> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՐԵՔ ՄԵՋԲԵՐՈՒՄ

ԵՐԵՔ ՄԵՋԲԵՐՈՒՄ

29-08-2008_-ereq-mejberumԱյսօր ուզում եմ ուղղակի երեք մեջբերում անել Հրանտ Մաթեւոսյանից։ Ի՞նչ առիթով։ Մի՞թե Հրանտ Մաթեւոսյանին մեջբերելու կամ նրա մասին խոսելու համար առիթ է պետք։ Ոչ, ամենեւին, այնպես, ինչպես առիթ պետք չէ մտածելու, խորհելու, հասկանալու համար։ Չնայած «Ծառերը» պատմվածքից գոնե առաջին կտորը մեր թերթում էլի ենք մեջբերել, բայց դա մի հատված է, որ կարելի է ամեն օր թերթի ճակատին մեծ տառերով տպագրել, մանավանդ այս օրերին։ Կարդացեք եւ ինքներդ կհամոզվեք. «Ասում եք սեր, ասում եք սիրում ենք։ Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք,- դուք վախենում եք ատելուց։ Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետեւ վախենում եք բաց աչքով նայել ու ատել - հանկարծ կտեսնեն, որ ատում եք, ու կտան կսպանեն։ Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզեք էլ` չեք մեռնի, մի անգամ թող ձեր գլխի հետ իրենց բռունցք էլ ցավի - տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք` թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք` ձեզ թող զոռով կոտրեն - մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»։ Սա` առաջին մեջբերումը, խոսքեր, որ կիրառվել են հունիսի 20-ի, հուլիսի 4-ի, օգոստոսի 1-ի հանրահավաք-երթերի ժամանակ։ Բայց Վարպետին չարժե մեկնաբանել, ուղղակի մեջբերեմ եւս մի կտոր` հիշեցնելով, որ «Ծառերը» պատվածքը որդուն ուղղված մայրական մենախոսություն է. «Քոնոնք` քո էստեղինները` քո հերը, քո պապը, քո հորեղբայրները չեն հայհոյում, բայց քոնոնք աշխարհից ի՞նչ են հասկանում, որ ինչ հայհոյեն։ Ծեծում ես, զրկում ես, մորթում ես` եզն անմռունչ կանգնած է։ Գոնե չարանան, գետնից գոնե մի քար զավթեն, գոնե հեռվից ուշունցի կապեն,- ոչ,- դե եթե ուզում ես մորթես` մորթիր, դե եթե ուզում ես կտրես` կտրիր - ես ծառ եմ։ Քոնոնք ծառ ենե։ Համաձայնեք` արդիական հարց է. բայց եւս մեկ մեջբերում. «Չարուբարու ցավերից Թումանյանը ռուսաստաններում մեռնում է, բայց քոնոնք էստեղ կան, քոնոնք` քո պապ ու իմ պատրոն Ավետիքը, նրա ախպեր Եսային, ախպեր Հարությունը, Ակոփին ձին է քացի տվել, Օսեփը հանդում մրսել` եկել մեռել է, Եսայուն ջուրը տարավ, Ավետիքին` ծերությունը, ձերոնք մի հերոսական, մի կարմիր, մի շրխկան մահ չեն ունեցել… ու սրանց բոլորի գլխին` իրենց Օհանես հերը` հարյուր չգիտեմ քանի տարեկան։ Ծառերի պես կան, ոտի վրա փտում են։ Աշխարհի ոչ չարն են հասկանում, ոչ բարին - ծառի, թփի, ի՞նչ ասեմ, լծկանի, ի՞նչ ասեմ, խոտի պես կան, չարուբարու ցավը իրենցը չի, ում լուծն էլ լինի` լծկանն իրենք են, այո, ով հացվոր` իրենք հաց, ով լծող` իրենք լծկան, ով կացնավոր` իրենք ծառ»։ Ահա այսպիսի մեջբերումներ Մեծ վարպետից` Հրանտ Մաթեւոսյանից։ Ու այդ մեջբերումների ֆոնին ավելի հասկանալի է դառնում մարտի 1-ի բոլոր զոհերին Հայաստանի Ազգային հերոսի կոչում տալու մասին ՀՀ առաջին նախագահի առաջարկը։ Եւ ի դեպ, ոմանք թազա բան են գտել, թե բա` ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը, որ առաջարկում է մարտի 1-ի զոհերին հերոսի կոչում տալ, չի այցելել նրանց հարազատներին։ Ես իմ կարծիքը ասեմ` դեմ եմ, որ նա այցելի զոհերի հարազատներին, քանի դեռ իր հետ չի տանելու իր ձեռքով ստորագրված հրամանագրերը` այդ տասը նահատակին Հայաստանի Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.