> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ոչընտիրի կարգավիճակում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս շրջանը նշանավորվեց իշխանական նոր գործելաոճի բորբոքումով, որ կոչվում է իմիտացիա։ Այս երեւույթը, սակայն, իրականում շատ ավելի խորն է մտել իշխանական կաբինետներ, քան սպասվում էր։ Օրինակ` իմիտացիոն ճառաբանության ֆոնին հայտնվել են իմիտացիոն պաշտոնյաներ։ Չնայած` սա բնական է` իմիտացիոն գործընթացները պետք է իրականացնեն իմիտացիոն պաշտոնյաները։ Ու երբ ուշադիր նայում ես վարչապետ կոչվող Տիգրան Սարգսյանին, նկատելի է, որ նա այս պահին ունի մի գերնպատակ` այնպիսի դեմք ընդունել, որ մարդիկ մտածեն, թե ինքը իրոք վարչապետ է։ Ամեն անգամ խեղճը դեմքի այնպիսի արտահայտություն է ընդունում, կարծես ինքը ինչ-որ բան որոշում է, կարծես ինչ-որ բան որոշելու հնարավորություն եւ լիազորություն ունի։ Կարծես ինքը իրական կերպար է եւ ոչ թե իմիտացիոն։ Ամեն անգամ գործող վարչապետի ասածները կարդալիս, ի դեպ, հիշում եմ Մաո Ցզեդունի հայտնի արտահայտությունը, որ նա արել է Յանցզի գետի վրա կառուցված մի կամրջի բացման արարողության ժամանակ. «Կամուրջը նրա համար է, որ գետի այս ափը միացնի այն ափին»,- ասել է Մեծ առաջնորդ Մաոն։ Տիգրան Սարգսյանի հայտարարությունները Մաոյի ասածից տարբերվում են երկու բանով. նախ Մաոն իրական առաջնորդ էր եւ ոչ թե իմիտացիոն, եւ նրա ասածները դեռ երկար կհիշվեն, իսկ Տիգրան Սարգսյանը ամեն օրվա հետ ավելի է մխրճվում մոռացության գիրկը։ Իմիտացիոն պաշտոնյաների շարքը սրանով չի ավարտվում, այլ միայն սկսվում է. օրինակ` «Մարտի 1-իե խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւ հանձնաժողովի մյուս անդամները. երբ որ նայում ես դրանց դեմքերին, հասկանում ես, որ շատ կարեւոր մարդիկ են։ Սամվել Նիկոյանը դեմքի այնպիսի արտահայտություն է ընդունում, կարծես որեւէ հարցի վերաբերյալ ինքնուրույն կարծիք ունի, կարծես կյանքում որեւէ հարցի վերաբերյալ ինքնուրույն կարծիք ունեցել է։ Իսկապես, շատ տպավորիչ է։ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն էլ լրջորեն հավատացել է, որ ինքը երկրի երկրորդ դեմքն է. նրան երեւի վստահություն է ներշնչել սեփական միրուքը. բայց ամեն միրուքավոր անձնավորություն չէ, որ կարող է տղամարդ կոչվել. սրա համար պետք է կարողանալ խոսքի տեր լինել։ Նոր ոստիկանապետը` Ալիկ Սարգսյանը։ Այո, այո, նրա դեմքի արտահայտությունը մի բան է ասում մեզ. սիրելի հայրենակիցներ, ես իսկականից ՀՀ ոստիկանության պետն եմ։ Հավատացեք, խնդրում եմ, ես եմ ոստիկանության պետը, եւ ես կարող եմ որոշումներ կայացնել։ Հավատում ենք, ո՞նց չենք հավատում։ Միայն չգիտեմ` ոստիկանության պետի պաշտոնը ստանձնելուց առաջ Ալիկ Սարգսյանը տեսողությունը բուժե՞ց, թե՞ ոչ։ Ինչո՞ւ եմ ասում. երբ Արտաշատում Մխչյանի Մկան լակոտները հարձակվել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման մասնակիցների վրա, նրանց ուղղությամբ քարեր ու սառցաբեկորներ էին շպրտում, այդ ամենը տեղի էր ունենում այն ժամանակ Արարատի մարզպետ Ալիկի աչքի առաջ։ Հետո Ալիկը բարձրացավ հարթակ եւ ասաց. «Ես չեմ տեսել, որ որեւէ մեկը այստեղ միտինգը խանգարի»։ Հիմա էս առաջին կարգի հաշմանդամին` տեսողության գծով, բերել կարգել են ոստիկանության պետ, որ նա իր սուր աչքով հետեւի հանրապետության օրինականությանը։ ԱԳ նախարար Էձիկը մի առանձին ուսումնասիրության առարկա է, նա էլ խնդիր ունի ապացուցելու հանրությանը, թե հասկանում է` ինչի մասին է խոսում։ «Առաջուց», «հետեւուց» բառերը նա թերեւս ասուլիսների ժամանակ օգտագործում է Պիգալի հայտնի սաունաներում ձեռք բերած սովորության համաձայն։ Բա էդ ախքիկ նախարարների մասին ի՞նչ ասես։ Ասենք, Տիգրան Սարգսյանի եւ մյուսների վիճակը ավելի հեշտ է. անձամբ իրենք ոչ մի բան չեն որոշում։ Այսինքն` իրենք չեն որոշում, իրենց փոխարեն որոշում են ուրիշները։ Իսկ ախքիկները` Շահգելդյան Մհեր, բան, ոչ միայն իրենք ոչինչ չեն որոշում, այլեւ իրենց փոխարեն որոշողը ոչինչ չի որոշում։ Այսինքն` սրանք կրկնակի իմիտացիայի տակ են։ Կարճ ասած, Հայաստանի իշխանությունները իրագործում են իմիտացիոն գործընթացներ, իմիտացիոն պաշտոնյաների կիրառմամբ։ Այս իմիտացիայի վերջը կարող է տալ միայն իրական ժողովուրդը` Ազատության հրապարակում։

Հ.Գ. Լավ էր գոնե իմիտացիոն ընդդիմությունից ազատվեցինք։ Ու այս դատարկ տեղը զբաղեցնելու ցանկացած փորձ պետք է խեղդել հենց բնում։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.