> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՐՋԱՆԻԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

ԵՐՋԱՆԻԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

Մյանմա կոչվող պետությունում երկու հազարից ավել քաղբանտարկյալ կա. պաշտոնապես, միջազգայնորեն ճանաչված։ Ընդդիմության լիդերն էլ արդեն 6 տարի տնային կալանքի տակ է։ Երկրում սով է, չքավորություն, վերջերս էլ ցունամին ավելի խորացրեց չքավորությունը։

Միջազգային հանրություն կոչվածը արդեն վեց տարի ամիսը մեկ պատվիրակություն է ուղարկում Մյանմա, այդ երկրի իշխանությունը զավթածներին համոզելու համար, որ քաղբանտարկյալներին բաց թողնեն։ Մյանմայի իշխանությունն էլ ասում է` բաց չեմ թողնում։ Ինչու՞ է կարողանում ասել, որովհետեւ ներքին պայքար չկա։ Մյանմայում Հյուսիսային պողոտա չկա։ Իսկ Իսրայելը ազատում է ահաբեկչության համար դատապարտված պաղեստինցիների։ Վերջերս եւս 200 հոգու ազատեց։ Այս մարդկանցից շատերը կոնկրետ ռումբ են տեղադրել կոնկրետ վայրերում, կոնկրետ պայթացրել են ու սպանել են տասնյակ, հարյուրավոր կոնկրետ իսրայելցիների։ Բայց հիմա Իսրայելի կառավարությունը այդ մարդկանց ազատ է արձակում,` չնայած նրանք Արեւմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների անդամներ են։ Նման բան տեղի է ունենում, որովհետեւ պաղեստինցիները պայքարը չեն դադարեցրել։ Ոչ մի վայրկյան։ Ու նրանք ահաբեկչությամբ հարցեր լուծելը սովորել են հենց իսրայելցիներից. երկրորդ աշխարհամարտից հետո Պաղեստինում հրեաները օրումեջ ահաբեկչական ակտ էին իրականացնում, այնքան, մինչեւ Իսրայել պետությունը ստեղծվեց։ Հիմա էլ պաղեստինցիներն են ահաբեկչական ակտ կատարում, մինչեւ Պաղեստին պետության ստեղծումը։ Ու հիմա Իսրայելը հասկանում է, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ Եւ հասկանում է մի բանի շնորհիվ. պաղեստինցիները շարունակում են պայքարը։ Իհարկե, ասվում է, որ Իսրայելի վարչապետ Օլմերտը այս քայլին դիմում է Մահմուդ Աբասի վարչակազմին եւ նրա ղեկավարած «Ֆաթհ» կազմակերպությանը ի հեճուկս «Համասի» աջակցելու համար, բայց «Ֆաթհ»-ն ու նրա հիմնադիր Յասիր Արաֆաթն էլ են ահաբեկիչ եղել։ Մի ժամանակ Արաֆաթը համարվում էր աշխարհի թիվ 1 ահաբեկիչը, ինչպես հիմա Ուսամա բեն Լադենը, բայց նրա մահվան օրերին քիչ էր մնում եվրոպական լիդերները սգից իրենց մազերը պրճոկեն։ Արաֆաթը հասավ իր ուզածին, որովհետեւ ոչ մի րոպե չդադարեցրեց պայքարը։ Նելսոն Մանդելան էլ 28 տարի բանտում նստել է, հիմա նրա ծննդյան տոնի օրը ելույթ ունենալու համար Հոլիվուդի աստղերը գյուլլա են գցում, իրար ոտի տակ փորում։ Այս ամենը ասում եմ ցույց տալու համար, որ պայքարը չի կարելի դադարեցնել ոչ մի րոպե, պայքարը պետք է շարունակվի անընդհատ, եւ ամեն վայրկյան. `«օդում, ջրում եւ ցամաքում»։ Ու պայքարի ընթացքում մենք չպիտի ոգեւորվենք ու չպիտի հուսահատվենք։ Ու մեր պայքարը պետք է պսակվի իշխանափոխությամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելով, Հայ ազգային կոնգրեսն էլ պետք է դառնա նոր իշխանության հենասյունը։

Այսօր ոմանք այսպիսի շեշտադրում են անում. ընդդիմությունը իշխանության հասնելու համար պայքար է մղում։ Ու սա ասում են մի տեսակ` որպես դիտողություն։ Իհարկե, պետք է իշխանության համար պայքարի. այն քաղաքական ուժերը, որոնք իշխանության գալու համար պայքար չեն մղում, դրանք կամ Դհոլ են, կամ ԱԽՔ։ Այսինքն, այն քաղաքական ուժը, որի պայքարի տրամաբանության մեջ չի մտնում, որ ինքը պետք է հասնի իշխանության, պայքարում է, որպեսզի Սերժ Սարգսյանն ու Ղարաբաղյան կլանը մնան իշխանության, ինքն էլ արանքներում յոլա գնա` առանց պատասխանատվության, չաղ ու բախտավոր։ Մի բան, որ արդեն տասը տարի անում են ԱԽՔ-ը, Դհոլը եւ այս կարգի մյուս ուժերը։ Այն քաղաքական ուժերը, որ իշխանության գալու նպատակ չունեն, չարիք են եւ նման են այն մարզիկին, որը չեմպիոն դառնալու հավակնություն, ձգտում չունի։ Մի՞թե այսպիսի մեկին կարելի է սպորտսմեն համարել եւ նրան մարզադահլիճ թողնել, ընդհանրապես։ Եւ, ի դեպ, ՀՀ ներքաղաքական կյանքի այլասերումը սկսվեց այն բանի արդյունքում, երբ հայտնվեցին ուժեր, որոնք ընտրությունների մասնակցելով, քաղաքական գործունեություն ծավալելով սկսեցին ասել` մենք իշխանություն չենք ուզում։ Չես ուզում, ուրեմն գնա զբաղվիր կարուձեւով։ Քաղաքականությամբ զբաղվողը պետք է իշխանություն ստանձնելու խնդիր ունենա։ Բայց չէ, պարզվեց սրանք իշխանություն ուզում են, բայց ոչ թե իրենց, այլ Ղարաբաղյան կլանի համար։ Այսինքն, իրենք քաղաքականությամբ զբաղվում են` կլանի եւ ժողովրդի միջեւ բուֆերային գոտի դառնալու համար, որ Ղարաբաղյան կլանին իշխանությունից զրկելու փորձեր չլինեն։

Այնպես որ, քաղաքականությունը պայքար է իշխանության համար եւ սա պետք է արձանագրել մեկընդմիշտ։ Հարցը բոլորովին ուրիշ տեղ է. ի՞նչ արժեքների վրա է հիմնվելու ակնկալվող իշխանությունը, ավելի կոնկրետ` տվյալ քաղաքական ուժը ու՞մ է համարում իշխանության սեփականատեր։ Հիմա Հայաստանում քաղաքական պայքարի իմաստը հենց այստեղ է։ Գործող վարչակազմը իշխանության սեփականատեր է համարում ինքն իրեն։ Իշխող կլանը կարծում է, որ եթե որեւէ մեկը իշխանության ձգտում ունի, պետք է գնա եւ իր հետ պայմանավորվի։ Մենք իշխանության սեփականատեր ենք համարում ժողովրդին, ՀՀ քաղաքացուն, այնպես ինչպես նախատեսում է ՀՀ Սահմանադրությունը։ Մենք ժողովրդին ասում ենք` ժողովուրդ ջան, քեզ պատկանող իշխանությունը 5 տարով վստահիր մեզ, մեր լիդերին` էս, էս, էս պայմանով։ Ու այդ ընթացքում էլ աչքդ պահիր մեզ վրա, փայտն էլ` ձեռքիդ մեջ։ Եթե կտեսնես, որ չարաշահում ենք քո տված ու քեզ պատկանող իշխանությունը, տեսնես, որ քեզ չենք ծառայեցնում այս իշխանությունը, արի ետ վերցրու քո իշխանությունը տուր ուրիշին։ Եթե նա էլ լավ չի օգտագործի քո տված իշխանությունը, նրանից էլ վերցրու, տուր մեկ ուրիշին։

Համաժողովրդական շարժման, Հայ ազգային կոնգրեսի ակնկալած ամենամեծ փոփոխությունը եւ պատկերացրած իշխանությունը սա է։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ասում են, որ ՀՀ-ում իշխանության սեփականատերը իրենք են։ Նրանք, իհարկե, գնում են ընտրությունների, եւ հույս ունենում, որ մարդիկ կքվեարկեն իրենց օգտին։ Կքվեարկեն` լավ, չեն քվեարկի`, ավելի լավ. իրենք մեկ է իշխանություն են։ Մարդիկ չեն քվեարկում. իրենք էլ ասում են` դե որ իշխանությունը կամավոր մեզ չեք վստահում, այն կվերցնենք ուժով, ձեզ ահաբեկելով, սպանելով, հարստահարելով, բոլորիդ գլխին բեսպրեդել-օլիգարխներ կարգելով։ Ու քաղաքացուն դարձնում են ստրուկ։ Մենք ասում ենք` քաղաքացի, հավատա մեզ, վստահիր մեզ քեզ պատկանող իշխանությունը։ Բայց եթե անգամ մեզ շատ վստահում ես, մեզ շատ սիրում ես, միեւնույն է` փայտը ձեռքիցդ մի գցիր, պինդ բռնած պահիր մեր օձիքից, որովհետեւ իշխանությունը մունդառ բան է, մարդս մեղասգործ է, մեղքի ու չարաշահման նկատմամբ հակում ունեցող։ Եթե հասնենք իշխանության ու զգանք, որ կարող ենք մենք էլ դառնալ Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան, եթե զգանք, որ կարող ենք մենք էլ մեր եղբայրներին, ընկերներին, բարեկամներին միլիոնատեր դարձնել` Սատանի գործ է, մեկ էլ տեսար իրոք արեցինք։ Չէ, մենք խոստանում ենք, որ չենք անի. բայց մարդ ես, եթե զգաս, որ (տնից տեղից հեռու) մեր խոստումը չենք կատարում, սկսում ենք լկտիանալ, դառնալ սրանց նման` ձեռքիդ փետով տուր մեր գլխին, ու քշիր մեզ իշխանությունից։ Դրանով դու ոչ միայն քեզ փրկած կլինես, այլեւ մեզ։ Ավելի շատ` մեզ։

Այսինքն, քաղաքական ընթացիկ պայքարի իմաստը իշխանություն-հասարակություն հարաբերությունների ճշտումն է, ոչ միայն իշխանության գալու, այլեւ իշխանությունից զրկվելու հստակ եւ գործող մեխանիզմների գործարկումը, դրանց կյանքի կոչելը։ Ես, օրինակ, համոզված եմ, որ եթե այս հարաբերությունները չճշտվեն, եթե հասարակություն-իշխանություն հարաբերությունները երկրում մնան այսօրվա մակարդակին, ցանկացած իշխանություն, ի վերջո, լկտիանալու է։ Իշխանությունը չլկտիանալու միայն մեկ տարբերակ ունի. եթե նա իմանա, զգա, որ երկրում կա այնպիսի հասարակություն, որը իր մռութին տալու է ցանկացած լկտիության համար։ Եւ ի դեպ, ուզում եմ հատուկ ընդգծել, եւ ձեւակերպել, թե որն է լինելու Հայաստանի նոր իշխանության ամենամեծ առաքելությունը։ Պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսության իրական զարգացում, արտաքին քաղաքականություն. էդ բոլորը հասկանալի է։ Նոր իշխանության ամենամեծ առաքելությունը ժողովրդին զգացնել տալն է, որ ինքը` այսինքն ժողովուրդն է ՀՀ բարձրագույն իշխանությունը։ Իսկ դրա համար առաջին պայմանը ժողովրդի ձեռքերի վրա իշխանության գալն է, իսկ երկրորդ պայմանը` իշխանությունից խաղաղ, անաղմուկ, այսինքն` ընտրություններում պարտվելով, հեռանալը, եւ տեղը քաղաքական հակառակորդին զիջելը։ Սա է Հայաստանի ապագայի հիմքը. ու երբ գործող նախագահը կամ իշխող քաղաքական ուժը իր մեջ ուժ ունեցավ խոստովանելու, որ ինքը պարտվել է ընտրություններում, ուրեմն նա Հայաստանի ժողովրդին թագադրում է հայոց իշխանության գահին։ Ու նոր իշխանությունը իր մեջ ուժ կունենա սա անելու։ Համոզված եմ. եթե չունենա, սիրելի ժողովուրդ, դու ես իշխանության տերը։ Արա այդ իշխանության հետ ինչ ուզում ես։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.