> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հազար ինը հարյուր իննսունութ թվականի փետրվարին` նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականից մեկ-երկու օր հետո, ՆԳ եւ ԱԱ այն ժամանակվա նախարար Սերժ Սարգսյանը ասուլիս էր անում ՆԳ նախարարության շենքում։ Այն ժամանակ համեստ տղա էր` շուշաբանդ ակնոցներով-բանով, բորդո «Պաջեռո» ջիփով էր շրջում, մի մեքենա, որ հիմա իր ախրաննիկների աչքին էլ է բոմժական թվում։ Այն ժամանակ ես էլ էի համեստ տղա եւ ասուլիսին մասնակցում էի որպես համեստ լրագրող։ Եւ ահա, ասուլիսի ամենաթեժ պահին հարց տալու վեր կացավ մի լրագրողուհի։ Նախ` նկատելի էր, որ ժանրի կանոնների համաձայն` նա ասուլիս գալուց առաջ ամեն դեպքում լողացել էր։ Հետո` վարսավիրանոց էր գնացել եւ ֆիքսել այն ժամանակներում լայնորեն մոդա համարվող չոլկան։ Էլի եմ հիշեցնում. ասուլիսը տեղի էր ունենում նախագահի հրաժարականից մեկ կամ երկու, քարը տրաքի` երեք օր անց։ Էլի եմ ընդգծում լրագրողուհու կեցվածքը. հա, հարցը տալուց առաջ` նստած տեղից կանգնելուց հետո, նա մի հատ շորերը ուղղեց, ձեռքերը շոշափեց մազերի վրայով ու տվեց իր հարցը. «Պարոն նախարար, իսկ ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել մարմնավաճառուհիների ու պոռնկության դեմ»։ Դահլիճը ծիծաղից պայթեց։ Լրագրողուհին չէր սպասում նման արձագանքի եւ, հարցի կարեւորությունն ընդգծելու համար, հավելեց. «Չէ՞ որ դա խաթարում է մեր ազգային նկարագիրը»։ Լրագրողուհու հետագա գործունեությունը ցույց տվեց, որ հարցը իրոք շատ հրատապ էր։ Հետագա տարիներին նա խանութներ ունեցավ, մարդուն, այսինքն` ամուսնուն, աշխատանքի տեղավորեց Հարկային տեսչությունում։ Եւ ես հասկացա, որ լրագրողուհին այդ ասուլիսի ժամանակ չէր կարող ուրիշ հարց տալ, որովհետեւ դա նրան ամենաշատն էր հուզում տվյալ պահին, դա նրա համար ամենաօպերատիվ խնդիրն էր։ Բայց իմ նյութը սրա մասին չէ, իմ նյութը էլի Ազատության հրապարակում տասն օր շարունակ տեղի ունեցած հանրահավաքի մասին է եւ «հայլուրայինե խոսակցությունների, զրույցների։ Տասն օրվա ընթացքում Ազատության հրապարակում առնվազն 1 միլիոն 200 հազար մարդ է եղել. ոչ թե միաժամանակ, ճիշտ հասկացեք, այլ տասն օրվա ընթացքում։ Մարդիկ կան, որ տասն օրն էլ եղել են հանրահավաքի, մարդիկ կան, որ այդ ընթացքում մեկ անգամ են եկել կամ երկու։ Այսինքն` իմ ասած թիվը տասն օրվա ընթացքում գոնե մեկ անգամ Ազատության հրապարակ եկած մարդկանց հանրագումարն է։ Հիմա` «հայլուրականներըե ԱԱԾ-ականների հետ խոսակցություններ են տարածում, թե փետրվարի 20-ից մարտի 1-ը Ազատության հրապարակում եղել են թմրամոլներ։ «Սեփական աչքովե տեսնողներ են եղել։ Մարդիկ կան` «սեփական աչքով պուտանկաներ էլ են տեսել» Ազատության հրապարակում հանրահավաքի տասն օրվա ընթացքում։ Ես չեմ ուզում այս մարդկանց ասածները հերքելու փորձ անել։ Ուրիշ բան եմ ուզում հարցնել. այդ տասն օրվա ընթացքում Ազատության հրապարակի մուտքը հրավիրատոմսերո՞վ էր, թե՞ բժշկի թղթով։ Էսօր, հենց էս պահին Ազատության հրապարակում պուտանկա ու թմրամոլ չկա՞։ Մաշտոցի անունով պողոտայում, Սբ. Գրիգոր Լուսավորիչ անունով եկեղեցու մոտ, Մայր Աթոռում մոմ վառող… Այսինքն` եթե անգամ ենթադրենք, որ տասն օրվա ընթացքում Ազատության հրապարակում թմրամոլ է եղել ու պուտանկա, դա եզրակացություն անելու հի՞մք է տալիս, ուրեմն դրանով կարելի է գնահատել Ազատության հրապարակում տեղի ունեցա՞ծը։ Լավ մտածեք պատասխանելուց առաջ, որովհետեւ եթե դրական պատասխանեք, այդ դրական պատասխանողին ես ասելու եմ` ձեր շենքում, կողքի շենքում կամ ձեր պադյեզդում կամ ձեր թաղում կամ ձեր գործի տեղը կամ այն երթուղայինի մեջ, որով դուք եք շրջում, ահա այդ տեղերում պուտանկա կա, անգամ պուտանկաներ։ Նշանակում է… եզրակացությունը թողնում եմ ձեզ։ Նարկոման է ապրում ձեր պադյեզդում, նշանակում է… ինքներդ հասկացաք, թե ինչ է նշանակում։ Բայց ես չեմ սա ձեզ ասում, սա ինքներդ եք ձեզ ասում։ Եւ երբ որ կասեք, որ փետրվարի 20-ից մարտի 1-ը Ազատության հրապարակում պուտանկաներ են եղել եւ կփորձեք եզրակացություն անել սրանից, հիշեք, թե ձեզ ինչ եմ ասում։ Ես չեմ ասում, դուք ինքներդ եք ասում։ Ուղղակի էնքան ուղեղ չունեք, որ սա հասկանաք, չեք հասկանում, որ ձեր տրամաբանությամբ` եթե Երեւանում պուտանկա կա, ուրեմն Երեւանը պուտանկաների քաղաք է։ Պուտանկայի համար պուտանկայի քաղաք է, Քաղաքացու համար` Ազատության քաղաք։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.