> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Իշխանության ներկայացուցիչները վերջին օրերին տեսեք, թե ինչ են մոգոնել. «Այս օրերին վրացական ընդդիմությունը համախմբված էր Վրաստանի իշխանության շուրջ, ռուսական ընդդիմությունը` ՌԴ իշխանության շուրջ»,- ասում են նրանք եւ Հայաստանի ընդդիմությանը մեղադրում ՀՀ իշխանության շուրջ չհամախմբվելու մեջ։ Չգիտեմ` որ խելոքն է այս նախադասությունը իշխանական ներկայացուցիչների բերանը գցել, բայց, անկեղծ ասած, չեմ հասկանում զուգահեռը։ Վրաստանում պատերազմ էր, Վրաստանի պետության լինել-չլինելու հարցն է որոշվում` ուղիղ իմաստով, Վրաստանի նախագահը օրը յոթ անգամ ասուլիս է անում, մարդ է ընդունում-ճանապարհում, պատերազմ էր վարում։ Ռուսաստանում ընդդիմություն չկա, բայց, դե, Ռուսաստանն էլ պատերազմի մեջ էր, այդ երկրի իշխանությունն էլ էր պատերազմ վարում։ Իսկ Հայաստանի նախագահ կոչվածն ի՞նչ էր անում. Պեկինում օլիմպիադա էր լացացնում, նստել էր մեր հավաքականի շնչին, որովհետեւ վախենում էր, թե մի որեւէ բրոնզե մեդալից Ծառուկյան Գագիկը ավելի շատ աչոկ կհավաքի, քան թե ինքը։ Այսինքն` Պեկինում նստած բրոնզ էր իրենով անում, չէր էլ ուզում Հայաստան գար։ Հիմա ընդդիմությունը ո՞նց համախմբվեր իշխանության շուրջ. գնար Պեկի՞ն ընդդիմությունը։ Թե՞ Սերժին հորդորեր ընդհանրապես չվերադառնալ Պեկինից։ Կամ ի՞նչ է եղել. Հայաստանում ինչ-որ ճգնաժամ կա՞։ Կառավարությունն ասում է` ամեն ինչ նորմալ է, բենզին էլ կա, ամեն ինչ էլ կա, ոչ մի ճգնաժամ էլ չկա։ Այսինքն` ընդդիմությունը պիտի ասի` կառավարությունը ճի՞շտ է ասում, պիտի ասի` ժողովուրդ ջան, համախմբվենք իշխանության շուրջ եւ մեքենա վարելուց հրաժարվե՞նք։ Հայ ազգային կոնգրեսը մի քանի գրավոր խորհուրդ տվեց, լավ էլ իրականացնում եք։ Փոխանակ շնորհակալություն ասեք, մի բան էլ մուննաթ եք գալիս։ Կամ որ էս ճգնաժամը, որը, ձեր ասելով, չկա, բացահայտեց, որ Սերժի, Ֆլեշի, Միկայի գրպանը տարեկան 10 միլիոն դոլար է մտնում միայն բենզինի մաքսանենգությունից, ընդդիմությո՞ւնն է մեղավոր։ Իսկ ընդհանրապես, արժե հիշեցնել, որ դեռեւս մայիսի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը փորձի օգտվել ՀՀ ներքաղաքական բարդ վիճակից եւ փորձի Ղարաբաղում պատերազմ սկսել, ինքը իր բոլոր կողմնակիցներին կոչ կանի դադարեցնել քաղաքական պայքարը եւ լծվել հայրենիքի պաշտպանության գործին։ Եւ ինչպե՞ս սրան արձագանքեց չեղած իշխանությունը. ասացին` ըհը, տեսեք, Տեր-Պետրոսյանը նահանջում է եւ քաղաքական պայքարից ետ է կանգնում։ Նույն կերպ դուք ներկայացրիք նաեւ «Հազարամյակի մարտահրավերներին» Տեր-Պետրոսյանի ուղղված կոչը, որով նա հորդորում էր ՀՀ-ի դեմ տնտեսական պատժամիջոցներ չկիրառել։ Ու հիմա վարչապետի ֆուտլյար Տիկոն իշխանության շուրջ համախմբումից է խոսում. վայյեե~. եղած բանի շուրջ կհամախմբվեն, չեղածի շուրջ ո՞նց կհամախմբվեն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.