> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՆՀԱՂԹ ՀԵՐՈՍ ՔԱՋ ՏԻԳՐԱՆԸ, ՄԻ ԶԱՐԿՈՎ ՋԱՐԴԻ ՄԿԱՆԸ

ԱՆՀԱՂԹ ՀԵՐՈՍ ՔԱՋ ՏԻԳՐԱՆԸ, ՄԻ ԶԱՐԿՈՎ ՋԱՐԴԻ ՄԿԱՆԸ

Սերժ Սարգսյան, օն ժե` Անդրեյ Ակիմով, օն ժե` Նարիմանով… Թե Ս. Սարգսյանի է՛լ ինչպիսի անուններ կբացահայտվեն, ցույց կտա ժամանակը։ Բայց որ ՀՀ իշխանությունը զավթած անձը կեղծանունով ռուսական բանկի խորհրդի նախագահ է աշխատում եւ դրա համար 9 միլիոն դոլար աշխատավարձ ստանում, սա արդեն սենսացիա է։ Միակ հարցը հետեւյալն է` թե ինչու է Ռուսաստանը ջղայնացել ոչընտիրի վրա (այլապես չէր բացահայտի նրան)։ Չենք բացառում, որ պատճառը լինի այն, որ Սարգսյանը Ջոնի Թոմսոն անվան ներքո համաձայնած լինի ստանձնել «Բրիտիշ պետրոլիում» ընկերության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի պաշտոնը` 9.5 միլիոն դոլար աշխատավարձով։ Իսկ Հայաստանում ոմանք վերլուծություններ, լուրջ-լուրջ հետեւություններ են անում, թե ինչու իշխանությունը որոշեց Տիգրան Թորոսյանին փոխարինել Հովիկ Աբրահամյանով։ Այս կապակցությամբ քաղաքական հետեւություններ անողները իրենք էլ չեն նկատում, թե ինչ ծիծաղելի վիճակի մեջ են հայտնվում։ Վերլուծում են, թե Ռոբերտ Քոչարյանը ուզում է վարչապետ դառնալ, դրա համար Հովիկ Աբրահամյանին բերում են Աժ նախագահ։ Փաստորեն, Տիգրան Թորոսյանը խանգարում է։ Ձեռքն էլ խփել է սեղանին, ասում է` նիզաշտո։ Չեմ թողնելու Ռոբերտ Քոչարյանը գա վարչապետ. «Վա~շտ, հավսար-զգաստ»,- ասում է Տիգրան Թորոսյանը։ Փշրում է աջուձախ, կարճ ասած, էս Տիգրան Թորոսյանը։ Կատաղած գազան է, ով դեմը դուրս է գալիս` ներում-բեկում չկա։ ՀՀԿ-ն ու Սերժն էլ էս կատաղած, անկառավարելի, իր կարծիքը առաջ մղող Տիգրան Թորոսյանից ազատվելու ջանքեր են թափում։ Ռոբերտ Քոչարյանն էլ, չնայած` «Հայր մեր»-ը չգիտի, առավոտ-իրիկուն մոմ է վառում, որ ծրագիրը ստացվի, որ խեղճուկրակ հանրապետականները կարողանան տապալել չթրաշված մոնսթր Տիգրան Թորոսյանին։

Սրանից հետո էլ վրա են տալու էն մյուս կատաղած գազանին` վարչապետի ֆուտլյարին։ Տենում ե՞ք կառավարության նիստերի ժամանակ ինչ է անում էդ Տիգրան Սարգսյանը։ Ոչ երնեկ նրա կառավարությունում աշխատող նախարարներին ու պաշտոնյաներին, մարզպետներին։ Աջուձախ շամփրում է. Լիսկայից սկսեց ու մնացածով դուրս եկավ։ Դողում են բոլորը, դողում. Սերժն ու Ռոբերտն էլ մտածում են` ախպեր, ո՞նց անենք սրանից ազատվենք, սա մեր գլխին փորձանք է դարձել, մեզ չի ենթարկվում ու սկսել է մեզ իրեն ենթարկել։ Ահա մոտավորապես սա կարելի է հասկանալ հայոց վերլուծություններից։ Մանավանդ, որ Տիգրան Թորոսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու որոշման հիմնավորումները պետական գաղտնիք են պարունակում։ Ճիշտ է, պարունակում են։ Եվ գաղտնիքն այն է, որ երբ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը կազինո են մտնում, Աբրահամյանը Սարգսյանի չափ կրվում է, ասենք` մի գիշերվա մեջ 3 միլիոն դոլար։ Մի ժամանակ էս թիվը զարմանալի էր թվում, բայց եթե մենակ ՌԴ-ի մի թեթեւ գործից Սերժը 9 միլիոն դոլար է վաստակում տարեկան, տարվա մեջ մեկ-երկու անգամ երեք միլիոն դոլար կրվելը մեծ ողբերգություն չէ։ Մանավանդ, որ` հո մի՞շտ չի կրվում, երբեմն նաեւ կրած կլինի։ Հա, ուրեմն` եթե Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի չափ կրվում է, պետք է նաեւ համապատասխան պաշտոն ունենա։ Ինչ վերաբերում է Տիգրան Թորոսյանին, ինչու՞ պետք է նա մնա ԱԺ նախագահի պաշտոնում. սափրագլուխների դիվիզիաներ ունի՞. չունի, սեփական ընտրատարածք եւ ընտրողներ ունի՞. չունի, մաֆիոզ կապեր ունի՞. չունի, ասենք, որ պետք լինի փողոցում մարդ ծեծել կամ սպանել տալ կկարողանա՞. չի կարողանա։ Բա ինչպես կարող է այսպիսի ինտելեկտուալ բագաժով մարդը լինել երկրի երկրորդ դեմք։ Դա կարող է լինել միայն մի դեպքում, եթե այդ պաշտոնի վրա կարգին աչք ունեցող չկա։ Մյուս կողմից էլ Տիգրան Թորոսյանի մասին էնպես ասում ենք ԱԺ նախագահ, կարծես ինքը իրոք ԱԺ նախագահ է եղել երբեւէ։ Տիգրան Թորոսյանը Աժ նախագահ է եղել այնքանով, որքանով Անդրեյ Ակիմովը բանկի խորհրդի նախագահ։ Մարիոնետ էր` դրել էին ԱԺ նախագահի աթոռին, հիմա էլ շպրտում են մի կողմ։ Ի՞նչ եք իրար խառնվել։ Ինչ վերաբերում է այս փոփոխության կոնկրետ շարժառիթին, կարծում ենք միակ հավաստին այն է, որ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահի պաշտոնը կրվել է Հովիկ Աբրահամյանին։ Հարցն այն է` պոկերո՞վ է կրվել, թե՞ ասենք` պրեֆերանսով։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,