> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՄԱՆ ՉԻ ԳՆԱ

ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՄԱՆ ՉԻ ԳՆԱ

Կարո՞ղ է արդյոք գործող իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստանում իրական բարեփոխումներ անել։ Այնպիսի բարեփոխումներ, որոնց արդյունքում երկրում հաստատվի իրական տնտեսական մրցակցություն, խոսքի ազատություն, մենաշնորհները վերանան, բոլորը հավասար լինեն օրենքի առաջ, լինի անկախ դատական համակարգ, գործի ազատ ընտրական համակարգ։ Կարո՞ղ է արդյոք։ Այս հարցի պատասխանը տալիս է վերջին 10 տարիների Հայաստանի պատմությունը։ Այսօր գործող ավազակապետական համակարգի ձեւավորումը սկսվեց 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից, եւ այդ համակարգը առաջին անգամ իր մասին բարձրաձայն հայտարարեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Այն, որ իշխանությունը կարողացավ կուլ տալ հոկտեմբերի 27-ի սպանդը, ավազակապետության առաջին խոշոր հաղթանակն էր, ինչն այն ստեղծողներին համոզեց, որ սա կենսունակ համակարգ է։ Եւ ահա, այդ համակարգի միջոցով իշխող կլանը կարողացավ հաղթահարել նաեւ 2003 թվականի նախագահական ու խորհրդարանական, 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները, 2005 թվականի սահմանադրական հանրաքվեն եւ այլն, եւ այսպես շարունակ։ Ենթադրենք, վարչախմբին հաջողվում է կուլ տալ նաեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները։ Իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում ի՞նչը պետք է նրան ստիպի, համոզի, որ Հայաստանում հաստատված է սխալ համակարգ։ Ընդհակառակը, այս պարագայում իշխանավորները կհամոզվեն, որ ավազակապետական համակարգը պետք է է՛լ ավելի ամրապնդել, քանի որ այն հնարավորություն է տալիս անսահմանափակ իշխանություն ունենալ։ Իսկ սա նշանակում է, որ բարեփոխումների մասին խոսակցությունները ընդամենը փուչ հնարքներ են, որովհետեւ խոսքի ազատությունը այս իշխանության վերջն է, օրինականությունը այս իշխանության վերջն է, ազատ տնտեսական մրցակցությունը այս իշխանության վերջն է, անկախ դատական համակարգը այս իշխանության վերջն է։ Եւ ուրեմն, ի՞նչ անել։

Անցած տարիների պատմությունը ակնհայտ դարձրեց, որ անհնար է ընտրություններով փոխել իշխանությունը Հայաստանում։ Սա նշանակում է, որ կա միայն մեկ` հեղափոխական ճանապարհ։ Իսկ իշխանությունը փոխելը անհրաժեշտ է, որովհետեւ գործող իշխանությունը, ինչպես նշեցինք վերը, իր ապահովության միայն մեկ համակարգ գիտի` ավազակապետական համակարգը, որի հենասյուներն են ահաբեկումները, հետապնդումները, ապօրինությունները, մոնոպոլիաները, խամաճիկային իրավապահ եւ դատական համակարգերը։ Այս համակարգերը կարող են վերանալ միայն հանրության ուղղակի ներգործության արդյունքում։ Ուրիշ ճանապարհ չկա. մնացած բոլոր ճանապարհները Հայաստանը դատապարտում են ոստիկանական բռնապետության կարգավիճակի` առավելագույնը մեկ միլիոն բնակչությամբ։ Բայց հարց կարող է ծագել, թե ինչ երաշխիք կա, որ նոր ձեւավորվող իշխանությունը Հայաստանում կհաստատի օրինականությունը։ Ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր երաշխիքները փնտրում են հենց իշխանության մեջ, համակարգային սխալ են թույլ տալիս։ Որովհետեւ օրինականության երաշխավորը մեծ հաշվով ոչ թե իշխանությունն է, այլ հանրությունը։ Իրականում, առաջիկա հեղափոխության նպատակը ոչ միայն իշխանության, այլեւ հանրության վարվելաձեւի փոփոխությունն է, այնպիսի հանրության հաստատումը, որը իր մեջ ուժ ունի ցանկացած իշխանության ցանկացած ապօրինության համարժեք պատասխան տալ։ Գործող իշխանությունը արդեն իսկ այնքան ապօրինություններ է թույլ տվել, որ չպետք է լինի իշխանություն։ Եվ որպեսզի Հայաստանում իշխանական լծակներ ստացած ցանկացած ոք հասկանա, որ իր թույլ տված յուրաքանչյուր հանցանք համարժեք պատասխան է ստանալու, դա պետք է ցույց տալ հենց գործող իշխանության օրինակով։ Այդ ճանապարհը հեշտ չէ. իսկ ինչ է` ապրելու համար պիտանի հայրենիք ունենալը հե՞շտ է։ Ձեռքբերումները, հաղթանակները չեն ընկնում օդից. դրանց համար հարկավոր է երբեմն դժվար, երբեմն կոշտ պայքար մղել, եւ այդ պայքարը մղել մինչեւ վերջ, իսկապես մինչեւ վերջ։ Եվ սա է պատճառը, որ մեր կարգախոսն է` պայքար, պայքար մինչեւ վերջ։ Պայքար, որ պետք է ավարտին հասցնել հիմա։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.