածքը։ Ճիշտ է, նա չկարողացավ պահել հրաժարական չտալու իր խոստումը, բայց դուրս եկավ ՀՀԿ-ից ու, փաստորեն, հրաժարվեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանի կամ այսօրինակ մեկ այլ պաշտոնից։ Ու չնայած հիմա Տիգրան Թորոսյանին կարելի է շատ բան հիշեցնել, նրա մասին շատ բան կարելի է ասել, այսուհանդերձ` պետք է արժանին մատուցել փալասի կարգավիճակից հրաժարվելու նրա գործելակերպին։ Շուրջդ այնպիսի գորշություն է, այնպիսի գորշություն, որ երբ մի լուսավոր կետ ես տեսնում…

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.