> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՄՓՈՓԵԼՈՎ 2008-Ի ԱՄԱՌԸ

ԱՄՓՈՓԵԼՈՎ 2008-Ի ԱՄԱՌԸ

Հիմա արդեն կարող ենք ասել, որ այս տարվա ամառը աննախադեպ էր քաղաքական առումով։

Երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք այսօրինակ ամառային ակտիվություն չի եղել, եւ 2008-ի հետ կարող են մրցակցել միայն 1995 թվականի եւ 1996 թվականի ամառները, երբ ընթացել են խորհրդարանական, ապա եւ նախագահական ընտրությունների, սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավները։
Ընթացիկ ամառը աննախադեպ է հենց սրանով, եւ արդյունքն էլ հենց դրանում է. պաշտոնապես նախընտրական վիճակ չէ, եւ իշխանությունը փորձում էր սա ապացուցել, իսկ ընդդիմությունը, ըստ էության, կարողացավ հակառակն ապացուցել. այն, որ Հայաստանը փաստացի գտնվում է նախընտրական իրավիճակում։ Հիմա արդեն հաճախակի են դառնում այն շեշտադրումները, որոնց նպատակն է կռահել` քաղաքական այս շրջափուլը կավարտվի նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական արտահերթ ընտրություններով։ Մինչ Հայ ազգային կոնգրեսի ձեւավորումը այս հարցը ինչ-որ տեղ կարելի էր հասկանալի համարել, որովհետեւ իշխանությունը կարող էր ընդդիմությունը պառակտելու հույսով արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել։ Այսօր, սակայն, նման շեշտադրում լինել չի կարող, եւ ակնհայտ է, որ քաղաքական այս պրոցեսը որեւէ կերպ չի կարող շրջանցել նախագահի արտահերթ ընտրությունների հարցը։

Ամեն դեպքում, ակնհայտ է, որ ցանկացած խոշոր ընտրություն իշխանությունների վերջն է` լինի դա նախագահական, խորհրդարանական, թե Երեւանի քաղաքապետի։ Այս է պատճառը, որ իշխանությունը, ակնհայտորեն եւ բացահայտորեն խախտելով Սահմանադրությունը, չի անցկացնում Երեւանի քաղաքապետի ընտրություններ։ Խնդիրը այստեղ քաղաքապետի պաշտոնին չի վերաբերում միայն. քաղաքապետի ընտրությունները ենթադրում են հեռուստաեթեր, նախընտրական հանրահավաքներ եւ այլն, իսկ այս ամենից իշխանական պրկված համակարգի հանգույցները կարող են ճողվել, ավելի ճիշտ` անխուսափելիորեն կճողվեն։ Երեւանի քաղաքապետի ընտրությունների ապօրինի ձգձգմամբ իշխանությունը եւս մեկ փաստարկ է տալիս բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե երկրում խաթարված է սահմանադրական կարգը։ Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո երկու տարվա ընթացքում պետք է տեղի ունենան Երեւանի քաղաքապետի ընտրություններ. փոփոխություններն ընդունվել են 2005թ. նոյեմբերին, այսինքն` Երեւանի քաղաքապետի ընտրությունները պետք է տեղի ունենային ամենաուշը 2007թ. նոյեմբերին։ Իհարկե, ասածս կարող է չափազանցություն թվալ, բայց տպավորություն է, թե իշխանությունները փորձարկում են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ չանցկացնելու եւ գործող չընտրվածին ցմահ ուզուրպատոր պահելու հնարավորությունը։ Սերժ Սարգսյանը ինքը հայտարարեց, որ ընտրություններից հոգնել է, ու չի կարելի բացառել, որ նա մտածում է այլեւս Հայաստանում նախագահի եւ խորհրդարանի ընտրություններ` լինի դա արտահերթ թե հերթական, չանցկացնել։ Եւ իրոք, եթե կարելի է չանցկացնել Սահմանադրության X հոդվածով նախատեսված ընտրությունները, ինչո՞ւ չի կարելի չանցկացնել Սահմանադրության Y կամ Z հոդվածով նախատեսվածները։

Իհարկե, Սերժ Սարգսյանը կարող է մտածել` ինչ ուզում է, բայց այս ամառվա արդյունքներից մեկն էլ այն է, որ հանրությունը ցույց տվեց, որ ի զորու է սեփական մտածումների տրամաբանությամբ առաջ ընթանալ։ Այս առումով առաջին կարեւոր հոգեբանական ձեռքբերումը, անշուշտ, հունիսի 20-ի հանրահավաքն էր։ Մի քանի օր շարունակ իշխանությունները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հոխորտում էին, թե դաժան են լինելու հունիսի 20-ին «չարտոնված» հանրահավաք անելու փորձի հեղինակների նկատմամբ։ Բայց այսպիսի հանրահավաքի հեղինակ լինելու պատրաստակամություն դրսեւորած մարդկանց թիվը այնքան մեծ էր, որ իշխանությունը ստիպված էր տեղի տալ։ Ընդդիմությունը կարողացավ լինել իր խոսքի տերը, կարողացավ դա անել ի հեճուկս իշխանական սպառնալիքների, եւ դա հունիսի 20-ի կարեւորագույն արդյունքն էր։ Բայց ընդդիմությանը իր խոսքի տերը մնալու հնարավորություն տվեց այդ օրը հանրահավաքի եկած ՀՀ քաղաքացին, եւ իրավամբ այդ եւ հետագա երեք «չարտոնված» հանրահավաքների անցկացման հաղթանակի հեղինակը հենց հանրահավաքի եկած քաղաքացին է, հանրահավաքի եկած յուրաքանչյուր քաղաքացի։

Բայց հունիսի 20-ին եւ ամառային հաջորդ հանրահավաքների արդյունքում խոշոր հաղթանակ տարան նաեւ ընդդիմության լիդերները եւ անձամբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ինչո՞ւմ էր այդ հաղթանակի էությունը։ Հունիսի 20-ի հանրահավաքից Հայաստանի ժողովուրդը սպասում էր «բլիցկրիգի» էֆեկտ։ Այսինքն, որ հանրահավաքը կսկսվի եւ կդառնա իշխանության վրա տոտալ գրոհի սկիզբ։ Տեր-Պետրոսյանը, սակայն, հունիսի 20-ին ժողովրդին ուղարկեց տուն եւ հրավիրեց հուլիսի 4-ին։ Այդ օրը ընդդիմությունը մեկ ուրիշ խոշոր հաղթանակ տարավ` դառնալով «չարտոնված» երթի, շքեղ երթի հեղինակ։ Տեր-Պետրոսյանը մարդկանց հիմնական զանգվածին դարձյալ ուղարկեց տուն` հավանություն տալով միայն մինչեւ 100 հոգու մասնակցությամբ նստացույցի անցկացմանը։ Հաջորդ հանրահավաքը հրավիրվեց օգոստոսի 1-ին։ Այդ օրվա հանրահավաքում ընդդիմությունը արձանագրեց իր ամենակարեւոր հաղթանակը` Հայ ազգային կոնգրեսի ձեւավորումը։ Հանրահավաքը, սակայն, նորից ավարտվեց երթով, ու մարդիկ գնացին տուն։ Եւ ուրեմն, հարց կարող է ծագել. ինչո՞ւմն է այս ամենի մեջ հաղթանակը, ձեռքբերումը. նրանում, որ Տեր-Պետրոսյանը մարդկանց միջից հանեց բռնկուն պայքարի միտվածությունը եւ նրանց տրամադրեց հետեւողական, հավասարակշիռ, սկզբունքային պայքարի։ Եթե բռնկուն պայքարը սնվում է «կա՛մ այսկողմ, կա՛մ այնկողմ» տրամաբանությունից, հետեւողական, ծրագրավորված պայքարը մերժում է «այնկողմիե տարբերակը եւ ենթադրում է հաղթանակ ոչ թե հաջողության, հանգամանքների, դիպվածի բերումով, այլ հաղթանակ, որ հասունանում է քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ եւ այդպիսով դառնում է անխուսափելի։ Սա ենթադրում է նաեւ որոշակի քավության, մաքրման, գաղափարական եւ բարոյական արժեքների ընկալման եւ մարսման գործընթաց, որը հիմք է դնում ետհաղթանակյան հաջողությունների համար։

Իհարկե, այս երկարատեւ ճանապարհի մարտավարությունը որոշակի ռիսկ էր պարունակում. մարդիկ կարող էին կուլ գնալ սեփական անհամբերությանը եւ այդպիսով իրենց դուրս դնել քաղաքական պայքարից, այսպես ասած` «սառելե։ Չի կարելի բացառել, որ այս ընթացքում նման դրսեւորումներ եղել են։ Բայց քաղաքական ամառվա ընթացքում ձեւավորվել է ակտիվիստների, գաղափարական մարտիկների մի այնպիսի բանակ, մի այնպիսի կորիզ, որը ի վիճակի է իր շուրջ համախմբել հանրության գերակշիռ մասին։ Սա էլ է քաղաքական ամառվա կարեւորագույն ձեռքբերումներից։ Ինչ վերաբերում է, այսպես ասած, «հիասթափվածների», «զգուշավորների», «վախեցածների» շերտին, շուրջօրյա հանրահավաքի երկրորդ, երրորդ օրը նրանց անխուսափելիորեն վերադարձնելու է հրապարակ։ Կարեւորն այն է, որ հրապարակը հիմա արդեն տեր ունի, եւ հրապարակի տերը ամառվա ընթացքում անհոգնել Հյուսիսային պողոտա այցելող քաղաքացիներն են, որոնք մի կողմ են դրել անձնական գործ ու հոգս եւ ամբողջությամբ նվիրվել պայքարին։ Հենց այս մարդիկ են ապագա հաղթանակի անկյունաքարը։

Եւ ահա, վերը նշված ամառային խմորումների արդյունքը դարձավ Հայ ազգային կոնգրեսի ձեւավորումը, որի հմայքն ու ուժը կայանում է նրանում, որ հնարավորություն է տալիս քաղաքական ակտիվ պայքարի մեջ ներգրավվել ոչ միայն կուսակցականներին, այլեւ անկուսակցականների։ Սա կարեւոր է ոչ միայն քաղաքական ընթացիկ պայքարի թափի տեսակետից. ըստ էության, մարդկային ներուժի այսպիսի մոբիլիզացիայով Կոնգրեսը Հայաստանում իշխանությունը ստանձնելու լուրջ հայտ է ներկայացնում։ Այսօր ակնհայտ է, որ Կոնգրեսին են անդամագրվել իրենց գործի բազմաթիվ պրոֆեսիոնալներ, ինտելեկտուալներ, մեծ պոտենցիալով երիտասարդներ, որոնք այսօրվա Հայաստանում տիրող բարքերի բերումով ինքնադրսեւորվելու հնարավորությունից զուրկ են։ Եւ այսօրվա խնդիրը այնպիսի մեխանիզմների ստեղծումն է, որ վաղը իշխանությունը ստանձնելուց հետո Հայ ազգային կոնգրեսը կարողանա իրապես երկրի կառավարման գործում ներգրավել հանրության ողջ պոտենցիալը։ Իհարկե, Կոնգրեսի հարցաթերթիկները չեն կարող ներառել այդ պոտենցիալն ամբողջությամբ։ Բայց նաեւ ակնհայտ է, որ հենց Կոնգրեսի հարցաթերթիկները կադրային հսկայական պոտենցիալի մասին տեղեկատվություն են կրում։ Եւ այդ հարցաթերթիկներում եղած ինֆորմացիայի մշակումը, դրանց դասակարգումը մի աշխատանք է, որ ոչ մի կերպ չի կարելի հետաձգել։

Հ.Գ. Համաժողովրդական շարժման կարեւորագույն խնդիրներից մեկը ԵԽԽՎ հնարավոր որոշումների հոգեբանական ազդեցության չեզոքացումն է։ Այսինքն` մենք պետք է մեր անելիքը պլանավորենք եւ իրականացնենք` անկախ ԵԽ որոշումներից ու հետեւողականությունից։ Ոչ թե Համաժողովրդական շարժումը պետք է ազդվի ԵԽԽՎ որոշումներից, այլ ԵԽԽՎ-ն պետք է ազդվի Համաժողովրդական շարժումից։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.