> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԳՆԱՑԵՔ ԵՐԵՎԱՆ ԵՎ ՀԱՐՑՐԵՔ

ԳՆԱՑԵՔ ԵՐԵՎԱՆ ԵՎ ՀԱՐՑՐԵՔ

ովքե՞ր էին ախքը, Պետոն, օբյեկտիվ լրագրողները 1996-ին

Վաստակավոր ախքիկ, օբրուչով բոչկա ուտելու սիրահար Մարգարյան Հովիկը «Մարտի 1-իե հանձնաժողովի նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աֆյանին խնդրում է զուգահեռներ անցկացնել 1996 թվականի սեպտեմբերի 26-ի եւ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի միջեւ։

Եթե սա լիներ Դոդի Պետոյի հաղորդումը, կհասկանայի. բայց ուշադրություն դարձրեք` հարցը հնչում է 2008թ. մարտի 1-ի, կրկնում եմ` մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող ԱԺ սաստիկ օբյեկտիվ հանձնաժողովի աշխատանքային նիստում։ Բան չունեմ ասելու` գուցե նախկին դեպքերի ուսումնասիրությունը անհրաժեշտ է մարտի 1-ի դեպքերի բացահայտման համար։ Եթե այդպես է, վաստակավոր ախքիկ Հովոն պետք է հետաքրքրվեր նաեւ 2004 թվականի ապրիլի 12-ի դեպքերով, երբ զինված` կրկին ղարաբաղալեզու հրոսակները այն ժամանակ Արթուրիկ-ախքի կողմից ղեկավարվող ԱԺ ընդունարանից հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա։ Երեք կողմից հարձակվեցին. իսկ մարտի 1-ի հանձնաժողովի մեկ ուրիշ սաստիկ անկախ անդամ` Հարատեւ դերբայ Գուգոն, այդ ջարդը որակեց որպես փայլուն օպերացիա։ Չգնահատեց հայրենի իշխանությունը սապնվելդ, Գուգո ջան, հիմա կրկին պիտի փորձես։ Հա, ուրեմն, ախքիկ Հովիկը 2004 թիվը չհիշեց։ Իսկ ես 1996-ը լավ եմ հիշում, որովհետեւ ցուցարարների շարքում եմ եղել, չնայած դոշիս լրագրողի վկայական կար։ Ու որպես դեպքերի ականատես եւ այդ օրվա իրադարձությունները պատշաճ լուսաբանած սակավաթիվ լրագրողներից մեկը (ի դեպ, այն ժամանակ գործող ախքը, Դոդի Պետոն եւ այս կարգի այլ խաժամուժ ժամեր էին անցկացնում տեր Հուսիկի կամ նրա տեղակալի օգնականների ընդունարաններում` երկու տոպրակ սապոն ձեռներին. իսկ այսօրվա սաստիկ օբյեկտիվ որոշ լրագրողներ ԱԺ-ի մոտ տեղի ունեցածի մասին երեք տողանոց լուրեր էին տպել իրենց թերթերում. չեք հավատում` գնացեք բացեք 1996 թվականի այդ օրերի մամուլը), ահա ուրեմն` ուզում եմ որոշ համեմատություններ անցկացնել 1996 թվականի եւ 2008-ի միջեւ։ Այսինքն` նշել մի քանի սկզբունքային տարբերություններ, որոնք, չգիտես ինչու, ոչ ոք չի ուզում մատնանշել, անգամ Շարժման ներկայացուցիչները։ Ուրեմն` տարբերություն առաջին. 1996 թվականին ընդդիմությունը գրոհել է ԱԺ շենքը։ 2008-ին ընդդիմությունը ոչ մի շենք չի գրոհել։ 2008-ին ընդդիմությունը իր համար պարում էր Ազատության հրապարակում, ընդ որում` ՀՀ օրենսդրության բոլոր կանոններին համապատասխան։ 1996-ին ընդդիմության լիդերը ասաց` եթե 20 րոպեից չգամ, կգաք իմ հետեւից, ու մտավ ԱԺ տարածք, որտեղ գտնվում էր ԿԸՀ-ն։ Բայց 20 րոպեից ընդդիմության լիդերը ետ չեկավ, ոչ թե այն պատճառով, որ իրեն չէին թողնում դուրս գալ, այլ որովհետեւ ԱԺ սենյակներից մեկում սուրճ էր խմում։ 2008-ին ընդդիմության հարթակից Ազատության հրապարակում հնչել է ցուցարարներին ուղղված մի կոչ. ոչ մի կոնտակտ ոստիկանության հետ։ Բայց ոստիկանությունը ինքը մտավ կոնտակտի մեջ։ Այս պայմաններում արդեն 2008թ. մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ` ընդդիմության հարթակից հնչել է հետեւյալ կոչը. ոչինչ չենք ձեռնարկում, ոչ մի տեղ չենք գնում։ Մենք չենք պատրաստվում որեւէ մեկի վրա հարձակվել, բայց եթե մեզ վրա հարձակվեն, մենք կպաշտպանվենք։ Մնացածը գիտեք` ունեցեք քար, փայտ ինքնապաշտպանության համար. այս մասերը շատ չեմ շեշտում, որովհետեւ մի տեսակ անհամեստություն կլինի. DVD-ների վրա կա, կարող եք մանրամասն նայել։ Շարունակենք. 1996 թվականին ընդդիմությունը մտել էր ԱԺ նախագահի աշխատասենյակ եւ այնտեղից առեւանգել ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին եւ փոխնախագահ Արա Սահակյանին. վերջիններս տարվել էին անհայտ ուղղությամբ։ 2008-ին ընդդիմությունը ոչ ոքի չի առեւանգել։ 1996 թվականին ոչ ոք ժողովրդի, ցուցարարների ուղղությամբ չի կրակել. կրակել են ԱԺ շենքի ետեւից դեպի օդ։ 2008-ին իշխանությունները կրակել են ոչ միայն ցուցարարների վրա, այլեւ ոստիկանների են սպանել եւ վիրավորել։ 1996-ին ոչ մի զոհ չի եղել, ոչ ոք հրազենի վնասվածք չի ստացել։ 1996 թվականի դեպքերի հաջորդ օրը բոլոր թերթերը, այդ թվում եւ իմ գրած մի էջանոց հոդվածը, լույս են տեսել, 2008 թվականին 20 օր երկրում մամուլ չկար, եւ մենակ Լարիսկան է ինֆորմացիա տվել։ Եւ վերջապես, 1996-ին ՀՀ իշխանությունը չի զանգել Մոսկվա հարցրել` ձյաձյա, կարելի՞ է գնալ դուրս։ Տարբերությունների թվարկումը, այսպիսով, ավարտում եմ։ Ճիշտ է, 1996-ին ոստիկանության բաժիններում մարդկանց, հիմնականում` ընդդիմադիր գործիչների, ծեծի են ենթարկել։ Ճիշտ է, իշխանությունները այդ բռնությունների հեղինակներին չի պատժել. է, շատ լավ, թող այն ժամանակվա ԱԱ նախարար Սերժիկը պատժեր 1998-ի իշխանափոխությունից հետո, թող հիմա պատժի, հենց հիմա։ Էսօր ինչքան հեռուստատեսային բոմժ կա, բոլորը խոսում են 96 թվից. այ ախպեր ջան, ձեր Թոխմախի Մհերը խոստովանեց, որ 1996-ին կեղծիքներ է թույլ տվել նախագահական ընտրությունների ընթացքում։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ խոստացավ` իշխանության գալուց հետո Թոխմախի Մհերին պատժել 1996 թվականին ընտրակեղծիքներ թույլ տալու համար։ Իսկ այսօրվա իշխանությունը մի հատ հարցաքննության էլ չի կանչել. դե, պահանջեք, այ կոշիկ լիզողներ, պահանջեք, թող Մհերի դեմ գործ հարուցեն, բոլոր կեղծարարներին բացահայտեն անուն առ անուն։ Ինչո՞ւ չեք պահանջում. որովհետեւ կոշիկ լիզող եք եւ ոչ ավել։ Հա, եւս մեկ տարբերություն. 1996 թվականին 600 հազար մարդ հրապարակ դուրս չի եկել եւ 10 օր հրապարակում չի մնացել։ Ճիշտ է, 2008 թվականին հրապարակ պիցցա բերող էլ է եղել, թեյ բերող էլ է եղել, բուտերբրոդ բերող էլ է եղել, փող բերող էլ է եղել, կարտոֆիլ բերող էլ է եղել։ Եւ դա, անկեղծ ասած, մեզ համար հպարտություն է, որովհետեւ մարդիկ հրապարակում գտնվողներին վերաբերվել են որպես իրենց ընտանիքի անդամների։ Թող Սերժիկը տասը օր հրապարակում նստի, տեսնեմ` քանի հոգի պիցցա կբերի։ Ի դեպ, լսել եմ նաեւ, որ «Հայլուրըե ինչ-որ վրանի մեջ կամ կողքը` Ազատության հրապարակում, կարճ ասած, ինչ-որ ներարկիչներ է ցույց տվել։ Պահ, պահ, պահ. էդ ի՞նչ գյուտ եք արել։ Ազատության հրապարակում երկու-երեք բժշկական վրան է եղել` ցուցարարներին անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տալու համար. այդ վրանները բացվել են բժիշկների նախաձեռնությամբ։ Այդ վրաններում ներարկիչներ էլ են եղել, դեղեր էլ են եղել. որտե՞ղ եք տեսել, որ բուժկետը առանց ներարկիչի ու դեղերի լինի։ Այդ դեղերն ու ներարկիչներն էլ բերել են մասնավոր դեղատների տերեր. մի քանի արկղ դեղ էր հավաքվել Ազատության հրապարակում, մի քանի արկղ էլ ետ եմ տվել։

Հ.Գ. Երբ իմացա, որ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աֆյանը մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովում հայտարարել է, որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանությունը բարձրախոսներով հայտարարություններ է արել, թե եկել է տեղազննություն կատարելու, խիստ տխրեցի։ Ոչ այն պատճառով, որ մեզ համար աննպաստ բան է ասում. պարզապես սպիտակ մազերով մարդ է, երեխայի ու թոռան տեր։ Այդ հայտարարությունից հետո ես կարող եմ Աֆյանին մի խորհուրդ տալ. մի լավ վարսավիրանոց գտնել ու սպիտակ մազերը հավեսով բորդո ներկել։ Դե յուրե նա դա արդեն արել է` Սերժ Սարգսյանի քավորությամբ։ Դե ֆակտո ներկմանը ես քավոր կկանգնեմ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.