> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«Մարտի 1-ի» հանձնաժողովում ոստիկանական չինովնիկների խայտառակությունից հետո ԱԺ որոշ պատգամավորներ կիսաձայն սկսել են խոսել այն մասին, թե մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողությունները անհամաչափ են եղել։ Ու այս կիսաձայն խոսակցությունից, ու այս ձեւակերպումից իրենք հիանում են իրենցով, իբր տեսեք` էս ոնց ենք տղամարդլամիշ եղել։ Մի հատ էլ սկսել են եզրակացնել, թե «Մարտի 1-ի» հանձնաժողովը ահագին էլ անկախ է, ուրեմն։ Նախ, եթե էդ հանձնաժողովը 10 տոկոս անկախություն ունենար, այնտեղ եկած քննիչներն ու ոստիկանները խորհրդարանից պետք է դուրս գային ոչ թե ինքնուրույն, այլ կողմնակի օգնությամբ` ծանր սթրեսի եւ ճնշման տատանումների պատճառով։ Եւ կույր էր պետք լինել` չնկատելու համար, թե ինչպես հանձնաժողովականների կողմից չեն հնչեցվում հարցեր, որոնք ակնհայտորեն աչք են մտնում։ Հանձնաժողովը ամեն ինչ անում էր, որ ոստիկան-քննիչները ինչքան հնարավոր է քիչ խոսեն, որովհետեւ ինչքան խոսում, այնքան խայտառակ են լինում։ Բայց անդրադառնանք ոստիկանական գործողությունների համաչափություն-անհամաչափությանը։ Մեր մեջ ասած, որեւէ գործողության համաչափ-անհամաչափ լինելու մասին կարելի է խոսել, եթե գործողությունը օրինական է, եւ հարցը միայն նրանում է, թե ինչքանով են այդ օրինական գործողությունը իրականացնելիս խիստ եղել ոստիկանները։ Տվյալ դեպքում, երբ խոսում ենք մարտի 1-ի առավոտյան դեպքերի մասին, պետք է խոսենք ոչ թե համաչափություն-անհամաչափության, այլ օրինական-անօրինականության մասին։ Ակնհայտ է, պարզից էլ պարզ է, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողությունները ծայրից ծայր ապօրինի են եղել, ու այդ գործողությունները հնարավոր չէ տեղավորել որեւէ օրենքի մեջ։ Մինչեւ հիմա Հայաստանի իշխանական համակարգը չի կարողանում պատասխանել մի պարզ հարցի. մարտի 1-ի առավոտյան ոստիկանները ինչո՞ւ էին եկել Ազատության հրապարակ եւ ժամը քանիսի՞ն էին եկել, իսկ «անկախ հանձնաժողովականներըե մտածում են համաչափություն-անհամաչափության մասին։ Միայն այսպիսի շեշտադրումով նրանք ընդամենը ապացուցում են, որ ստեղծված են միայն ու միայն մի նպատակի համար` թաքցնել, քողարկել իրականությունը։ Կարելի է շատ խրոխտ հայտարարել, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել։ Բայց այսպես հայտարարողներն ընդամենը թաքցնում են մի պարզ եւ ապացուցված ճշմարտություն. մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը իրեն դրել է օրենքից դուրս եւ Ազատության հրապարակ է եկել մարդկանց ջարդելու, ջարդելու հստակ հանձնարարությամբ ու հրամանով։ Ու չեն էլ կասկածել, որ ջարդելու են, ջարդելու են այնպես, որ առաջիկա տասը տարում այդ մարդկանց ձենն էլ դուրս չի գալու։ Դրա համար նախապես չեն մտածել հիմնավորումների, ձեւակերպումների, ժամ-պատարագի եւ այս կարգի այլ բաների մասին։ Հետո տեսել են, որ` չէ, ոնց որ բացատրելու անհրաժեշտություն է առաջացել. ու սկսել են բացատրել` ամեն մեկը ըստ իր խելքը կտրածի։ Ու ժամանակի սղության պատճառով չեն էլ կարողացել իրար հետ ճշտել իրենց ասելիքը։ Ու հիմա Սամվել Նիկոյան չէ, ուզում ա Դեյվիդ Կոպերֆիլդ լինի` ապօրինությունը թաքցնել հնարավոր չէ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.