> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը ստրատեգիական մտածողության արգասիք է։ Իհարկե, այս ընթացքում շատերն են մտածում ժամ առաջ հաղթանակի մասին, եւ սա շատ լավ է եւ կարեւոր։ Բայց կա հարցի ստրատեգիական կողմը, որը հուշում է, որ հաղթանակի երաշխիք կարող է դառնալ դրա համար ամուր հենարանի ստեղծումը։ Երբեմն մեր մտքերի ընթացքն ընդհատվում է հնարավոր հաղթանակի վրա, բայց անհրաժեշտ է նաեւ գիտակցել, որ հաղթանակից հետո մեզ հարկավոր են նոր հաղթանակներ, որոնք մարդկանց ոչ միայն չեն հիասթափեցնի, այլ կոգեւորեն։ Ընդ որում, ոչ միայն Կոնգրեսի համակիրներին, այլեւ հակառակորդներին։ Հենց այսպիսի հեռանկարի հիմք է դնում Հայ ազգային կոնգրեսը։ Իսկ ընդհանրապես, պայքարի սեպտեմբերյան փուլը, կարծում եմ, պետք է սկսվի եւ չընդհատվի մինչեւ հաղթանակ։ Իրադարձությունների նման ընթացքը ապահովելու համար` հարկավոր են բավականին լուրջ նախապատրաստական աշխատանքներ. դրանցից կուզենայի ընդգծել մեկը. այն է` ուսանողների հնարավորինս լայն ներգրավվածությունը սեպտեմբերյան գործընթացներին։ Սա, ըստ էության, վճռական գործոն է դառնալու առաջիկա պայքարի ընթացքում. ուսանողության դիրքորոշումը կարեւոր է գաղափարաբանական իմաստով։ Այսինքն` հենց սրանից է կախված, թե արդյոք հինգ, տասը, տասնհինգ տարի հետո մեր երկրում լինելո՞ւ է ժողովրդի իշխանության երաշխավոր հանրություն, թե՞ ոչ։ Սա արդեն ոչ թե տակտիկական, այլ ստրատեգիական խնդիր է։ Քոչարյանական բարոյազրկման տարիներին ուսանողության մեջ տոն էր տալիս այն հատվածը, որը երազում էր դառնալ պետական պաշտոնյա եւ, Հարկայինում, ԱԱԾ-ում, դատախազությունում, Մաքսայինում գործ ունենալու համար, պատրաստ էր գնալ ցանկացած գործարքի եւ նվաստացման։ Հիմա հարցը հետեւյալն է. արդյո՞ք մեր ուսանողության մեջ միայն պաշտոնի մասին երազող մարդիկ են, թե՞ կան նաեւ Քաղաքացիության մասին երազողներ եւ այդ երազանքը իրագործելու վճռականություն ունեցողներ։ Փետրվարյան իրադարձությունների ամենամեծ անակնկալը հենց սա էր. պարզվեց, որ ուսանողությունը դեռ ողնաշար ունի, եւ այդ ողնաշարը եկավ Ազատության հրապարակ։ Սեպտեմբերին այդ ողնաշարը պետք է ցուցադրի, որ ոչ միայն անկոտրում է, այլեւ հանդիսանում է վճռական քաղաքական գործոն։ Ես համոզված եմ` այդպես էլ կա. բայց սա ցուցադրելու համար` հարկավոր է, որ Կոնգրեսի համակիր բոլոր ուսանողական, երիտասարդական նախաձեռնությունները մեկտեղեն իրենց ուժերը` առաջինը լինելու ձգտումը փոխարինելով վերջինը լինելու պատրաստակամությամբ։ Ուսանող եղբայրներ եւ քույրեր. հիշում եք, չէ՞, որ մենք արդեն փետրվարի 26-ը հայտարարել ենք Ուսանողի օր եւ ամեն տարի այդ օրը նշելու ենք Ազատության հրապարակում կայանալիք բացառիկ ռոք-համերգով։ Սեպտեմբերին ավարտին հասցնենք մեր գործը, որպեսզի հասցնենք առաջիկա փետրվարի 26-ին Երեւանի Ազատության հրապարակ հրավիրել այնպիսի ռոք խմբերի, ինչպես «Tokio Hotel»-ը, «Linkin Park»-ը, «Evanescence»-ը, «Metallica»-ն։ Մենք իշխանություն ենք Հայաստանում, եւ մեր պաշտոնի անունն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ We are the champions, my friend։

Հ.Գ. Շատերը սկսել են թմբկահարել, թե ՀԱԿ-ում ընդգրկված ուժերը չունեն գաղափարական ընդհանրություն։ Իսկ ինչ է, ապօրինության դեմ պայքարը գաղափար չէ՞, բեսպրեդելի դեմ պայքարը գաղափար չէ՞, ազատության համար պայքարը գաղափար չէ՞։ Թե՞ ձեզ համար գաղափարը պետք է ունենա «Եվրոնժդեհականության աջ կենտրոնաձիգ սեկտորի տրանսցենդետալ լապիդառ ֆրակցիայի ազգի հարատեւման խմբակ» անունը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.