> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«Որ այդպես է, լավ կլինի եւ օգտակար, որ իմանաք պատմությունը այս օղակի»։

Վին (պինգվին)

Իսկ պատմությունը, որի իմացությունը տվյալ պահին կարող է օգտակար լինել հայ հանրությանը, վերաբերում է ախքին։ Ես չեմ պատրաստվում որեւէ գաղտնիք բացահայտել, պարզապես ուզում եմ համակարգված ներկայացնել մեզ բոլորիս հայտնի փաստեր` գծանշելու համար այն ուղին, որը Արթուրիկին դարձրեց ախք։ Սա անում եմ` ցուցանելու համար, որ որեւէ մեկը երաշխավորված չէ ախք դառնալու հեռանկարից, եւ այս պատմությունը շարադրում եմ որպես ներդրում ախքացման չարիքը մեր հայրենի երկրից վերացնելու գործում։ Եւ ուրեմն, ինչպե՞ս Արթուրիկը դարձավ ախք. նա ուներ մի մտասեւեռում` դառնալ Հայաստանի նախագահ։ Նրա շրջապատը նույնպես ապրում էր այս մտասեւեռմամբ եւ կարծում էր, որ նպատակին հասնելու համար` հարկավոր է աչոկ հավաքել այնտեղ, որտեղ հնարավոր է, բայց նաեւ չայրել կամուրջները իշխանության հետ։ Արթուրիկի տակտիկան հետեւյալն էր. դառնալ այնպիսի մեկը, որի նախագահ դառնալը ձեռնտու լինի թե՛ իշխանությանը եւ թե՛ ընդդիմությանը։ Խելոք է մտածված, ինչ խոսք. Արթուրիկը, սակայն, հաշվի չէր առել, որ իշխանությունը բացի Ռոբից ու Սերժիկից ուրիշ որեւէ մեկին չի ուզում տեսնել նախագահի պաշտոնին։ Ու եթե Ռոբը Արթուրիկին հույսեր էր տալիս, թե վերջինս կլինի նաեւ իշխանության նախագահի թեկնածուն, միայն այն պատճառով, որ Արթուրիկը անհրաժեշտ էր որպես ընդդիմության հնարավոր համախմբումը պառակտող գործոն։ Այսպես, Արթուրիկը ընդդիմադիր ժարիտներ էր անում, բայց երբեք ընդդիմության հետ լիարժեք համագործակցության չէր գնում եւ միշտ դնում էր մի նախապայման. թող ընդդիմությունը ընդունի իր լիդերությունը։ Իսկ քանի դեռ սա տեղի չէր ունեցել, Արթուրիկը իրեն պահում էր որպես մի առանձնահատուկ VIP պերսոնա. ասենք, երբեք ընդդիմության հանրահավաքներին չէր գալիս եւ այնտեղ ուղարկում էր իր տեղակալներից որեւէ մեկին կամ մի որեւէ ներկայացուցչի։ Բացի այս, Արթուրիկը իր համար մի կաբինետ էր սարքել տվել, որը իր ճոխությամբ, ըստ էության, նման էր նախագահական կաբինետի` ընդունարաններով, ախրանայով, բանով։ Եւ եթե Հայաստանում ուրիշ որեւէ ընդդիմադիր գործչի կարելի էր զանգել եւ ուղղակի խոսել, Արթուրիկի հետ խոսելու ցանկություն ունեցող ընդդիմադիր գործընկերները պետք է անցնեին մի երկար պրոցեդուրա. սկզբից մի, հետո մյուս օգնականին պատմեին, թե ինչու են ուզում խոսել ապագա ախքի հետ։ Ահա այսպիսին է ախքացման ճանապարհը. այսինքն` սա ոչ թե ճանապարհ է, այլ բանաձեւ, եւ բանաձեւի մեջ մտնողները անխուսափելիորեն դառնալու են ախք։ Հա, ի դեպ, փետրվարի 19-ից հետո ախքը հայտարարեց, թե պատրաստ է միջնորդ լինել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ։ Այսքանը, թերեւս. նաեւ ուզում եմ նշել, որ սեփական լիդերին երկրի նախագահի պաշտոնում տեսնելու ցանկությունը նորմալ է ցանկացած քաղաքական ուժի համար։ Բայց այս ցանկությունը վեր է ածվում ախքացման, երբ քաղաքական գործընթացը զուգակցվում է խաղիկներով, մանր խորամանկություններով, եւ ի վերջո անկեղծությունը իր տեղը զիջում է բոլորովին ուրիշ գործելաոճի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.