> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Ուրեմն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը 2008 թվականի նախագահական ընտրությունների քվեարկության օրը ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամների հեռախոսները գաղտնալսելու թույլտվություն է տվել ԱԱԾ-ին։ Այն, որ մեր հեռախոսները լսվում էին շատ ավելի վաղուց, հասկանալի էր։ Բայց որ նախագահական ընտրությունների քվեարկության օրը այդ փաստը կվավերացվի, կփաստաթղթավորվի, վեր է ամեն երեւակայությունից։ Բայց եթե զուտ վավերացման փաստը մի կողմ դնենք, ամեն ինչ տրամաբանական է։ Փետրվարի 19-ին իշխանությունը արդեն գիտեր, որ զուտ քվեարկության արդյունքներով Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթում է նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում։ Եթե անգամ հնարավոր լիներ երկրորդ փուլ դասավորել, այդ երկրորդ փուլում շատ ավելի հեշտ էր հաղթելու։ Կարճ ասած, իշխանությունը ինքն իր համար արձանագրել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթում է նախագահական ընտրություններում, այսինքն` գալիս է իշխանության։ Ի՞նչ է սա, եթե ոչ իշխանության յուրացում։ Չէ՞ որ ընտրությունները անցկացվում են ոչ թե նրա համար, որ ժողովուրդը որոշի, թե ով պետք է երկրում լինի իշխանություն, այլ նրա համար, որ հաղթի քոչարյանասերժական կլանը, հաղթեն նրանք, ում հաղթանակի իրավունք է շնորհել իշխող կլանը։ Ընտրությունների ցանկացած այլ ելք իշխանության յուրացում է, որովհետեւ իշխանությունը պատկանում է քոչարյանասերժական կլանին, եւ ողջ ընտրական պրոցեսը պետք է ծառայի այս փաստը ամրագրելուն։ Այս տրամաբանությունը, ի դեպ, Հայաստանում ձեւավորեց պատմության մեջ նախադեպը չունեցող կամ ավելի ճիշտ` այդքան ցցուն նախադեպ չունեցող մի քաղաքական համակարգ։ Այդ համակարգի էությունը այն է, որ քաղաքական կյանքին մասնակցում են ընդդիմադիր կոչվող ուժեր, որոնք ունեն բավական բարձր վարկանիշ, համենայնդեպս` իշխանությունից բարձր վարկանիշ, բայց այդ ուժերը չեն հավակնում իշխանության։ Այսինքն` ժողովուրդը գոնե հեռանկարում պատրաստ է նրանց իշխանություն տալ, բայց այդ ուժերը չեն հավակնում իշխանության, որովհետեւ այդ ուժերը գիտեն, որ իշխանությունը երկրում պատկանում է քոչարյանասերժական կլանին, եւ այդ կլանից իշխանությունը վերցնելու ցանկացած փորձ իշխանության յուրացում է, այսինքն` հանցանք։ Իսկ ինչո՞ւ էին այդ ուժերը մասնակցում ընտրություններին։ Շատ պարզ նպատակով. որպեսզի քոչարյանասերժական կլանը կարողանա պահել իշխանությունը, որպեսզի զբաղեցնեն այն տեղը, որում կարող են հայտնվել իրոք իշխանության հավակնող ուժեր։ ԱԽՔ-ը, Դհոլը, մյուս մանրապճեղ հայրենասերներն ընդամենը բուֆերի դեր էին կատարում իշխանության եւ ժողովրդի միջեւ, դրանց դերը ժողովրդին ապատիայի եւ հիասթափության մեջ պահելն էր։ Եւ բնականաբար` Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը նախագահի ընտրություններում իշխանությունները որակեցին որպես իշխանության յուրացում, եւ բնականաբար` դրան պետք է հակազդեին։

Հակազդեցության նպատակը Սերժ Սարգսյանի հաղթանակը հռչակելն էր, ի հեճուկս քվեարկության արդյունքների։ Եւ ահա, այն պահին, երբ Ժորա Վարդանյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդկանց հեռախոսները գաղտնալսելու թույլտվություն էր տալիս, արդեն տեղամասերը գրոհելու էին պատրաստվում լցոնողները, կրիմինալը` ոստիկանության հովանավորությամբ։ Սա էլ չփրկեց վարչախմբին, եւ ուշ երեկոյան արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների տրցակները հաշվվում էին Սերժ Սարգսյանի օգտին։ Այս ընթացքում ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը աչալուրջ էին, որպեսզի «իշխանությունը սեփականատերերին վերադարձնելու գործընթացինե, այսինքն` լցոնողներին, կեղծարարներին, մարդկանց ծեծողներին ու առեւանգողներին խանգարողներ չլինեն։ Եւ այս տրամաբանությունը շարունակվում է մինչեւ այսօր։ Ինչ վերաբերում է Ժորա Վարդանյանին, կարծում եմ` սույն անձը Սերժ Սարգսյանի հենարանի դասական օրինակ է։ Վարդանյանը Խորհրդային ԿԳԲ-ի բարձրաստիճան սպա է եղել, զբաղվել է քննչական գործունեությամբ։ Այս անձը այսօր հասարակական-քաղաքական կյանքում հայտնի բազմաթիվ մարդկանց դեմ գործեր է թխել եւ այդ մարդկանց ուղարկել հեռավոր սիբիրներ։ Թե քանի մարդու է այն աշխարհ ուղարկել, դժվար է ասել։ 1999 թվականից Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահն է. բազմաթիվ ապօրինի վճիռների հեղինակ, սովորական կոռուպցիոներ, ընդհատակյա միլիոնատեր։ Հագնվում է այնպես, նայելիս կասես փող չունի` մի կարգին շոր առնելու։ Նրա սրտում դեռ կենդանի է Կորեյկոյի հոգեբանությունը։ Նա նման չի նոր սերնդի կոռուպցիոներներին, որոնք հպարտանում են իրենց թալանածը ի ցույց դնելով։ 1990 թվականի իշխանափոխությունից հետո այս մարդը եւ նրա նման շատերը մնացին ջրի երեսին, որովհետեւ նոր իշխանությունը, ՀՀՇ-ական իշխանությունը, որի մասին նրանք հիմա քամահրանքով են խոսում, խնայեց, ներեց, ողորմաց այս մարդկանց, որովհետեւ ուզում էր, որ նորանկախ երկիրը խորթ զավակներ չունենա։ Այս մարդիկ, որպես ախտի հարուցիչ, մնացին իշխանական միջանցքներում եւ սկսեցին աննկատ քայքայել այն արժեքները, որոնց վրա հիմնվելով` ձեւավորվել էր նոր, ժողովրդական իշխանությունը։ Ես չեմ ուզում ասել, թե Տեր-Պետրոսյանը այն ժամանակ սխալ է վարվել։ Ես միայն ասում եմ. ես, որպես անձ, հրաժարվում եմ սրանց հետ լինել քաղաքացիական նույն կարգավիճակում։ Եթե սրանք ազատության մեջ են, ուրեմն ես պետք է լինեմ ընդհատակում, բանտում, չգիտեմ որ ջհանդամում։ Եթե ես հայտնվեմ ազատության մեջ, սրանք պետք է նստեն։ Ես այլեւս ինձ չեմ ների, եթե փողոցում քայլեմ, դեմ-դիմաց հանդիպեմ Ժորա Վարդանյանին, ու մենք իրար բարեւենք ու անցնենք։ Ես հրաժարվում եմ այսպիսի ինքնակամ նվաստացումից, ինքնակամ ստորացումից։ Եթե Ժորա Վարդանյանը դատավոր է, ես պետք է լինեմ բանտարկյալ, եթե ես բանտարկյալ չեմ, ուրեմն Ժորա Վարդանյանը պետք է լինի ամբաստանյալ։ Կուզեք` սա համարեք քաղաքացիական անհամատեղելիություն, բայց ես կատարել եմ իմ ընտրությունը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.