> ՀՈԴՎԱԾՆԵՐ > մի հատ էլ ոտանավոր

մի հատ էլ ոտանավոր

Այո, ճիշտ եք, սիրելի ընթերցողներ, մի հատ էլ եմ ոտանավոր գրել, չնայած նախորդի հիման վրա դեռ երգ չի ստեղծվել։ Այս ոտանավորն էլ, հույս ունեմ, երգ դառնալու շանս ունի, եւ կարծում եմ` ոչ մի սարսափելի բան չկա, որ մենք ընթացող որոշ քաղաքական գործընթացների մի քիչ հումորով վերաբերվենք, երբեմն նույնիսկ մի քիչ կծու հումորով։ Հույս ունեմ, որ իմ հումորը կամ հումորի փորձը համապատասխան վերաբերմունքի կարժանանա, ու մենք միասին կծիծաղենք ու նոր եռանդով կլծվենք մեր պայքարի գործին։ Ահա, ուրեմն.

ԿԵՆԱՑ ՊԱՐՈԴԻԱ
Թեժ են օրերն Էրեւանի,
Ընթանում է մեծ պայքար,
Բայց ոստիկանը հարամի
Դավ է կապում ապիկար,
Թե` մի քայլեք, մի երգեք,
Խոսեք միայն շշուկով,
Գյուլի գալը` խնամի,
Նշելու ենք մեծ շուքով։

Գյուլը եկավ, տեսավ, գնաց,
Ու կարծեցին մարդիկ արդ`
Իր հետ տարավ մեր բախտը հին,
Եւ էլ չունի հայը դարդ։

Բայց հարամի ոստիկանը
Հա քշում է դավը յուր,
Թե` չեմ թողնի անպաշտպանը
Անի հացի, ջրի դուլ,
Զի Սերժիկը մեր բուսաթով,
Առողջ ազգ է երազում
Եւ չի թողնի նստեն գետնին,
Առնեն ախտեր` բյուր-բազում.
Գեմորոյ ու խոց ու անձայն,
Հոգեխանգարմունք, խուժում։
Արմենիկում ունենք միայն,
Որ ցավերն էդ չի բուժում։

(Այ, սպիդը ուրիշ գործ է,
Ինչքան ուզեք, շըտըկեք,
Սերժի արեւ` էդ սպիդից
Չի մեռնի հայը երբեք)։

Էսպես մարդիկ լուռ ու մնջիկ
Դեգերեցին Հյուսիսում,
Մեկ էլ մի օր տվին մտիկ,
Որ իրենց են դուրս քշում
Կվարտալից էլիտար,
Որի պատերը արդեն
Աննկար են, անպաստառ։

Սարից իջան բայց քաջերը,
Բանակցեցին անդադար
Ու հանեցին որոշումը`
Պատմական ու անհնար,
Թե` իմանան թող ամենքը,
Թույլ է տրվում տեւ ու հար…
Ժամը յոթից տասնմեկը
Շնչել օդը Էլիտար։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.