> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԾԾԿԱԼՆԵՐԻ ՄՈԴԵԼԸ

ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԾԾԿԱԼՆԵՐԻ ՄՈԴԵԼԸ

Թեեւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հերքեց իր այն հայտարարությունը, թե ԼՂ կարգավիճակը պետք է ճշգրտվի ԼՂՀ բնակիչների քվեարկության միջոցով, այդ հայտարարության բովանդակությունը նորություն չէ եւ ծագում է դեռեւս 2005 թվականին ԱՊՀ մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Քոչարյան-Ալիեւ հանդիպումից։
ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած այդ հանդիպման ժամանակ առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց Ղարաբաղում պլեբիսցիտ` հանրաքվե անցկացնելու գաղափարը։ Այն ժամանակ էլ այս ինֆորմացիան մեծ աշխուժություն առաջացրեց, բայց երբ հարայ-հրոցը անցավ, եկավ վերլուծելու ժամանակը, ամեն ինչ շատ ավելի հասկանալի դարձավ։ Իսկ հասկանալի դարձավ այն ժամանակ, երբ մի շարք հարցեր առաջացան։ Մասնավորապես, էական է դառնում, թե երբ պետք է տեղի ունենա հանրաքվեն։ Սա կարեւոր է ոչ միայն ժամկետների, այլ հանգամանքների առումով։ Հանրաքվեն, պարզվում է, պետք է տեղի ունենա հայ-ադրբեջանական համաձայնության կայացումից 10-15 տարի անց, ազատագրված տարածքներից հայկական զորամիավորումների դուրսբերումից եւ ադրբեջանցի փախստականների Ղարաբաղ վերադառնալուց հետո։ Հիմա էլ ադրբեջանցիք հայտարարում են, թե այս պահի դրությամբ 70 հազար ազգությամբ ադրբեջանցի Ղարաբաղի բնակիչ փախստական ունեն իրենք։ Կարծում ենք` անհրաժեշտ պահին ադրբեջանցիների համար դժվար չի լինի մի 70 հազար բոմժ բերել լցնել մի ինչ-որ փախստականների ճամբար եւ Ղարաբաղի հայ բնակչությունից թվով ավելի շատ «ղարաբաղցիե ստեղծել։ Այնպես որ, հանրաքվեի գաղափարից ոգեւորվելու առանձնակի կարիք չկա, մանավանդ որ դրա համար, կրկնում ենք, առնվազն պետք է ազատագրված տարածքներից հայկական ուժերը հեռանան, մի բան, որ 1998-ին Սերժիկ Սարգսյանը դավաճանություն էր համարում։ Կա նաեւ մեկ այլ հարց. այս ընթացքում Ադրբեջանը իրավական նշանակություն ունեցող միջազգային փաստաթղթերի մի հսկայական տրցակ է ստեղծել, որտեղ ընդգծվում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Սա նշանակում է, որ հայկական կողմը պետք է ընդունի, որ հանրաքվեից առաջ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Սա ինքներդ եք հասկանում, թե ինչ է նշանակում։ Իսկ ընդհանուր առմամբ, վատ չէր լինի, եթե մենք ԼՂ հարցին նայեինք ստրատեգիական հայացքով։ Մի քանի անգամ գրվել է, բայց էլի եմ ուզում կրկնել. Հեյդար եւ Իլհամ Ալիեւների քաղաքականությունը վկայում է մեկ բանի մասին։ Այն է` նրանց մտապատկերում գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի հարց` որպես այդպիսին։ Նրանք արձանագրել են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը այսքան չէր բարդանա, եթե չլիներ Հայաստանը։ Եւ հիմա նրանց քաղաքականությունը` ստրատեգիական հեռանկարի առումով, ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի հարցը լուծելն է։ Եւ վերջին տասը տարվա ընթացքում նրանք այս հարցի լուծման գործում սարսափելի հաջողությունների են հասել` Հայաստանի վարած շլդիկ քաղաքականության օգնությամբ։ Իսկ ի՞նչ է նշանակում լուծել Հայաստանի հարցը Ալիեւների տեսանկյունից. դա նշանակում է` ամեն ինչ անել, որ ՀՀ-ն լինի տնտեսապես թույլ զարգացած, տնտեսության ռազմավարական ճյուղերից եւ ռազմավարական ինտեգրացիայից զուրկ երկիր։ Սրա համար պետք էր այնպես անել, որ Հայաստանը դուրս մնա տարածաշրջանային ծրագրերից` նավթամուղներ, գազամուղներ, իսկ այդ ծրագրերից Հայաստանը դուրս թողնելու համար` հարկավոր էր չլուծված թողնել ԼՂ հարցը։ Այնպես որ, եթե Հայաստանում իշխանությանը բռնազավթած վարչախմբին թվում է, թե այդ իրենք էն ձգձգում ԼՂ հարցի կարգավորումը, չարաչար սխալվում են։ Այդ Ադրբեջանն է ձգձգում ԼՂ հարցի կարգավորումը։ Էլի է ձգձգելու, քանի դեռ չի կառուցել Հայաստանը փակուղու վերածող ամենակարեւոր նախագծերից մեկը` Կարս-Ախալքալաք երկաթուղին։ Ռոբերտ Քոչարյանը գլուխ է գովում, թե Հայաստանում տնտեսություն է զարգացրել։ Նրա զարգացրած տնտեսության մասին խոսում է արտահանման եւ ներմուծման հարաբերակցությունը, որը ամեն օրվա հետ փոխվում է աղետալի չափերով։ Խնդիրն այն է, սակայն, որ տնտեսական զարգացման այս մոդելը Հայաստանին ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է պարտադրել, այլ Հեյդար Ալիեւը. հենց նա է որոշել, որ Հայաստանում տնտեսական զարգացում ասելով` պետք է հասկանան բոնբոներկա շենքեր եւ ոչ թե մեքենաշինություն, տրանզիտ, երկաթուղի, գազամուղներ, նավթամուղներ։ Բայց հարց կարող է ծագել. ի՞նչ տարբերություն տնտեսական զարգացման շենքային մոդելի եւ ստրատեգիական, այսինքն` տրանզիտի, տարածաշրջանային ծրագրերի մոդելի միջեւ։ Իսկ տարբերությունը հետեւյալն է. շենքի կառուցումը վերաբերում է այդ շենքը կառուցողին եւ այն գնողին, որոնց շրջանակը, անկախ շինարարության ծավալներից, աշխարհաքաղաքական առումով շատ նեղ է։ Իսկ նավթամուղի-գազամուղի, երկաթուղու մոդելի առավելությունն այն է, որ այն առնչվում է տասնյակ օտարերկրյա պետությունների, գերտերությունների, էներգետիկ անվտանգության շահերին։ Եւ տարածաշրջանային ծրագրերում ներգրավված պետության անվտանգությունը դառնում է տասնյակ այլ պետությունների անվտանգության հարց։ Իսկ մեր երկրի վարչապետը զբաղված է ծծկալների մաֆիայի դեմ պայքարով. համաձայնեք` արժանի գործ է պետության երրորդ դեմքի համար։ Չնայած` արժանին ո՞րն է. նախասիրության հարց է երեւի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.