> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԱՐՏԻ 1-Ի ԱՌԱՎՈՏԸ

ՄԱՐՏԻ 1-Ի ԱՌԱՎՈՏԸ

Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ կան մի շարք փաստեր, որոնք ենթակա չեն հերքման, եւ անգամ իշխանությունները կեղծիքի իրենց պրոֆեսիոնալ մեքենայի գործադրմամբ դա չեն կարող անել։ Այդ փաստերը շատ կարեւոր են եւ վկայում են այն մասին, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը կամ այդպիսի անվան ներքո հանդես եկող ուժերը իրենք իրենց դուրս են դրել օրենքից, եւ ինքնապաշտպանության դիմելու մեր որոշումը պարտադրված է եղել այդ ուժերի ապօրինի գործողություններով։ Ամփոփենք, սակայն, այն փաստերը, որոնք վկայում են իշխանական ուժային կառույցների ապօրինի գործողությունների մասին։

Փաստ 1 - Մոտ երեք հազար ոստիկանները Ազատության հրապարակ սկսել են գալ առավոտյան ժամը 06.20-ին եւ մոտավորապես 06.35-ին հարձակվել են ցուցարարների վրա։

Փաստ 2 - Ոստիկանական ուժերը ցուցարարներին ոչ մի պահանջ, ոչ մի պայման չեն առաջադրել ո՛չ անմիջապես` բարձրախոսով, ո՛չ հանրահավաքի կազմակերպիչների միջոցով, ո՛չ էլ որեւէ այլ կերպ։

Փաստ 3 - ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ոստիկանները Ազատության հրապարակ էին եկել ցույցը ցրելու։ «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու կարգի մասինե ՀՀ օրենքի համաձայն, ոստիկանությունը հանրահավաքը ցրելու իրավունք չունի, քանի դեռ կազմակերպիչներին ողջամիտ ժամկետ չի տվել այն դադարեցնելու համար, ապա եւ կազմակերպիչների մերժումից հետո բարձրախոսով նույն պահանջը չի առաջադրել հանրահավաքի մասնակիցներին։

Փաստ 4 - Ոստիկանությունը թիվ 3 ակնհայտ փաստը լղոզելու համար` փորձում է ներկայացնել, թե մարտի 1-ին Ազատության հրապարակ է եկել տեղազննություն եւ խուզարկություն անցկացնելու համար։ Այս դեպքում էլ էական է այն հանգամանքը, որ Ազատության հրապարակ ներկայացած ոստիկանները ցուցարարներին կամ հանրահավաքի կազմակերպիչներին որեւէ պահանջ չեն ներկայացրել, նրանց որեւէ տեղեկություն չեն տվել իրենց այցի նպատակների մասին։ Եթե անգամ ոստիկանությունը պետք է հրապարակում օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացներ, դա իրավասու էր անել միայն ժամը 07.00-ից հետո։ Մինչդեռ ցուցարարների վրա հարձակումը սկսվել է մոտավորապես 06.35-ին։

Փաստ 5 - Այն զենքն ու զինամթերքը, որ իշխանությունները վերագրում են ցուցարարներին, ըստ ոստիկանության տրամադրած տեղեկությունների, հայտնաբերվել է Ազատության հրապարակի մերձակա գազոններում կամ ավելի հեռու։ Այսինքն` այն տարածքներում, որոնք օրվա գրեթե ոչ մի ժամի զբաղեցված չէին լինում ցուցարարների կողմից։ Սա նշանակում է, որ ցանկության դեպքում ոստիկանությունը կարող էր տվյալ տարածքում օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնել, զննություններ կատարել` առանց Ազատության հրապարակում գտնվող մարդկանց շրջափակելու։ Այդ զենքերի «հայտնաբերմանե գործը կարող էր իրականացվել նույն կերպ, ինչպես իրականացվել էր դրանց տեղադրման գործը։ Ազատության հրապարակի հարթակից մի քանի անգամ հայտարարել ենք, որ տեղյակ ենք, որ ԱԱԾ-ն մոտակա գազոններում բենզինի շշեր, ձողեր է տեղադրում։ Նռնակներն ու ատրճանակները թերեւս տեղադրվել են մարտի 1-ի առավոտյան։

Փաստ 6 - ՀՀ իրավապահ մարմինները չունեն ոչ մի ապացույց, որ Ազատության հրապարակի մերձակայքում «հայտնաբերվածե զենքը կապ ունի ցուցարարների հետ։ Այսօր դա խոստովանում են նաեւ ոստիկանության ներկայացուցիչները։ Չնայած սրան, վեց ամիս շարունակ իշխանական քարոզչամեքենան այդ զենք-զինամթերքը վերագրել է ցուցարարներին` այդ փաստի ճշտությունը կասկածի տակ չառնելով անգամ։ Առավել կարեւոր է այն, որ զենք-զինամթերքը ցուցարարներին վերագրելու պրոցեսը սկսվել մարտի 1-ի վաղ առավոտյան հեռուստատեսային լուրերի թողարկումներով։ Եւ այդ կեղծիքը նոր ուժով է բորբոքել մարդկանց կրքերը, մանավանդ որ ցուցադրվել են կադրեր, թե ինչպես են ոստիկանները մերկ ձեռքերով թփերի տակից գտնում ատրճանակներ, նռնակներ։

Փաստ 7 - ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ մարտի 1-ի առավոտյան ցուցարարներին հորդորել է ոստիկանության հետ ոչ մի կոնտակտի մեջ չմտնել, իսկ ոստիկանությանը հորդորել է բացատրել Ազատության հրապարակ գալու պատճառը, հենց հարթակից առեւանգվել է, ապա եւ ենթարկվել տնային կալանքի։

Փաստ 8 - Ազատության հրապարակից ոստիկանության հարձակման արդյունքում հեռացած անձինք հետապնդումների են ենթարկվել Երեւանի կենտրոնի փողոցներում։ Ազատության հրապարակից հեռացող, ինչպես նաեւ Ազատության հրապարակ եկող մարդկանց ծեծը շարունակվել է Հյուսիսային պողոտայում, Մաշտոցի պողոտայում, Տերյան փողոցում, Աբովյան փողոցում, Հանրապետության հրապարակում։ Ոստիկանների կողմից ջարդի ենթարկվող մարդիկ շարժվել են դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն` հույս ունենալով, որ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության մոտ, որտեղ արտաքին տեսախցիկներ կան, ոստիկանները իրենց չեն խոշտանգի։ Խոշտանգումները, սակայն, շարունակվել են նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում։

Չնայած այս փաստերը սպառիչ չեն, այսինքն` չեն ամբողջացնում մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցածի պատկերը, այս պահին բավարարվենք այսքանով։ Արձանագրենք նաեւ, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանության ձեռնարկած գործողությունների ապօրինի լինելը չի կարող հերքվել իրականության մեջ գոյություն ունեցող որեւէ փաստով։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.