> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Սերժանտական լրատվամիջոցները քարոզարշավ են սկսել «առ այն մասին», թե ինչքան վատ բան են հեղափոխությունները. գունավոր հեղափոխությունները։ Այս քարոզարշավը ուղղված է աշնանային գարնանամուտի դեմ, որին մենք բոլորս սպասում ենք։ Նրանք էլի նույն երգն են երգում, թե բա` գիտե՞ք, գունավոր հեղափոխությո~ւն, չգիտեմ ի~նչ։ Ես միանգամից դեն եմ նետում «գունավորը», որովհետեւ նա, ով չի հասկացել, որ մեր հեղափոխության գույները բացառապես հայկական են, ավելի ճիշտ` հայաստանյան, միայն ու միայն հայաստանյան, պետք է փորձի պարզել` չի՞ տառապում արդյոք դալտոնիզմով։ Իսկ ընդհանրապես, եթե մեզ բերվում է Ուկրաինայի եւ Վրաստանի օրինակը, Հայաստանի պատմությունից անտեղյակ այդ մարդկանց պետք է ասել. երբ մենք Հայաստանում թավշյա հեղափոխություն էինք անում, վրացիք էլ, ուկրաինացիք էլ ծառից ծառ էին թռչում։ Խոսքը, իհարկե, 88-ի մասին է։ Եթե օրինակ է պետք մեզ, մենք թքել ենք վրացիների էլ, ուկրաինացիների էլ, ղրղզների էլ օրինակների վրա։ Մեր օրինակը մեր 88-ն է եւ ուրիշ ոչինչ։ Այն 88-ը, որի արդյունքում Հայաստանը, հայ ժողովուրդը իր պատմության համար աննախադեպ ու բացառիկ հաղթանակ տարավ իր պատմության համար սովորական պատերազմում ու սովորական կենաց-մահու պայքարում։ Հիմա էս հարիֆները ուզում են ասել, որ Արեւմուտքի 25-30 տարեկան ժորժիկները, «Can I help you?ե ասելով, Լեւոն Տեր-Պետրոսյանին պետք է բացատրեն, թե ինչպես է պետք թավշյա հեղափոխություն անել։ Էդ տիպի խիյարների հետ, պարոնայք սերժանտներ, դուք եք ամեն օր շփվում, եւ դրանք էին նախընտրական շրջանում ձեզ համար PR-պլան մշակում մեկուկես-երկու միլիոն դոլարով։ Էդ տիպի խիյարները` ՀՀ-ում ԱՄՆ չեղած դեսպան Ջոն Էվանսի գլխավորությամբ, ձեր հենարանն էին, էդ տիպի խիյարները դիտորդի կարգավիճակով եկել ու ձեր արած հանցանքներն էին թաքցնում։ Էդ տիպի եվրոյոնջաները 2005-ին ձեր Սահմանադրության հանրաքվեին էին քվեարկող մարդ տեսել. դե, իսկ ռուսներն էլ առավոտ հազիվ պախմելից հելան` ասուլիս անելու համար։ Հիմա դուք մեզ եկել եք ասում եք գունավո՞ր, այ միագույններ։ Բայց, բայց, այնուամենայնիվ, եկեք անդրադառնանք այն հարցին` լա՞վ բան է հեղափոխությունը, թե՞ վատ։ Բոլոր նրանց, ովքեր նման հարց են տալիս, պետք է ուրիշ հարց տալ. պատերազմը լա՞վ բան է, թե՞ վատ։ Եւ ձեզ կպատասխանեն` վատ բան է պատերազմը, բայց եթե այդ պատերազմը վարում ես հայրենիքդ պաշտպանելու համար, սուրբ գործ է։ Եւ այն ժողովուրդը, որ ի վիճակի չէ պատերազմում իր հայրենիքը պաշտպանել, ապրելու իրավունք չունի։ Ուրեմն` նույն այս տրամաբանությամբ էլ հեղափոխությունը։ Ես գիտեմ մի բան` հեղափոխությունը անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացու իրավունքի պաշտպանության համար։ Հեղափոխությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց, վերջին միջոցը` հաղթահարելու այն իրավիճակը, երբ քաղաքացին ի զորու չէ իր իրավունքները պաշտպանել, երբ քաղաքացին սպառել է իր իրավունքների պաշտպանության բոլոր ձեւերը։ Ոստիկանությունը չի ծառայում մարդու պաշտպանությանը, այլ ոտի տակ է տալիս նրա իրավունքը։ Դատարանները չեն պաշտպանում մարդու օրինական իրավունքները, այլ ոտի տակ են տալիս դրանք։ Պետական մարմինները ոտի տակ են տալիս մարդուն, ՏԻՄ մարմինները ոտի տակ են տալիս մարդուն։ Այսինքն` մարդը իր իրավունքը պաշտպանելու ոչ մի միջոց չունի, եւ միակ միջոցը փողոց դուրս գալն ու այդ իրավունքը անմիջականորեն, սեփական ձեռքերով ու կամքով պաշտպանելն է։ Ճիշտ է, հեղափոխությունը որոշ անկայունության հնարավորություն բերում է։ Բայց այդպես կուրորեն հավատարիմ մնալ կայունությանը` նշանակում է ամեն ինչ թողնել անփոփոխ։ Նշանակում է ասել` հեղափոխությունը վատ բան է, իսկ ընտրակեղծարարությունը` ազգային նպատակ, հեղափոխությունը վատ բան է, իսկ ընտրատեղամասերում մարդկանց ծեծելը` հերոսություն, հեղափոխությունը վատ բան է, իսկ մարդկանց առեւանգելը` հրաշալի արարում, հեղափոխությունը վատ բան է, իսկ ապօրինությունը` ազգային գաղափարախոսություն, հեղափոխությունը վատ բան է, իսկ կեղծիքը` առաքինություն։ Հեղափոխությունը չի լինում լավ կամ վատ, այն լինում է անհրաժեշտ։ Եւ Հայաստանի ժողովուրդը կանի այն, ինչ իրեն անհրաժեշտ է` ոտքի կանգնելու համար։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.