> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Անկեղծ ասած, մինչեւ վերջերս լուրջ չեմ վերաբերվել պտտվող խոսակցություններին, թե մարտի 1-ի զոհերի թիվը շատ ավելի մեծ է, քան հայտարարվում է պաշտոնապես։ ԱԺ-ում Հայաստանի գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանի ելույթը, սակայն, ստիպում է այդ վարկածին ավելի լուրջ վերաբերվել։ Ինքը` Վարդանյանը, ջանք չէր խնայում` զոհերի ավելի մեծ թվի մասին վարկածը հերքելու համար, բայց նրա ամեն խոսք, ամեն արտահայտություն ուղղակի ստիպում է վերադառնալ այս թեմային։ Վարդանյանը խոստովանեց, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո դիահերձարանում սովորականից 4 անգամ ավելի շատ դիակ է եղել, եւ այս փաստը ինքնին արդեն պաշտոնական տեղեկատվություն է։ Եւ, բնականաբար, հարց է առաջանում. մարտի 1-ին, բացի հայտնի դեպքերից, եղե՞լ են արդյոք ուրիշ իրադարձություններ, որ կարող էին բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դառնալ։ Ինչ-որ չեմ հիշում, որ այդ օրը խոշոր ավտովթարներ, թունավորումների դեպքեր, այլ աղետներ արձանագրված լինեն, եւ բնական է, որ հենց իր` Վարդանյանի տված տեղեկատվությունը ավելի հիմնավոր է դարձնում պտտվող խոսակցությունները։ Բացի այդ, Վարդանյանը խոստովանեց, որ այդ օրերին թաքցրել է փորձաքննության ենթակա դիակների թվի մասին տեղեկատվությունը։ Եւ անհրաժեշտ է պարզաբանել, թե արդյո՞ք փորձագիտական կենտրոնը հետազոտում է բոլոր դիակները, թե՞ միայն նրանք, որոնք մահացել են ոչ բնական մահով, այսինքն` նրանց մահը կարող է քրեական գործ հարուցելու հիմք դառնալ։ Իսկ ընդհանրապես, Վարդանյանը ԱԺ հայտնի հանձնաժողովի մնացած հյուրերի նման ուղղակի «փայլեցե։ Հանձնաժողովի անդամներից մեկի հարցին ի պատասխան նա հայտարարեց, որ մարտի 1-ին ընդդիմության կողմնակիցները միանշանակ պայթուցիկ ու հրազեն են օգտագործել։ «Միանշանակե,- հայտարարեց տխրահռչակ դատաբժիշկը։ Հետաքրքիր է` դատաբժիշկը ինչի՞ց է ենթադրել, որ, ասենք, իր ձեռքի տակ եղած պայթուցիկ նյութերի փորձանմուշները, պարկուճները ընդդիմադիր ծագում ունեն։ Եթե ձեռքի տակ նռնակ կա կամ նռնակի բեկոր, այդ ինչպե՞ս են հայոց փորձագետները կարողանում որոշել, որ այն օգտագործած մարդն ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի, մի՞թե գոյություն ունի նման գիտական մեթոդ։ Ոստիկանության փորձագիտական կենտրոնի ղեկավարը չի կարողանում որոշել, թե տվյալ զենքից վերջին անգամ երբ են կրակել, իսկ դատաբժիշկը, որի գործը մարդու մահվան պատճառը, վնասվածքների բնույթը պարզելն է, կներեք նման ձեւակերպման համար, մարդու ոտքի միջից փամփուշտ է հանում ու արձանագրում. տես, է, Համաժողովրդական շարժման համակիր է կրակել։ Կամ էլ դիակի մարմնից բեկոր է հանում եւ միանգամից կռահում, թե նախագահական ընտրությունների ժամանակ ում օգտին է քվեարկել նռնակ նետած մարդը։ Սա հիշեցնում է հայտնի անեկդոտը. եթե դեղին է, ուրեմն կլոր է, եթե կլոր է, ուրեմն նարինջ է, եթե նարինջ է, ուրեմն գարդերոբի մեջ է։ Ի դեպ, մինչեւ այժմ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որեւէ անձի մեղադրանք չի առաջադրել մարտի 1-ին սպանություն իրականացնելու մեջ, ընդդիմության որեւէ ակտիվիստի զենք գործածելու մեղադրանք առաջադրված չէ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.