> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԳՅՈՒԼԸ ԳԱ` ԴԱՌՆԱՍ ՉԸ-ԽՈՍԿԱՆ

ԳՅՈՒԼԸ ԳԱ` ԴԱՌՆԱՍ ՉԸ-ԽՈՍԿԱՆ

«0։2»-ն Հայաստան-Թուրքիա ոչ միայն ֆուտբոլային, այլեւ դիվանագիտական խաղի հաշիվն է։ Ինչպես ֆուտբոլային խաղը ցույց տվեց, որ հայկական ֆուտբոլը գտնվում է անմխիթար վիճակում, այնպես էլ դիվանագիտական խաղը ցույց տվեց, որ հայկական գործող դիվանագիտությունը գտնվում է ուրվականի կարգավիճակում։

Ինչ խոսք, Գյուլի այցը Հայաստան պատմական էր։ Պատմական էր նաեւ ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի այցը։ Պատմական էր նաեւ երկու հավաքականների առաջին խաղը, եւ այդ պատմական խաղում մենք պարտություն կրեցինք 0։2 հաշվով։ Չեմ ասում, թե Թուրքիայի հավաքականից մեր հավաքականի կրած պարտությունը ողբերգություն է։ Պարզապես ուզում եմ ցույց տալ, որ երբ հարայհրոց են կապում` «ՊԱՏՄԱԿԱՆ, ՊԱՏՄԱԿԱՆ», միշտ չէ, որ դա ինքնին լավ բան է նշանակում, կամ լավ արդյունքներ է ունենում։ Հայաստանում ուրիշ պատմական իրադարձություններ էլ են տեղի ունեցել, ասենք` Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Քավ լիցի, վերջին օրերին տեղի ունեցածը չեմ համեմատում Ալեքսանդրապոլի պայմանագրի հետ, պարզապես ուզում եմ ցույց տալ, որ անգամ պատմական իրադարձությունները պետք է վերլուծել արդյունքների, ընթացիկ եւ երկարաժամկետ արդյունքների տեսակետից։ Եւ այս իմաստով Գյուլ-Սարգսյան դիվանագիտական խաղի ընթացիկ արդյունքները որոշ հարցեր են առաջացնում։

Գյուլին Հայաստան կարծես թե Սերժ Սարգսյանն էր հրավիրել։ Բայց այցի արդյունքները վկայում են, որ նա Գյուլին ասելու բան չի ունեցել։ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ծրագիր Սարգսյանը չի առաջարկել, հայ-թուրքական սահմանի բացման պլան չի առաջարկել։ Բայց այս ֆոնին ամենամեծ խայտառակությունը Գյուլի այն հայտարարությունն էր, թե ինքը մտադիր է Սերժ Սարգսյանին հրավիրել Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը դիտելու, որը տեղի կունենա… հաջորդ տարվա հոկտեմբերին։ Սա այլ կերպ, քան դիվանագիտական ապտակ դժվար է որակել։ Այս իրավիճակում Գյուլը պետք է գոնե ասեր, որ հույս ունի, թե մոտ ապագայում նորից հանդիպելու առիթներ կլինեն։ Բայց էս գլխից ֆիքսեց` մի տարուց շուտ հույս չունենաք։ Դա էլ դեռ կերեւա։ Ու չնայած Սերժ Սարգսյանն էր Գյուլին հրավիրել, վերջինս, փաստորեն, ահագին բան ուներ ասելու Սարգսյանին։ Եւ այդ ասելիքի ամենաարտառոց դեպքն այն է, որ Թուրքիայի նախագահը ձեռքի հետ, մի տեսակ բոլորի համար աննկատ միջնորդ դարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղի հարցը քննարկելուց հետո ասաց, որ ինքը մեկնելու է Բաքու, ՀՀ ոչընտիրն էլ, թե` մենք պատրաստ ենք։ Երեւանից մեկնելուց հետո էլ Գյուլը սկսեց քննադատել ԼՂ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին, քաղաքականություն, որ արդեն երկար ժամանակ որդեգրել է Ադրբեջանը։ Եւ կրկնենք` տվյալ պահին կարեւոր է, որ Գյուլը այդ քննադատությամբ հանդես է գալիս Երեւանից Բաքու մեկնելու «ընթացքումե։

Ի դեպ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպման ժամանակ մի նախադասություն էր արտասանել, որ հատուկ ուշադրության չարժանացավ։ ՌԴ նախագահը խոսելով ԼՂ հարցի կարգավորման մասին ասել էր, թե նախընտրում է ուղղակի երկխոսությունը (մեջբերումը ուղղակի չէ)։ Ակնարկը պարզ էր. խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղղակի երկխոսության մասին է` ԼՂ հարցի կարգավորման գործում։ Եւ ահա, այս ֆոնին հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Գյուլին Երեւան հրավիրելու մտադրության մասին հայտարարեց Մոսկվայում։ Սրան հետեւեց Թուրքիայի հայտնի առաջարկը Կովկասի անվտանգության պլատֆորմ ստեղծելու մասին, ապա Գյուլ-Սարգսյան քննարկումները` ԼՂ հարցի շուրջ։ Ուրեմն ի՞նչ հետեւություն այս ամենից։ Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայնության են եկել, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու ճանապարհով ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային դուրս թողնել ԼՂ հարցի կարգավորման պրոցեսից, նախաձեռնել Սարգսյան-Ալիեւ ուղղակի բանակցություններ, որոնց արդյունքների երաշխավորը պետք է լինեն Ռուսաստանը եւ Թուրքիան։ Նման հեռանկարով շահագրգիռ են թե՛ Ռուսաստանը, եւ թե՛ Թուրքիան։ Ռուսաստանը, որն ակնհայտորեն նախաձեռնության հեղինակն է, այսպիսով ուզում է ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու պրոցես սկսել, իսկ Թուրքիան որպես գերտերություն այստեղ մտնելու շանս է ստանում։ Ռուսաստանը առանց Թուրքիայի չէր կարողանա նման խաղ սկսել, որովհետեւ Ադրբեջանը չէր համաձայնի, իսկ Թուրքիան առանց Ռուսաստանի չէր կարող նման խաղի մեջ մտնել, որովհետեւ Հայաստանը (Ռուսաստանը) չէր համաձայնի։

Թե ինչ հեռանկար ունի այս ծրագիրը, այս պահին դժվար է գնահատել։ Ակնհայտ է, սակայն, որ դրա իրագործման շուրջ քայլեր անելով թե՛ Թուրքիան, եւ թե՛ Ռուսաստանը նոր խաղաքարտ են ձեռքբերում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ իրենց հարաբերություններում։ Բայց որ խաղի իմաստը հենց վերը նկարագրվածն է, ակնհայտ է թեկուզ այն պատճառով, որ Կովկասում անվտանգության պլատֆորմի իր առաջարկը Թուրքիան չի քննարկել ԱՄՆ-ի հետ, իսկ ԱՄՆ պետդեպարտամենտը այս կապակցությամբ առանձնապես ոգեւորված չէ։ Իհարկե, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն հեշտ չեն զիջի եւ կարող են այս հարցում անսպասելի դաշնակից ձեռքբերել` ի դեմս Իրանի։ Իրանը կարծում է, որ ինքն է Հարավային Կովկասի կայունության իսկական երաշխավորը, եւ եթե Թուրքիան եւ Ռուսաստանը իրեն չընդգրկեն այս խաղում, նա ստիպված պետք է միանա այդ նախաձեռնությունը խափանելու ջանքերին։ Ի դեպ, պարսկական խորագետ դիվանագիտությունը միանգամից գլխի ընկավ, թե որն է ընթացող խաղի իմաստը, եւ Գյուլին Երեւան հրավիրելու Սերժ Սարգսյանի հայտարարությունից անմիջապես հետո Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոտթաքին հայտարարեց, թե պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման միջնորդ դառնալ։ Նրա ձայնը չլսեցին ոչ Անկարայում, ոչ Մոսկվայում։

Այս երկար պատմությունը մենք պատմեցինք բացատրելու համար, թե ինչու Գյուլի հետ իր հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայաստանյան օրակարգի ոչ մի հարց առաջ չի քաշել։ Պատճառն այն է, որ Գյուլին Երեւան հրավիրելը ամենեւին էլ հայկական նախաձեռնություն չէր, եւ այս պրոցեսում Հայաստանը եւս մեկ անգամ հաստատեց «վինտիկիե իր կարգավիճակը։ Ինչ խոսք, Սերժ Սարգսյանը գոհ է իրենից, որ եւս մեկ կենդանի նախագահի հետ շփվելու առիթ ունեցավ, որ իր անունը եւս մեկ անգամ շոշափվեց միջազգային լրահոսում։ Բայց, թե ի՞նչ շահեց այս ամենից Հայաստանը, պարզ չէ։ Ինչ վերաբերում է Գյուլին` նա ցույց տվեց, թե որքան հանդուրժող է Թուրքիան իր հարեւանի նկատմամբ, որ Թուրքիան տարածաշրջանի ոչ մի երկրի թշնամի չէ։ Այս այցը Ադրբեջանին հնարավորություն տվեց Թուրքիայից նոր երաշխիքներ պահանջել եւ ստանալ, իսկ Ռուսաստանը, ի դեպ, Ադրբեջանի հետ պայմանագրեր կնքելիս Հայաստանի կողմը ժեստ անգամ չի անում։

Այս ֆոնին շատ հետաքրքիր է վրացական արձագանքը։ Ճիշտ է, այս մասին բարձրաձայն չի խոսվում, բայց վրացական քաղաքական էլիտան այն կարծիքին է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հապճեպ կարգավորելու Հայաստանի մղման հիմքում ընկած է կոշտ հակավրացական քաղաքականություն վարելուն պատրաստ լինելու մղումը։ Եւ հայկական կողմից, պատկերացրեք, ոչ ոք չէր շտապում փարատել Վրաստանի այս կասկածները։ Վերջապես Նալբանդյան Էդվարդը գլխի ընկավ, որ պետք է գնալ Թբիլիսի։ Իսկ հայկական դիվանագիտությունն, իհարկե, չի գերազանցում հայկական ֆուտբոլի մակարդակը։ Ու Թուրքիայի հետ սիլիբիլին այնպես էր արվում, որ միակ երկաթուղային տարանցիկ երկիրը մտատանջությունների մեջ ընկնի (թե այս մտատանջությունները Նալբանդյանը որքանով կփարատի, կերեւա այցի արդյունքներով)։ Փոխարենը` կարելի է Գյուլի պատվին ՀՖՖ խորհրդանիշի վրայից Արարատը ռադ անել, իսկ ազգիս «հայրենասերե էլիտան, որ դեռ տարիներ առաջ նման քայլի համար մորթազերծ կաներ ուզածդ պաշտոնյայի, բերանը ջուր է առել։ Եւ էդ ի~նչ խրախճանք էին սարքել «Զվարթնոց» օդանավակայանը, «Կոնվերս» բանկը, մյուսները` հայկական մամուլում Գյուլի այցելության առիթով։ «Մնագաուվաժայեմի Վլադիմիր Վլադիմիրովիչ»-ի պես մի բան էր դա. տղե՛րք, չեմ հասկանում ավանսով հետույք մտնելու այդ անհաղթահարելի մղումը։

Հ.Գ. Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը արդեն իսկ գործունեություն է ծավալել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Սա արդեն Գյուլի Հայաստան կատարած այցի իմաստի կարեւոր մեկնաբանություն է։ Իսկ լուրը, թե Հայաստանը պատրաստվում է էլեկտրական էներգիա արտահանել Թուրքիա, ուրախալի է։ Տխուրն այն է, որ Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող հիմնական հզորություններն ու բաշխիչ ցանցերը պատկանում են Ռուսաստանին։ Այսինքն` փաստացի Ռուսաստանն է էլեկտրական էներգիա արտահանելու Թուրքիա։ Իսկ հայկական դիվանագիտությունը հայտնվել է հայկական էներգետիկայի կարգավիճակում։ Նաեւ պետք է հուսալ, որ դեպի Թուրքիա էլ.էներգիա արտահանելով, Հայաստանը ստիպված չի լինի այս հարցում մերժել Վրաստանին։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.