> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՎՐՈՆԺԴԵՀԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՎՐՈՆԺԴԵՀԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավական այն սխեման, որի շրջանակներում հետապնդման են ենթարկվում ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանը, ուղղակի ապշեցուցիչ է առաջին հերթին ցինիզմի աննախադեպ չափերով։

Ո՞րն է այդ սխեմայի էությունը. մարդը փողոցից բերման է ենթարկվում ոստիկանություն, ապա եւ ձերբակալվում։ Բնականաբար, հանրությունը կամ տվյալ մարդու հարազատները հետաքրքրվում են, թե ինչու է նա նման վերաբերմունքի արժանացել։ Իրավապահները պարզաբանում են, որ տվյալ մարդը կասկածվում է լուրջ հանցանքներ կատարելու մեջ, եւ կասկածների այնպիսի ցանկ են շարադրում, որ կարելի է սրտամկանի կաթված ստանալ` իշխանության յուրացում, թմրամոլություն, մարդասպանություն, բռնաբարություն։ Ինքներդ եք հասկանում, որ նման հանցանքների մեջ կասկածվողներին ազատության մեջ թողնելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Եւ ահա, մարդիկ պահվում են կալանքի տակ։ Նրանց հետ քննչական ոչ մի գործողություն չի իրականացվում, բայց քննիչներն ասում են` դե, որ կալանավորել ենք, ուրեմն մի բան գիտենք, ուրեմն փաստեր կան, ապացույցներ կան։ Իսկ եթե չեք հավատում, ջհանդամ հավատաք, մենք պարտավոր չենք ձեզ հաշվետու լինել։ Այ, կգա դատավարության պահը, էն ժամանակ ձեզ հետ կխոսենք։ Այսպես անցնում են ամիսներ, մարդիկ, տվյալ դեպքում` Գագիկ Ջհանգիրյանը եւ Սմբատ Այվազյանը, մնում են կալանքի տակ։ Այս ընթացքում քննիչները գնում են դատարան եւ միջնորդում երկարացնել կալանքի ժամկետները, քանի որ բավարար հիմքեր եւ ապացույցներ կան, որ տվյալ մարդիկ կատարել են սպանություն, թմրամոլ են, բռնաբարություն են իրականացրել, իշխանություն են յուրացրել. կարճ ասած, մեղավոր են ՔՕ բոլոր հոդվածներով։ Դատարանը երկարացնում է կալանքի ժամկետները։ Այսպես մարդիկ վեց ամիս նստում են, ու մեկ էլ հանկարծ գործը ուղարկվում է դատարան, եւ պարզվում է, որ չնայած մարդկանց կալանքի ժամկետները երկարացրել են նրանց մարդասպան, թմրամոլ, մաքսանենգ լինելու «ապացույցներիե հիման վրա, իրականում նրանց այդ ամենի մեջ չեն մեղադրում։ Չէ, բարեկամներ, նրանք ո՛չ մաքսանենգ են, ո՛չ մարդասպան, ո՛չ էլ բռնաբարություն են իրականացրել, այլ բռնություն են իրականացրել ոստիկանի նկատմամբ։ Լուրջ հանցանք է, բան չունենք ասելու։ Բայց ե՞րբ է իրականացվել այդ բռնությունը։ Պարզվում է` դա եղել է հետո, շատ հետո։ Այն ժամանակ, երբ մարդը որպես մարդասպան կալանքի տակ է եղել, եւ նրանց մի կալանավայրից մեկ ուրիշ կալանավայր են տեղափոխելիս եղել, այդ ժամանակ մարդը մեքենայի մեջ բռնություն է իրականացրել իրեն ուղեկցած չորս ոստիկաններից մեկի հանդեպ։ Իսկ մյուս երեք ոստիկանները փորձել են մարդուն բացատրել, որ ինքը հակաօրինական գործողություն է իրականացնում. «Մարդ ջան, խնդրում ենք, բռնության մի ենթարկիր ոստիկանին, որովհետեւ դա ճիշտ չէ, դա հակաօրինական գործողություն էե,- բացատրելիս են եղել մարդուն ուղեկցող չորս ոստիկաններից երեքը։ Բայց մարդը չի լսել եւ շարունակել է առանձին դաժանությամբ բռնությունների ենթարկել չորրորդ ոստիկանին, չնայած ձեռքերը շղթայված են եղել։ Իսկ ոստիկանության մյուս երեք աշխատակիցների խնդրանք-հորդորները ոչ մի օգուտ չեն տվել։ Ահա այսպիսի քրեական խրոնիկա. այսինքն` մարդուն փողոցից բռնում են, նրա վրա կախում ամենասարսափելի մեղադրանքները, բայց հետո պարզվում է, որ նա այդ հանցանքների համար ձերբակալվելուց հետո չի ենթարկվել մի ինչ-որ սերժանտի, եւ այս փաստը հիմնավորվում է միայն սերժանտի ցուցմունքով։ Ինչ վերաբերում է այն ծանր մեղադրանքներին, դրանք ուղղակի չեն հաստատվել, նման կասկածների համար հիմքեր անգամ չեն եղել, եւ հիմա մարդը մեղադրվում է միայն սերժանտի ցուցմունքով։ Ահա այսպիսի մեղադրանք է կախված Ջհանգիրյանի եւ Այվազյանի վրա։

Եւ ահա, ամենասարսափելին այն է, որ դեռ կան մարդիկ, ովքեր ինչ-որ կասկածներ ունեն` այդ մարդիկ քաղբանտարկյա՞լ են, թե՞ ոչ։ Բայց շատ ավելի կարեւոր է, որ նրանք ձերբակալվել են մարտի 1-ի դեպքերից առաջ, եւ նրանց ձերբակալությունը ունեցել է մի նպատակ. ահաբեկել, վախեցնել Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակիցներին։ Այս նույն սխեմայի մեջ էր նաեւ Սուրեն Սուրենյանցի ձերբակալությունը, ով ձերբակալվեց միայն հանրահավաք վարելու համար, եւ ում վրայից մարտի 1-ից հետո բոլոր մեղադրանքները հանվեցին։ Այս նույն սխեմայի մեջ էին Արամ Կարապետյանի, Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ մյուսների ձերբակալությունները։ Այս նույն սխեմայի մեջ էին երիտասարդներին, ուսանողներին ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկելն ու ահաբեկելը։ Դեռ մարտի 1-ից շատ առաջ իրավապահ համակարգը իրեն դրել էր օրենքից դուրս, եւ այն ժամանակ էլ մեզ համար պարզ էր, թե ինչու են ձերբակալվում Գագիկ Ջհանգիրյանը, Սմբատ Այվազյանը, Պետրոս Մակեյանը, Աշոտ Զաքարյանը, Սուրեն Սուրենյանցը։ Մենք գիտեինք, որ այդ ամենը ապօրինի է, եւ չի կարող այդ մարդկանց նկատմամբ լինել որեւէ իրական մեղադրանք։ Բայց այդ ձերբակալություններին մենք արձագանքեցինք հնարավորինս հանդարտ` չցանկանալով սրել իրավիճակը։ Այդպես արձագանքել էինք նաեւ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինություններին, ընտրություններից առաջ տեղի ունեցած ապօրինություններին, որոնց միայն թվարկումը հարյուրավոր համակարգչային էջեր էր կազմում։ Բայց իշխանությունը չէր հանդարտվում եւ մարտի 1-ի առավոտվանից մի այնպիսի աներեւակայելի ապօրինության գնաց, որ չի կարողանում թաքցնել անգամ մարտի 1-ի խորհրդարանական խամաճիկային հանձնաժողովը։ Եւ այսքանից հետո (օրվա երկրորդ կեսի իշխանական ապօրինություններին հետո կանդրադառնանք) մեզ մեղադրում են ինչ-որ բաներում։ Այսինքն` նրանց տրամաբանությունը հետեւյալն է. մարտի 1-ին մենք պետք է ասեինք` դե լավ, ժողովուրդ, ռազ որ մեր ոստիկանությունը ավելի ու ավելի կոշտ ապօրինությունների ու բռնությունների է դիմում, ռազ որ մեր իշխանությունը բեսպրեդել է, ուրեմն եկեք ցրվենք տներով։ Իսկական «նժդեհական» տրամաբանություն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.