> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՈՒՍ-ՈՒՍԻ ՏՎԱԾ, ԱՌՅՈՒԾԻ ՆՄԱՆ

ՈՒՍ-ՈՒՍԻ ՏՎԱԾ, ԱՌՅՈՒԾԻ ՆՄԱՆ

2008 թվականին տեղի ունեցած քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանում դե ֆակտո այլեւս գոյություն չունեն ընտրովի պաշտոններ։ Նախագահի պաշտոնը նշանակովի է, թաղապետի պաշտոնը նշանակովի է, ԱԺ պատգամավորների պաշտոնները նշանակովի են, խորհրդարանի նախագահի պաշտոնը կրկին նշանակովի է։ Նշանակումներն իրականացնում է պոլիտբյուրոն, օլիգարխիան, մաֆիան։ Իսկ ընտրողները, քաղաքացիները, ովքեր գնում են ընտրությունների, ընդամենը ծխածածկույթի դեր են կատարում, խամաճիկային դերակատարում։ Ընդհանրապես, նման դեպքերում, երբ ընտրական ֆարսը հասնում է վերջնակետին, հաճախ տեղի ունեցածի մեղքը բարդվում է հանրության, քաղաքացիների վրա։ Այս տեսակետը, իհարկե, չի կարելի հիմնազուրկ համարել։ Բայց կա նաեւ մեկ ուրիշ խնդիր. արդյո՞ք մենք` ոչ իշխանական ուժերս, պատգամավորի, թաղապետի ոչ իշխանական թեկնածուներս ի վիճակի ենք քաղաքացուն, այն քաղաքացուն, որից ձայն ենք ակնկալում, ահա այս մարդկանց պաշտպանել բեսպրեդելից։ Արդյո՞ք մենք կարողանում ենք պաշտպանել այն մարդկանց, որոնց օլիգարխների սափրագլուխները պարտադրում են ցուցակագրվել։ Չենք կարողանում, եւ այդ մարդը, անկախ նրանից ընտրական տեղամասում է, փողոցում, թե իր տանը` միայնակ ու անպաշտպան է բեսպրեդելի առաջ։
Այո, եթե բեսպրեդելի զոհ դարձած մարդը բողոքելու ուժ ունենա, մի երկու թերթ այդ մասին կգրի, մի երկու եվրոխիյար այդ մասին զեկույց կգրի, ու վերջ։ Հետո էլի նա նույնքան անպաշտպան ու միայնակ կմնա բեսպրեդելի առաջ։ Այս ամենը չեմ ասում հուսահատեցնելու համար, այս ամենը ասում եմ պայքարի կոչելու համար։ Ինչո՞ւ են իշխանությունները այդքան սարսափում հանրահավաքից։ Որովհետեւ հասկանում են, որ Հայաստանում հիմա քաղաքացիների հավաքական կամքի արտահայտման որեւէ այլ մեխանիզմ չկա, որ հանրահավաքը միակ տեղն է, որտեղ քաղաքացին կարող է թոթափել մենակության զգացումը եւ կանգնել իր նմանների կողքին, հանրահավաքը միակ տեղն է, որտեղ քաղաքացին իրեն կարող է շատ թե քիչ պաշտպանված զգալ։ Եւ ուրեմն, այսօր ընտրական համակարգի, օրինականության վերականգնման մի եղանակ է մնացել Հայաստանում. հանրահավաքը։ Եւ ի դեպ, երկու, երեք ժամանոց հանրահավաքները այլեւս չեն կարող ծառայել այդ նպատակին, որովհետեւ այդ հանրահավաքից հետո մարդը գնում է իր տուն, եւ կրկին միայնակ մնում բեսպրեդելի եւ ամենաթողության առաջ։ Հիմա արդեն կարելի է հարցեր լուծել միայն ու միայն շուրջօրյա հանրահավաքների ձեւով, այնպիսի հանրահավաքների, որ տրամադիր լինի իշխանության գործած ցանկացած ԱՊՕՐԻՆՈՒԹՅԱՆ դեմ կանգնել որպես մեկ ամբողջություն։ Սա է այսօրվա քաղաքական խնդիրը։ Կեղծիքի, ապօրինության, բեսպրեդելի համակարգը պետք է փլուզվի, հակառակ դեպքում մենք կունենանք զոմբիների հասարակություն, որը կործանվելու է սեփական մարմնի նեխումից։ Իսկ նման համակարգի փլուզումը հնարավոր է միայն ժողովրդական կամքը հրապարակում արտահայտելով, քաղաքացիներին հրապարակում մեկտեղելով եւ այսպիսով պայքարը տանելով մինչեւ վերջ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.