> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍԵՐԺԻԿ ԷՖԵՆԴԻ. Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԱՄԵՏԸ

ՍԵՐԺԻԿ ԷՖԵՆԴԻ. Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԱՄԵՏԸ

Ինչ ուզում եք, ասեք, 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ թուրքական մամուլում տպված, ապա եւ «Հայլուրիե կողմից լայնորեն մեջբերված նյութերը լուրջ մտորելու տեղիք են տալիս, մանավանդ վերջին շրջանի հայտնի իրադարձությունների ֆոնին։ «Հայլուրը» փորձում էր ապացուցել Սերժ Սարգսյանի թիմի կողմից լայնորեն շրջանառության մեջ դրվող այն կարծիքը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը թուրքամետ է, եւ նրա ընտրությունը ՀՀ նախագահի պաշտոնում փափագում են թուրքերը։ Նման բան ասելու հիմք էր տալիս այն, որ Տեր-Պետրոսյանը առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կողմնակից է եւ սխալ է համարում Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դնելը։ Ընդ որում, այս մասին Տեր-Պետրոսյանը հրապարակային հայտարարություններ է արել բազմիցս։ Այս ամենը, կրկնում ենք, «Հայլուրը» համարում էր թուրքամետություն, եւ ահա` թուրքական մամուլում սկսում են տպագրվել նյութեր, որոնց մեջբերումով «Հայլուրը» հիմնավորում է իր կարծիքը։ Եթե իրապես Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալը փափագելի էր Թուրքիայի համար, այդ երկրի դիվանագիտական ու քաղաքական վերնախավը չէր կարող չհասկանալ, որ այդպիսի ակնարկներ պարունակող հրապարակումներով իրենք վնաս են հասցնում իրենց համար «ցանկալիե թեկնածուին։ Չնայած այս ակնհայտությանը, ինչ-ինչ նյութեր շարունակում էին հրապարակվել, ինչը պիտի վկայեր, որ թուրքերը այնքան էլ տրամադրված չեն օգնել «թուրքամետե թեկնածուին։ Եւ ուրեմն, մի՞թե նման նյութերի տպագրությունը ինքնանպատակ էր. այսպես կարծել, իհարկե, միամտություն կլինի, մանավանդ որ Թուրքիայում գիտեին, որ այդ հրապարակումները դառնում են պաշտոնական քարոզչության երկարաշունչ ռեպորտաժների թեմա։ Ուրեմն ինչո՞ւ էին դրանք շարունակում տպագրվել. հիմա արդեն ակնհայտ է` Տեր-Պետրոսյանի հակառակորդին օգնելու համար։ Եթե նման տեսակետ հնչեր մի քանի ամիս առաջ, հարց կհնչեր. ինչո՞ւ պետք է Թուրքիան շահագրգռված լիներ Սերժ Սարգսյանի ընտրության հարցում։ Քաղաքական պատասխան սրան կարելի էր գտնել, բայց փաստական պատասխան` դժվար թե։ Բայց հիմա այդ պատասխանը տվեց ինքը` Սերժ Սարգսյանը` ընդունելով Ցեղասպանության լինել-չլինելը ուսումնասիրող պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի առաջարկը։ Իհարկե, ոչընտիրը հետո փորձեց լղոզել այս փաստը, բայց հայերեն հասկացողների պակաս Հայաստանում հաստատ չկա։ Արդյո՞ք նման հայտարարությունը կարող է կապվել նախընտրական շրջանում թուրքական մամուլի դե ֆակտո պրոսերժական քարոզչության հետ. ինչպե՞ս կարող էին թուրքերը իմանալ, որ իշխանությունը գրավելուց հետո Սերժ Սարգսյանը նման դարակազմիկ արտահայտություն է անելու։ Այս հարցի պատասխանն էլ ի հայտ եկավ բավական անսպասելի. թուրքական կողմը բացահայտեց, որ արդեն երկար ժամանակ հայ-թուրքական գաղտնի բանակցություններ են տեղի ունենում։ Եւ պետք է ենթադրել, որ հենց այդ բանակցությունների ընթացքում է որոշվել թուրքական մամուլի քաղաքականությունը ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում։ Իսկ ընդհանրապես, նման արտահոսքը եւ բացահայտումը թուրքական կողմից բավական տարօրինակ է։ Ի՞նչ անհրաժեշտություն կար նման բացահայտում անել, թուրքերի ինչի՞ն էր պետք սա։ Շատ հավանական է թվում, որ սա ուղղակի շանտաժի ակտ էր. Սերժ Սարգսյանը դավադրաբար արմատախիլ արեց Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը, ապա սկսեց լղոզել իր այդ հայտարարությունը։ Թուրքական կողմը, թերեւս, սա դիտել է որպես պայմանավորվածությունների խախտում, այսինքն` զգացել է, որ Սերժ Սարգսյանը ուզում է իրեն «քցել» ամենակարեւոր հարցում։ Եւ ահա, առաջին արտահոսքը եւ բացահայտումը։ Սերժ Սարգսյանենք ընդունեցին գաղտնի բանակցությունների փաստը` կարծես հայտարարելով, որ ակնարկը հասկացան, եւ այլ բաներ բացահայտել պետք չէ։ Բայց եթե հաշվի ենք առնում թուրքական կողմի հայտարարությունների ինքնավստահ տոնը, ակնհայտ է դառնում, որ բացահայտելու բաներ կան։ Եւ ի դեպ, աշխարհագրության դասագրքից պոկած երկու քարտեզ թուրքական կողմին փոխանցելու համար Մուրադ Բոջոլյանին 10 տարի ազատազրկման դատապարտած ԱԱԾ-ն, փաստորեն, անհանգստության նշաններ ցույց չի տալիս։ Եւ միայն ժամանակը ցույց կտա` կա՞ այստեղ պետական դավաճանություն, թե՞ ոչ։

պատային վիճակ

Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դնելու ջատագով ՀՅ դաշնակցությունը որոշ սեթեւեթանքներից հետո հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը իրենց տեղեկացրել է, որ Ցեղասպանության ճանաչումը մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում։ Ստացվում է, որ Հայաստանը շարունակելու է Ցեղասպանության ճանաչումը հետապնդել երրորդ երկրների հետ իր հարաբերություններում եւ միաժամանակ սերտացնելու հարաբերությունները Թուրքիայի հե՞տ։ Կներեք, բայց սա միամիտների երեկոյի է նմանվում։ Նման բան ուղղակի չի կարող լինել, եւ Սերժ Սարգսյանը պետք է վերը նշված ուղղություններից որեւէ մեկից հրաժարվի։ Ի դեպ, Ցեղասպանության միջազգային ճանաչումից Սարգսյանի հրաժարվելը արդեն իսկ կոնկրետ փաստով է հիմնավորվում. ԱՄՆ Սենատը հաստատեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարի Յովանովիչին, մինչդեռ մինչեւ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Սենատը, ըստ էության, հաստատակամ էր ՀՀ-ում հաստատել դեսպանի այնպիսի թեկնածու, որ պաշտոնապես կընդունի Ցեղասպանության փաստը եւ կօգտագործի այս բառը։ Բայց Յովանովիչը անցավ առանց այդ բառն օգտագործելու։ ԱՄՆ Սենատը չէր կարող այս հարցում հաստատակամ գտնվել, քանի որ Հայաստանը ինքը հաստատակամ չէ։ Ի դեպ, մենք կանխատեսել էինք, որ դեսպանի նշանակման հարցում ՀՀ իշխանությունները գործարքի կգնան ԱՄՆ-ի հետ. բայց չէինք կարող կանխատեսել, որ գործարքը այսպիսի անբարո մասշտաբ կստանա։

Եւս մեկ նկատառում. Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո ձայներ հնչեցին, թե Տեր-Պետրոսյանի թիմակիցները պետք է ողջունեն այդ հայտարարությունը, քանի որ այն համահունչ է նրանց տեսակետներին։ Նախ այդ հայտարարությունը ամենեւին էլ համահունչ չէր Տեր-Պետրոսյանի տեսակետներին, որովհետեւ, ինչպես հայտնի է, 2007թ. դեկտեմբերի 8-ի հանրահավաքում նա հայտարարեց, թե հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծման առաջարկը համարում է վիրավորական։ Եւ հետո, եթե Սերժ Սարգսյանը Ցեղասպանության միջազգային ճանաչումը հանում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից, դա էլ չի կարող ողջունվել, որովհետեւ նման քայլի դիմելու իրավունք ունի միայն այն գործիչը, ով նման նախընտրական թեզով ներկայացել է հանրությանը, ու հանրությունն էլ նրան դա անելու մանդատ է տվել։ Իսկ հայ հանրությունը Սերժին միայն իշխանությունից հեռանալու մանդատ է տվել։ Այնպես որ, սիրելի բարեկամներ, դուք մատը համեմատում եք լրիվ ուրիշ բանի հետ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.