> ՀՈԴՎԱԾՆԵՐ > մեր ձայնը չի շղթայվի, մեր երգը չի մահանա

մեր ձայնը չի շղթայվի, մեր երգը չի մահանա

Երբ առաջին անգամ լսեցի «Ձոն գարնանամուտի» բանաստեղծության հիման վրա իմ ընկեր Մհեր Մանուկյանի գրած համանուն երգը, առաջին միտքս այն էր, որ ես բոլորովին ուրիշ պատկերացում ունեի դրա մասին։ Բայց շուտով հասկանալի դարձավ, որ երգը հենց այնպիսին է, ինչպիսին պետք է լիներ։ Ու հիմա, երբ ուզում եմ մտքիս մեջ արտասանել այդ բանաստեղծությունը, չեմ կարողանում. ինձ համար անսպասելի արձանագրում եմ, որ ոչ թե արտասանում եմ, այլ երգում։ Ուղղակի չեմ կարողանում արտասանել. արտասանությունը ակամա վերածվում է երգի։ Սա նշանակում է, որ «Ձոն գարնանամուտի» բանաստեղծություն այլեւս չկա, գոյություն չունի, այլ գոյություն ունի միայն երգ, եւ սա փառահեղ արդյունք է։ Հենց այս արդյունքի շնորհիվ մի գաղափար ծագեց։ Մտածում եմ, որ պետք է փորձել վերջին տարիների մեր քաղաքական եւ քաղաքացիական պայքարի գաղափարները, իդեաները ամրագրել երգերի մեջ։ Նախկինում, իհարկե, երգերի տեքստեր գրելու փորձ չեմ ունեցել, բայց «Ձոն գարնանամուտի» տեքստը գրելուց եւ երգը լսելուց հետո հասկացա, որ երգ դառնալու համար դա չափազանց բարդ գրվածք էր։ Եւ ահա, այսօր ներկայացնում եմ երգի մի նոր նախագիծ` «1+» վերնագրով։ Ես հակված չեմ ստորեւ բերվող տեքստը բանաստեղծություն անվանել, որովհետեւ այն ստեղծել եմ ոչ թե որպես բանաստեղծություն, այլ որպես երգի տեքստ` հույս ունենալով, որ նրա համար երաժշտություն ստեղծելը ավելի դյուրին եւ հարմար կլինի։ Եթե այս տեքստը երգ դառնա եւ հաջողվի, ինչպես «Ձոն գարնանամուտինե, կփորձեմ եւս մի քանի նոր տեքստեր գրել։ Իսկ ինչո՞ւ մենք չթողարկենք մեր երգերի ալբոմը` «Հաղթելու ենքե վերնագրով։ Այս պահի դրությամբ առնվազն երեք-չորս երգ կա, որ անհրաժեշտ հղկումներից հետո արժանի է տեղ գտնել այդօրինակ սկավառակի մեջ. «Ձոն գարնանամուտի», «Զում-զում-զում», «Այս հրապարակում դավաճան չկա», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»։ Չեմ բացառում, որ ուրիշ երգեր էլ կան, որ չեմ լսել։ Համենայնդեպս, կարծում եմ, որ հեղափոխական ալբոմ թողարկելը լավ գաղափար է։ Այն, որ մեր շարժումը այսքան երգեր է ծնել, ցույց է տալիս, որ այն իր բնույթով ոչ միայն քաղաքական է, այլեւ ունի քաղաքացիական, բարոյական, հոգեւոր հսկայական պոտենցիալ։ Հենց այս պոտենցիալը` հղկված, մաքրված, մշակված, դառնալու է ազատ եւ երջանիկ Հայաստանի հիմքը։ Եւ ի դեպ, կարծում եմ` շատ լավ է, երբ մի երգի մի քանի տարբերակներ են գրվում տարբեր հեղինակների կողմից։ Դա հնարավորություն է տալիս, որ երգը հաղթահարի մրցակցությունը, եւ ի վերջո կյանք է մտնում այն տարբերակը, որն առավել արժանի է շարունակել ընթացքը։ Ասեմ նաեւ, որ կա՛մ չեմ ճանաչում «Այս հրապարակում դավաճան չկա», «Զում-զում-զում» երգերի հեղինակներին, կա՛մ էլ չեմ կռահում նրանց ով լինելու մասին։ Ամեն դեպքում, ողջունում եմ նրանց եւ հույս ունեմ, որ այդ գործը կշարունակեն եւ կտանեն մինչեւ վերջ եւ ոչ միայն նոր երգեր կստեղծեն, այլեւ եղածները կմշակեն։ Դա իսկապես կարեւոր է. գուցե ավելի, քան մենք պատկերացնում ենք այս պահին։ Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է. պայքար, պայքար մինչեւ վերջ։
1+
Թե ծարավ ես արդարության ու կարգի,
Թե ոսոխ ես լկտիությանն ու արգելք,
Մեկն ես մեզնից, ճգնավորը մեծ շարքի,
Դու` գումարած նա, գումարած ես, գումարած մենք։
Թե երազ է բխում հոգուդ վերքերից,
Ու երազն այդ Հայրենիքն է հրաշեկ…
Քո անուրջը կարոտ է բյո~ւր ձեռքերի.
«Մեկ` գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ…ե։
Թե մենակ ես, անպաշտպան ես ու գերի,
Ու սփոփանք է ակնկալում սիրտդ հեգ,
Շնչիր շունչը ու սերը մեր երգերի,
Դու` գումարած մենք, գումարած մենք, գումարած մենք։
Թե սիրում ես ազատություն ու թռիչք,
Չես մոռանա ազատներին վշտաբեկ։
Ու կդառնաս հույսի, լույսի, ոգու ճիչ.
«Մեկ` գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ…ե։
Ես քեզ հետ եմ, դու էլ ինձ հետ ես, եղբա՛յր։
Ու չենք տրտմի ծանր բեռի տակ երբեք,
Միտք ու բազկով ապավեն ենք մենք իրար,
Ես` գումարած դու, գումարած նա, գումարած մենք։
Մեր ընթացքը անկասելի է, անսանձ,
Հաղթանակը անշրջելի` որպես ծեգ-
Թե մինչեւ վերջ պայքարում են աննահանջ`
Նա` գումարած դու, գումարած ես, գումարած մենք։

Հ.Գ. «Ծեգ» բառը օգտագործել եմ «արեւածագ» իմաստով։ Այդ բառաձեւը վերցրել եմ «առավոտ ծեգին» արտահայտությունից։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.