> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Կան բազմաթիվ արտահայտություններ, որոնք լավ են հնչում. սեր, կայունություն, հանդուրժողականություն, պետականամետություն, հավասարակշռվածություն, զսպվածություն։ Կա նաեւ այս համամարդկային արտահայտությունների հայկական շարունակությունը. ջուր չլցնենք թուրքի ջրաղացին, ազգային միասնություն, հավաքականություն։ Արդյո՞ք ես որեւէ բան ունեմ այս բառերի, հասկացությունների, դրանց իմաստների հետ։ Քավ լիցի։ Ավելին` ով այս բառերի, հասկացությունների դեմ բան ունի, շիզոֆրենիկ է։ Բայց պակաս շիզոֆրենիկ չէ նա, ով այս եզրույթները օգտագործում է մակերեսային, մասնակիորեն, այսինքն` հանրության որոշ հատվածի առանձնաշնորհելով սիրված ու հանդուրժված լինելու իրավունքը, մյուսներին` ոչ։ Ես ինչ-որ չեմ հիշում, որ Սոս Սարգսյան ա, ինչ զիբիլ ա, մտահոգություն արտահայտած լինի, որ իր երկրի ոստիկանները, օլիգարխների սափրագլուխները ընտրական տեղամասերում քացու տակ են գցում կանանց։ Հիմա այդ կանայք հանդուրժված լինելու, զսպված վերաբերմունքի արժանանալու իրավունք ունե՞ն, թե՞ չունեն։ Ընտրական տեղամասերում բռնությունների ենթարկված մարդիկ սիրված եւ հանդուրժված լինելու իրավունք ունե՞ն, թե՞ չէ։ Ռազմիկ Դավոյան ա, ինչ զիբիլ ա, չի տեսնո՞ւմ` ինչ է կատարվում դատարաններում, թե ոնց են մարդկանց բանտերը լցնում` դրա համար իրավական որեւէ հիմք չունենալով։ Թե՞ մտավորականներ են, ինչ զիբիլներ են, պուտանկայի նման ամառային սեզոնին Փարիզից գաստրոլի էկող ինչ մեյմուններ են, սիրվելու արժանի են համարում միայն նրանց, ովքեր կարող են իրենց թուլափայ շպրտել կամ էլ կտրել էդ թուլափայը։ Հետաքրքիր է, ի՞նչ ներկայացում էր տալու սփյուռքահայ Վարդան Պետրոսյանը, եթե նրան դահլիճ չտային, այնպես, ինչպես դահլիճ չեն տրամադրում ընդդիմադիր տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների` վերջիններիս զրկելով իրենց գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից։ Հետաքրքիր է, ի՞նչ էր բլբլացնելու, եթե նրա եթեր մտնելը արգելված լիներ իշխանության վերնախավի կողմից։ Հետաքրքիր է, ի՞նչ էր բարբառելու, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի հարեւան լիներ։ Իսկ ընդհանրապես, հանրային կյանքում վերը նշված բարձրագոչ եւ ինձ համար սիրելի արտահայտությունների կիրառման մի ձեւ կա. երբ ես ասում եմ սեր, հասկանում եմ օրինականություն, երբ ասում եմ հանդուրժողականություն, հասկանում եմ օրինականություն, երբ ասում եմ կայունություն, հասկանում եմ օրինականություն, երբ ասում եմ հավասարակշռվածություն, հասկանում եմ օրինականություն, երբ ասում եմ զսպվածություն, հասկանում եմ օրինականություն, երբ ասում եմ ջուր չլցնենք թուրքի ջրաղացին, հասկանում եմ օրինականություն, երբ ասում եմ ազգային միասնություն, հասկանում եմ օրինականություն, երբ ասում եմ հավաքականություն, հասկանում եմ օրինականություն։ Ես ոչ ոքից չեմ պահանջում, որ ինձ սիրեն, ու չեմ պարտավորվում բոլորին սիրել. բայց ինձ չսիրողները եւ նրանք, ում ես չեմ սիրում, իսկապես իրար նկատմամբ սեր արտահայտած կլինենք, եթե իրար նկատմամբ օրինական վարքագիծ դրսեւորենք։ Եթե դուք ինձ հետ հարաբերություններում դուրս եք գալիս օրենքի շրջանակից, իրավունք չունեք ինձ սեր քարոզել, եթե դուք չեք դատապարտում ապօրինությունը, իրավունք չունեք հանդուրժողականություն քարոզել, որովհետեւ դուք մարդկանց կոչ եք անում հանդուրժել ցինիզմը, ապօրինությունը, կեղծիքը, մարդկային արժանապատվության ոտնահարումները։ Որովհետեւ ձեր քարոզած սիրո տակ ատելություն է թաքնված, ատելություն բոլոր նրանց եւ այն ամեն ինչի նկատմամբ, որ ձեզ թույլ չի տալիս աննկատ ու հանգիստ լափել ձեր տերերի ձեռքից ստացած լափը։ Երբ ասում եմ Ազատություն, դարձյալ հասկանում եմ օրինականություն։ Օրինականություն, որ սահմանվել է այն օրենսդիրի կողմից, որը ընտրվել է ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Երբ ասում եմ հեղափոխություն, դարձյալ հասկանում եմ օրինականություն, որովհետեւ հեղափոխությունը օրինականությունը վերականգնելու վերջին միջոց է։ Բոլոր մյուս միջոցները Հայաստանում սպառվել են։ Ուրեմն Հայաստանում հեղափոխության այլընտրանքը ապօրինությունն է։ Երբ ասում եմ կայունություն, դարձյալ հասկանում եմ օրինականություն, որովհետեւ մենք պետք է այնքան խելամիտ լինենք, որ ՀՀ-ում բարձրագույն իշխանություն ունեցող հավաքականությանը հնարավորություն տանք, որ նա ընտրի իր իշխանությանը եւ այդ իշխանությանը հեռացնելու հնարավորություն ունենա։ Նա, ով կանգնում է բռնության կողքին ու սեր է քարոզում, բռնություն է քարոզում եւ ուրիշ ոչինչ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.