> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍՏՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ

ՍՏՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ

ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի եւ քրեական հետախուզության վարչության պետ Հովիկ Թամամյանի ելույթները հերթական անգամ ապացուցեցին, որ ի դեմս ոստիկանության վերնախավի մենք գործ ունենք ոչ թե երկրում օրինականությունը պահպանելուն ուղղված գործունեություն ծավալող մարդկանց, այլ մի խմբավորման հետ, որի համար ոստիկանություն կոչվող մարմինը յուրօրինակ մաֆիոզ կառույց է, որը հսկայական եկամուտներ է բերում իր պարագլուխներին։
Այլապես ինչպե՞ս բացատրել, որ այդ կառույցի ներկայացուցիչները օրը ցերեկով, բաց աչքերով խաբում են այն հանրությանը, որին իրենք իբր պետք է ծառայեն։ Այդ սուտը շատ հաճախ ջրի երես է դուրս գալիս ինքնին. Սաշիկ Աֆյանը, օրինակ, այնքան է կորցրել իրականության զգացողությունը, որ նրան թվում է, թե ինքն ու իր շեֆերը կարող են փոխել սեփական առանցքի եւ Արեգակի շուրջ Երկրի պտույտի ցիկլը եւ այնպես անել, որ մարտի 1-ի առավոտյան ժամը 6.20-ին արեւը ծագած լինի Երեւանում։ Իհարկե, «Հայլուրը» կարող է ռեպորտաժ պատրաստել եւ հայտարարել, որ «Արմենիկումիցե հետո Սերժ Սարգսյանը Հայաստանին նոր հրաշք է նվիրել, եւ այսուհետ արեւը ՀՀ-ում ծագում է սովորականից մեկ-երկու ժամ շուտ։ Բայց սա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ հենց այդպես էլ կա։

Հաջորդ սուտը, որ թելում է Սաշիկ-Հովիկ զույգը, այն է, թե երբ ոստիկանները Ազատության հրապարակ են մտել, ցուցարարները, այսինքն` մենք, պատրաստ ենք եղել նրանց դիմավորելու։ Սա կատարյալ սուտ է. օրինակ, երբ վահանավոր եւ մահակավոր ոստիկանները մուտք էին գործում հրապարակ, ցուցարարների 60 տոկոսը քնած էր վրաններում, եւ նրանք արթնացել են ոստիկանության ուժերի` Ազատության հրապարակ մուտք գործելուն զուգընթաց։ Սաշիկ Աֆյանը սուտ է ասում, որ Ազատության հրապարակում բարիկադներ են կառուցված եղել. նման բան ուղղակի չի եղել։ Թող ցույց տան այդպիսի գոնե մեկ կադր, գոնե մեկ նկարահանում։

Ազատության հրապարակում բարիկադների առկայության մասին սուտը ասվում է` հիմնավորելու համար իշխանական հետեւյալ սցենարը. այն է` ոստիկանությունը մտադրվել է խուզարկություն իրականացնել Ազատության հրապարակում, բայց քանի որ ոստիկանության ներսում դավաճան է եղել եւ այս ինֆորմացիան փոխանցել է ցուցարարներին, վերջիններս պատրաստվել են ոստիկանների գալուն եւ նրանց դիմադրություն ցույց տալուն։ Ես չեմ հասկանում` մեր ոստիկանության վերնախավը դպրոց գնացե՞լ է, թե՞ չէ։ Եթե մենք նախապես (ոստիկանության ասածով` մոտ 10 ժամ առաջ) գիտեինք, որ ոստիկանները գալիս են խուզարկություն անելու եւ մեր «զենքերըե հայտնաբերելու, պետք է ուրախ լինեինք դրա համար, որովհետեւ եթե անգամ Ազատության հրապարակում զենք ունենայինք, այդ տասը ժամվա ընթացքում կհասցնեինք դրանք հեռացնել հրապարակից։ Ես, օրինակ, հաճույքով ընթերակա կլինեի նման խուզարկության ընթացքում` տեսնելու համար, թե ինչպես ոստիկանները փնտրում-փնտրում ու չեն գտնում այն, ինչի առկայության մեջ համոզված են։

Բայց սա այս վարկածի միակ մեծ խորշը չէ. եթե մենք որոշել էինք ոստիկանությանը դիմադրություն ցույց տալ եւ 10 ժամ առաջ գիտեինք, որ նման հարց է ծագելու, ի՞նչն էր խանգարում հարթակից ժողովրդին զգուշացնել ոստիկանության կողմից նախապատրաստվող գործողության մասին եւ մեր համակիրներին կոչ անել մնալ Ազատության հրապարակում։ Կարծում եմ` որեւէ մեկը չի կասկածում, չէ՞, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում մարտի 1-ի առավոտյան ժամը 06.30-ին Ազատության հրապարակում հարյուրհազարավոր մարդ կլիներ։ Այդքան մարդու կարելի էր Ազատության հրապարակ հրավիրել նաեւ գիշերվա ընթացքում։ Այնպես որ, ոստիկանական պնդումները որեւէ քննադատության չեն ենթարկվում։

Ամենասկզբունքային սուտը, սակայն, որ թույլ է տալիս ոստիկանությունը, այն է, թե մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած գործողություններից առաջ բարձրախոսով ինչ-որ հայտարարություն է եղել ոստիկանության այցի նպատակների մասին։ Այսինքն` ոստիկանությունն ինքն է նման հայտարարություն արել։ Սա, իհարկե, կատարյալ սուտ է, լկտիագույն սուտ։ Բայց ՀՀ օրենսդրությունը ասում է, որ բարձրախոսով հայտարարություն անելը պետք է հաջորդի զանգվածային հրապարակային միջոցառման կազմակերպիչներին ինչ-որ պահանջ կամ պայման առաջադրելուն։ Այսինքն, եթե ոստիկանությունը ինչ-որ պահանջ է դնում հանրահավաքի կազմակերպիչների առաջ, եւ վերջիններս չեն ընդունում այդ օրինական պայմանը, ոստիկանությունը պետք է ուղղակի դիմի միջոցառման մասնակիցներին, որ նրանք չդառնան կազմակերպիչների «ավանտյուրայիե զոհը։ Եւ ուրեմն, կրկնում եմ արդեն հազարերորդ անգամ` հանրահավաքի կազմակերպիչներին որեւէ պահանջ, պայման չի առաջադրվել։ Ավելին, այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարթակից ցուցարարներին հորդորեց ոստիկանների հետ ոչ մի կոնտակտի մեջ չմտնել, ոստիկաններին զգուշացրեց, որ հրապարակում կանայք եւ երեխաներ կան, ապա փորձեց տեղեկանալ, թե ինչու են ոստիկանները եկել հրապարակ, ահա այս հայտարարությունից 20-30 վայրկյան անց ոստիկանները սկսեցին հարձակումը, իսկ Գրիշը մի մեծ խմբի հետ առեւանգեց առաջին նախագահին։

Ընդհանրապես, մարտի 1-ի առավոտյան դեպքերի գնահատականը շատ կարեւոր է, ամենակարեւորը։ Որովհետեւ մարտի 1-ի առավոտյան դեպքերով ոստիկանությունը իրեն դուրս է դրել օրենքից, գործել է որպես ավազակախումբ, որպես հանցավոր խմբավորում, եւ այդ օրը ՀՀ քաղաքացիները հասկացան, որ եթե իրենք անձամբ չպաշտպանեն իրենց օրինական իրավունքները, որեւէ մեկը, ՀՀ-ում գործող որեւէ պետական կառույց դա չի անի։ Իսկ այս պահին կարող ենք արձանագրել այն հիմնական ապօրինությունները, որ թույլ է տվել ոստիկանությունը. Ազատության հրապարակում գործողություններ է իրականացրել եւ ավարտել մինչեւ ժամը 07.00-ն, ինչն անելու իրավունք չուներ։ Հանրահավաքի մասնակիցների նկատմամբ գործողություններ է իրականացրել առանց կազմակերպիչներին որեւէ պայման կամ պահանջ առաջադրելու, ինչն անելու իրավունք չուներ։ Ինչպես խոստովանեց Հովիկ Թամամյանը, մարտի 1-ի ոստիկանական գործողություններին մասնակցել են քաղաքացիական հագուստով բազմաթիվ օպերատիվ աշխատողներ. սրանց է հանձնարարված եղել որպես քաղաքացիական անց, այսինքն` հանրահավաքի մասնակից, իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք պետք է տեղավորվեին ոստիկանական սցենարի մեջ։ Կարճ ասած, մարտի 1-ին ոստիկանությունը սկսել է հանցավոր գործողությունների շարք եւ ստիպված է եղել ավելի խորացնել իր հանցավոր գործունեությունը, որովհետեւ ՀՀ քաղաքացիները չեն արդարացրել իշխանության սպասելիքները եւ չեն ընկրկել ապօրինության առաջ։ Ընդ որում, նույնը տեղի է ունեցել նաեւ մարտի 1-ից հետո, եւ քաղաքացիական պայքարի ամեն օրը իշխանությանը ստիպում է ավելի ու ավելի խրվել նոր հանցագործությունների մեջ։ Այնպես որ, ապրիլի 9-ից այսկողմ Սերժ Սարգսյանի վարչակազմի իրագործած հանցանքները արդեն իսկ բավարար են` նրան էլ Հաագայի դատարանի մատերիալ համարելու համար։

Հ.Գ. Մի տեսակ մոռացության է մատնվել այն, որ մարտի 2-ին ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտարարեց, թե մարտի 1-ին ոստիկանները հրազեն չեն կիրառել։ Կարծում ենք` հիմա արդեն որեւէ մեկը չի կասկածում այս հայտարարության ստահոդ լինելուն։ Բայց հարց. որեւէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է հանրությանը խաբելու համար։ Իհարկե` ոչ։ Ինչո՞ւ պիտի պատասխանատվության ենթարկվեր. չէ՞ որ Աղվան Հովսեփյանի գործունեության շնորհիվ ՀՀ-ում բոլորը հասկացան, որ դատախազությունը գործ սարքելու, ստելու, ապացույցներ կեղծելու, հանցագործությունները պարտակելու, դրամաշորթությամբ, մարդկանց առեւանգումների, նրանց սեփականությունից զրկելու, հանցագործներին հովանավորելու եւ սեփական բալեքի հարսանիքի համար միլիոն եւ ավելի դոլար ծախսելու համար է։ Հետաքրքիր է, ի՞նչ դեմք են ունենալու սրանց նորածին թոռները։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.