> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՆՉ ԱՍԵԼ Է ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉ ԱՍԵԼ Է ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն բավական երկար ժամանակ ներքաղաքական կյանքում օրախնդիր է «վճռականություն» հասկացությունը։ Ընդդիմադիր շեշտադրումներով քաղաքական ոչ մի գործընթաց չի շրջանցում այդ տերմինը, սակայն մինչեւ հիմա էլ ամբողջական բացատրություն չի տրվել, թե ինչ է վճռականությունը, եւ ինչպես է պետք հասկանալ այդ բառը։ Ոմանք կարծում են, թե վճռականությունը գրոհով իշխանությունը վերցնելն է, ուժային գործողությունների դիմելը, կոնֆլիկտներից, բախումներից չխուսափելը։ Բոլոր այս բացատրությունները ունեն իրենց տրամաբանությունը, եւ չի կարելի դրանցից որեւէ մեկը հիմնազուրկ համարել, մանավանդ որ այսօր Հայաստանում հնարավոր չէ իշխանությունների կողմից չվերահսկվող քաղաքական գործունեություն ծավալել ու չհայտնվել նման երկընտրանքների առաջ։ Եւ այն, որ շատերը կարծում են, թե կլանին իշխանությունից հեռացնել կարելի է միայն ուժային եղանակով, կրկին հասկանալի է։ Բայց այսօր ես ուզում եմ խոսել «վճռականությունե հասկացության մասին իմ ունեցած պատկերացումներից։ Իմ կարծիքով, վճռականությունը ոչ թե կոնկրետ ակտ է, գրոհ կամ կռիվ, այլ հետեւողականություն։ Հետեւողականություն` առաջադրված նպատակներին հասնելու ճանապարհին։ Խնդիրը` լուծմանը անմնացորդ նվիրում, հետեւողական պայքար անկախ բոլոր հանգամանքներից, անկախ հաջողություններից ու անհաջողություններից, անգամ անկախ սխալներից եւ պարտություններից, անկախ էմոցիաներից ու անգամ նվաստացումից։ Հետեւողականություն, որ վեր է ցանկացած ոգեւորությունից, վեր է ցանկացած հիասթափությունից։ Ինչ խոսք, որեւէ գործողության դիմելը, ասենք` երթ անելը կամ երթ չանելը, կարող է լինել ճիշտ կամ սխալ որոշում։ Բայց ինչպես երթ անելը վճռականության ապացույց չէ, այնպես էլ երթ չանելը անվճռականություն չի նշանակում։ Հիմա, օրինակ, կարելի է վերլուծել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Համաժողովրդական շարժման գործողությունները եւ փորձել եզրակացնել` վճռակա՞ն է այն, թե՞ ոչ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Շարժումը արդեն ուղիղ մեկ տարի շարունակում է իր պայքարը, ընդ որում` բավականին ինտենսիվ։ Այս ընթացքում Շարժման հազարավոր կողմնակիցներ ենթարկվել են ճնշումների, հետապնդումների, ահաբեկումների։ Եղել է 2007 թվականի հոկտեմբերի 23, եղել են բազմաթիվ դեպքեր եւ միջադեպեր, եղել է մարտի 1, ունենք 10 զոհ, ունենք 75 քաղբանտարկյալ, եղել է ապրիլի 9, եղել է հունիսի 20, հուլիսի 4, օգոստոսի 1։ Տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայից, սափրագլուխները հարձակվել են Շարժման ակտիվիստների վրա, հեռուստատեսային տեռորը շարունակվում է։ Եւ այս ամենի ֆոնին ստեղծվել է Հայ ազգային կոնգրես, եւ այս ամենի ֆոնին պայքարը շարունակվում է։ Ինձ համար վճռականությունը ոստիկանների հետ բախման մեջ մտնելը չէ, այլ պայքարը շարունակելը` լինի դա ընդհատակում թե բանտում, հրապարակում թե փողոցում։ Այո, երբեմն անհրաժեշտ է լինում ուղղակի թքել ապօրինի հրահանգների եւ պայմանների վրա։ Բայց սա ինքնին վճռականություն չէ։ Վճռականությունը այն է, որ քանի դեռ շնչում ենք, պայքարում ենք ապօրինի վարչախմբի հեռացման եւ ժողովրդի իշխանության վերականգնման համար։ Իսկ պայքարի գործիքը միայն գրոհը չէ. նահանջը նույնպես պայքարի գործիք է, ընդունելի գործիք։ Պատմության մեջ դուք չեք գտնի որեւէ հաղթանակ, որ կառուցվել է միայն գրոհների վրա. յուրաքանչյուր հաղթանակ ոչ միայն գրոհի, այլեւ նահանջի, մանեւրի պտուղ է։ Նա, ով չգիտի գրոհել, չի կարող հաղթել, բայց չի կարող հաղթել նաեւ նա, ով չի կարող նահանջել, չի կարող մանեւրել։ Միակ բանը, որ անթույլատրելի է, հանձնվելն է, այսինքն` պայքարից հրաժարվելը, մի բան, որ չի կարող տեղի ունենալ Համաժողովրդական շարժման հետ, որովհետեւ Ազատության հրապարակում կնքված է պայմանագիր` փետրվարի 21-ի հանրահավաքի մասնակիցների եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ. «Ժողովուրդ, կանգնած ե՞ք., «Այո~», «Մինչեւ վե՞րջ», «Այո~», «Ես էլ եմ կանգնած` մինչեւ վերջ»։ Այս պայմանագիրը ժամկետ չունի, այս պայմանագրի ժամկետը հաղթանակն է, ընդ որում` հաղթանակ ասելով` ես նկատի չունեմ, որ Հայ ազգային կոնգրեսը գա իշխանության։ Ես նկատի ունեմ, որ Հայ ազգային կոնգրեսը հեռանա իշխանությունից. ազատ, արդար, թափանցիկ ընտրություններում պարտվելով իր քաղաքական հակառակորդին։ Հավատացեք, սրա համար իրոք վճռականություն է պետք, վճռական վճռականություն։

Հ.Գ. Այսուհանդերձ, Համաժողովրդական շարժման անելիքների հետ կապված որոշ հարցեր արժանի են քննարկման, եւ այդ հարցերի մասին կխոսենք առաջիկայում։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.