> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Մեր թերթի շաբաթ օրվա համարում հրապարակված այն տեղեկատվությունը, թե ՌԴ հանրային հեռուստաընկերությունը` «OPT»-ն, նկարահանել եւ հեռարձակելու է օգոստոսի 1-ի երեւանյան հանրահավաքը, մեզ համար անսպասելիորեն դարձավ լուրջ ներքաղաքական քննարկումների առարկա։ Մի քանի օր շարունակ իշխանական քարոզչության թութակները շեփորահարում էին, թե «OPT»-ն չի ցուցադրել նման ռեպորտաժ, եւ այդ տեսլականի վրա լրջագույն քաղաքական վերլուծություններ էին անում։ Նկատենք, որ «OPT»-ն իրոք մի քանի անգամ ցուցադրել է այդ ռեպորտաժը, ընդ որում` օբյեկտիվորեն ներկայացնելով թե՛ հանրահավաքը, թե՛ դրան հաջորդած հուժկու երթը եւ թե՛ շեշտելով սեպտեմբերին ՀՀ-ում հնարավոր փոփոխությունների հավանականությունը։ Իսկ այն, որ հայաստանցի հեռուստադիտողը չի դիտել այդ ռեպորտաժը, ընդամենը տեխնիկական խնդիր է։ Բանն այն է, որ «OPT»-ն հեռարձակվում է բազմաթիվ տարբերակներով, եւ դրանցից միայն մեկն է հասու հայաստանցի հեռուստադիտողին։ Բայց խնդիրը տվյալ դեպքում սա չէ։ Խնդիրն այն է, որ իշխանությունն ի դեմս իր քարոզչամիջոցների ցույց տվեց, որ իր համար «OPT»-ով միտինգի մասին ռեպորտաժի հեռարձակումը կենսական կարեւորության իրադարձություն է, որից կախված է իր լինել-չլինելու հարցը։ Ընդ որում, եթե չի ցուցադրել, ապա իր լինելու հարցը լուծված է։ Բայց, փաստորեն, ստացվում է, որ ցուցադրել է, ինչից տրամաբանորեն բխում է, որ դրանով խաչ է քաշվել մեր իշխանության վրա։ Ճիշտն ասած, ՀՀ գործող իշխանությունն այսօր այն վիճակում է, որ այս պնդումը իրականությունից այնքան էլ հեռու չէ։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ռեպորտաժի շուրջ բարձրացված աղմուկով իշխանությունն ինքն է խոստովանում դա` ի ցույց դնելով իր ամբողջ խեղճությունը։ Ի դեպ, հատուկ նրանց համար, ովքեր այդքան ծանր են տանում «OPT»-ի կողմից Համաժողովրդական շարժման հանրահավաքների լուսաբանման փաստը, նշենք, որ սա ամենեւին էլ առաջին անգամը չէ, որ «OPT»-ն նման ռեպորտաժ է ցուցադրում։ Հուլիսի 4-ի հանրահավաքը նույնպես «OPT»-ն լուսաբանել է, եւ այդ ռեպորտաժը տեղադրված է հեռուստաընկերության ինտերնետային կայքում։ «Բազմահազարանոց հանրահավաքներ Հայաստանի մայրաքաղաքումե վերնագրով ռեպորտաժում, որտեղ կրկին ցուցադրվում է հանրահավաքի եւ դրան հաջորդած երթի մասնակիցների իրական պատկերը, հաղորդավարի մեկնաբանությունները այսպիսին են. «Նախօրեին ընդդիմության կողմնակիցները Երեւանի կենտրոնական փողոցներով երթ են կազմակերպել, իսկ առավոտյան էլ նստացույց են սկսել։ Ընդդիմության առաջնորդներն ասում են, որ բողոքի ակցիաներն անժամկետ են։ Ցուցարարները դժգոհ են նախագահական ընտրությունների արդյունքներից եւ նոր քվեարկություն են պահանջում։ Ամեն ինչ անցնում է խաղաղ, անկարգություններ չեն նկատվել։ Ոստիկանությունը հետեւում է տեղի ունեցող իրադարձություններին»։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.