> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԻՐԶՈՅԱՆԸ, ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, «ՄՅՈՒՍՆԵՐԸ»

ՄԻՐԶՈՅԱՆԸ, ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, «ՄՅՈՒՍՆԵՐԸ»

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախօրեին հրապարակած առաջին երկու փաստաթղթերը, ուշադրություն դարձրեք, մարտի 1-ի դեպքերի հետ կապված քրեական գործի մաս են։

Այն քրեական գործի, որի շրջանակներում ընդդիմության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ կալանավորված են, դատապարտված։ Հազարավոր մարդիկ էլ այդ քրեական գործի շրջանակներում հետապնդումների են ենթարկվել։ Իշխանությունը, փաստորեն, այդ քրեական գործը հարուցել է ընդդիմության հանցավոր լինելը հիմնավորելու համար։ Բայց ահա, զավեշտական իրավիճակ. այդ նույն ընդդիմության առաջնորդը, որի հանցավորությունը պետք է ապացուցեր վերը բերված քրեական գործը, ահա այդ ընդդիմության առաջնորդը փաստաթղթեր է հրապարակում քրեական գործից, որոնք անառարկելիորեն ապացուցում են գործը հարուցողների, դրա պատվիրատու իշխանությունների հանցավոր լինելը։ Եթե հաշվի առնենք, որ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի ստորագրությամբ հայտնի փաստաթուղթը, որ կրկին առաջին նախագահն է հրապարակել, նույնպես այս քրգործի մաս է, ստացվում է, որ իշխանությունը յուրացնելու, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով հարուցված քրեական գործը ավելի շատ իշխանությունների կողմից թույլ տրված հանցանքների մասին է ինֆորմացիա պարունակում, քան թե ընդդիմության։ Դե ֆակտո միայն իշխանությունների կողմից թույլ տրված հանցանքների մասին է տեղեկատվություն պարունակում, որովհետեւ ընդդիմության մասով ապացույցները, եթե այդպիսիք ընդհանրապես կան, կեղծված են։ Դրանք կա՛մ իրեղեն ապացույց ոստիկանի կեղծ վկայություններ են, կա՛մ խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ցուցմունքներ եւ օբյեկտիվ, անաչառ քննության արդյունքում հօդս են ցնդելու։ Իսկ ահա Անդրանիկ Միրզոյանի ստորագրած թուղթը ոչ մի կերպ չի կարելի շրջանցել, ոչ մի կերպ չի կարելի շրջանցել Ժորա Վարդանյանի կայացրած որոշումը, ոչ մի կերպ չի կարելի շրջանցել Վահագն Հարությունյանի կայացրած որոշումները։ ՀՔԾ-ում քննվող քրեական գործը իսկապես վաղը դատական լուրջ հեռանկար է ունենալու, բայց այդ գործով անցնող մեղադրյալները ոչ թե Սասուն Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, «ՄՅՈՒՍՆԵՐԸ»-ն են լինելու, այլ Անդրանիկ Միրզոյանը, Վահագն Հարությունյանը, որոնք սեփական ձեռքերով եւ առանց խոշտանգումների ստորագրել են քրգործում առկա փաստաթղթեր։ Իսկ Քրիստափոր Էլազյանի եւ Վարդան Դավալբաբունցի հարցաքննությունը` Անդրանիկ Միրզոյանի եւ Վահագն Հարությունյանի կողմից թույլ տրված խոշտանգումների մասին, պետք է տեղի ունենա ուղիղ եթերում, որպեսզի հանրությունը հենց միանգամից, անմիջապես կողմնորոշվի` Անդրանիկ Միրզոյանն ու Վահագն Հարությունյանը քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ։ Նույնը վերաբերում է նաեւ Ժորա Վարդանյանին եւ «ՄՅՈՒՍՆԵՐԸ»-ին։ Չնայած, կարծում եմ, նոր իշխանությունը այս մարդկանց նկատմամբ պետք է կիրառի կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոց, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի, թե նրանք ենթարկվում են քաղաքական հետապնդումների։ Այսպիսով, մենք ունենք մի իրավիճակ, որ մինչեւ մարտի 1-ը եւ նրանից հետո իշխանությունների գործողությունների հանցավոր բնույթը ապացուցվում է միայն իշխանությունների ձեռքով ստեղծված փաստաթղթերով։ Իսկ ինչքան փաստաթղթեր կան, որ գտնվում են ոչ իշխանությունների ձեռքի տակ, ինչքան վկայություններ կան, որ դեռ պետք է հնչեն, ինչքան փորձաքննություններ կան, որ պետք է իրականացվեն։ Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդամենը պատշաճ հետեւողականություն է ցուցադրում, եւ այդ հետեւողականությունն այն է, ինչ բերելու է անխուսափելի հաղթանակի։ Ի դեպ, վերջին ասուլիսում Տեր-Պետրոսյանը հրապարակեց մի փաստաթուղթ, ըստ որի` 1997 թվականին Ռոբերտ Քոչարյանը Երեւան քաղաքում գրանցված չի եղել։ Սա կարեւոր է այն պատճառով, որ 1998 թվականի նախագահական ընտրություններում ԿԸՀ-ին ներկայացված տեղեկանքում նշված է եղել, որ վերջին տասը տարում Ռոբերտ Քոչարյանը բնակվել է Երեւան քաղաքում։ Ժամանակին այս տեղեկանքի ծագումնաբանությամբ լրջորեն զբաղվեց «Ժողովրդավարական հայրենիքե կուսակցության նախագահ Էդվարդ Եգորյանը, որը խորհրդավոր կերպով մահացավ 1999 թվականին։ Հետագայում փաստաթղթի ծագման հետաքննությամբ զբաղվեց նաեւ կուսակցության նախագահի պաշտոնում Եգորյանին փոխարինած Պետրոս Մակեյանը։ Վերջինիս դեմ էլ մի անգամ մահափորձ է տեղի ունեցել, ապա եւ նա մի քանի անգամ ենթարկվել է ոստիկանական եւ այլ կարգի հետապնդումների, իսկ հիմա ազատազրկված է գոյություն չունեցող մեղադրանքի հիման վրա։ Տեր-Պետրոսյանի հրապարակած փաստաթուղթը կարեւոր է մեկ այլ առումով եւս. երբ ժամանակին մարդիկ բարձրաձայնում էին Ռոբերտ Քոչարյանի կողմից ԿԸՀ-ին կեղծ տեղեկանք ներկայացնելու մասին, որոշ «հայրենասիրականե ուժեր ասում էին` մի՞թե Ղարաբաղը Հայաստան չէ։ Բայց խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի տեղեկանքում նշված չի, որ նա բնակվել է Ղարաբաղում։ Այլ նշված է, որ նա բնակվել է Երեւան քաղաքում։ Եթե Քոչարյանը տեղեկանք ներկայացներ, որ ինքը բնակվել է Ստեփանակերտում, եւ սրա հիման վրա ՀՀ նախագահի թեկնածու գրանցվեր, դա ուրիշ իրավիճակ կլիներ։ Բայց նա տեղեկանք է բերել, որ առնվազն 1988-ից 1998-ը բնակվել է Երեւան քաղաքում։ Հասկանո՞ւմ եք տարբերությունը։ Սա սովորական կեղծիք է, սովորական հանցագործություն։ Եւ, ի դեպ, այն հասցեն, որտեղ իբր գրանցված է եղել Ռոբերտ Քոչարյանը, հիմա, կարծեմ, գոյություն չունի։

Հ.Գ. Վահագն Հարությունյանի ստորագրած այն փաստաթղթի հրապարակումից հետո, ըստ որի` մարտի 1-ին ոստիկանությունը Ազատության հրապարակ է եկել առավոտյան ժամը վեցին` հանրահավաքը հարկադիր դադարեցնելու նպատակով, ԱԺ մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւ հանձնաժողովի անդամ «ՄՅՈՒՍՆԵՐԸ» պետք է կա՛մ հրաժարական տային, կա՛մ էլ պահանջեին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի եւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հովիկ Թամամյանի հրաժարականը։ Բայց նման քայլ անելու համար պետք է առնվազն մարդկային ինքնուրույնության որոշակի տոկոս ունենալ, մի բան, որ չի սպառնում Նիկոյանին եւ «ՄՅՈՒՍՆԵՐԸ»-ին։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.