> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

դիտարկում 1

Վերջին ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանի արած մի արտահայտություն թռցրած էր «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի հերոսից, որին մարմնավորում էր Վլադիմիր Միրոնովը։ Այդ հերոսը, հիշում եք, ժուլիկ էր, ու նրա ավտոմեքենան էր գողացել Յուրի Դետոչկինը։ Եւ ահա, դատարանում Դետոչկինի վրա մատ թափ տալով` ժուլիկն ասում էր, որ նա, այսինքն` Դետոչկինը, ոտնձգություն է կատարել մեր սրբության սրբոցի` Սահմանադրության դեմ, որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի սեփականության իրավունք։ Սերժը էս նախադասությունը մի քիչ փոխել էր ու ասաց, որ մարտի 1-ին մենք, այսինքն` ընդդիմությունը, ոտնձգություն ենք կատարել օրինականության եւ Սահմանադրության դեմ. ծանր հանցագործություն։ Ծանր հանցագործությունը դու ես կատարել, ընկեր Սերժիկ, որովհետեւ բռնազավթել ես ժողովրդին պատկանող իշխանությունը, եւ մենք մարտի 1-ին ընդամենը մեր պարտքն ենք համարել կանգնել քո հանցավոր ճանապարհին, կանխել քո ու քո շեֆ Ռոբի պլանավորած հանցագործությունը։ Ու դու հիմա խոստանում ես պատժել բոլոր «մեղավորներին»։ Ճիշտն ասած, ընկեր Սերժիկ, ես քեզ հասկանում եմ, հասկանում եմ, որ մեզ ուզում ես բանտերում պահել, կիլլերների խորհրդակցություններ ես հրավիրում մոտդ։ Հասկանում եմ, որովհետեւ դու վախենում ես. ախր դու վախենալու այնքան պատճառ ունես։ Մի՞թե վախկոտ չէ այն իշխանությունը, որը հենված է կանանց ծեծող սափրագլուխների վրա։ Ողորմելի վախկոտներ։ Բայց հույս չունենաս, թե մենք մի կողմ կքաշվենք. քո վախկոտ իշխանությունը փշրվելու է մեր մարդեղեն բարիկադներին բախվելով։

դիտարկում 2

Ընկեր Սերժիկը ասում է, թե որոշել է երկխոսություն իրականացնել ժողովրդի եւ հանրության եւ ոչ թե առանձին վերցրած անհատների հետ։ Ինչ էլ ձեւակերպում է գտել կտրվածը։ Բայց մեր խնդիրը հարցը շարահյուսական կամ ձեւաբանական վերլուծության ենթարկելը չէ, այլ քաղաքական։ Այս ձեւակերպմամբ նա խոստովանում է, որ ընտրությունների արդյունքները կեղծել է, որովհետեւ նախագահ ընտրված մարդը հանրության հետ ոչ թե երկխոսություն է վարում, այլ գնում է կատարելու այդ նույն հանրության հանձնարարությունը։ Ու եթե ընտրություններից հետո հաղթող հռչակված ու ընտանեպիղծների ու արյունապիղծների աջակցությանն արժանացած մարդը դեռ երկխոսության կարիք ունի հանրության հետ, նշանակում է` նա այդ հանրությանը պատանդ է վերցրել ու հիմա էլ համոզում է, թե ձեն մի հանեք, շուխուր մի արեք` լավ կլնի։ Ի դեպ, Սերժիկը հանրության հետ երկխոսելու այլ եղանակ էլ ունի, բացի հեռուստացույցով Նյու Վասյուկիի տեսլականներ ներկայացնելը. դա Անդրանիկ Միրզոյանի ստորագրած հայտնի փաստաթուղթն է։ Ինչո՞վ երկխոսություն չէ հանրության հետ. Վայոց ձորում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց հարեւաններին տանում ես դատախազություն ու երկխոսում հետները։ Եթե երկխոսության տրամադրված չեն, կանդալները գցում ես ձեռները, վռազ հակվում են դեպի երկխոսության եւ խոստովանում, որ ճիշտ ընտրություն են կատարել եւ ընտրել են բոյով-բուսաթով, խելքն ու շնորհքը տեղը Սերժիկին։

դիտարկում 3

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Սերժիկին առաջինը շնորհավորեց։ Հիմա էլ պարզվում է, որ երկար ժամանակ հայ եւ թուրք դիվանագետները գաղտնի բանակցությունների մեջ են եղել։ Հարց եմ տալիս` կարողա՞ այն հրապարակումները, որ թուրքական մամուլից մեջբերում էր «Հայլուրը»` Լեւոն Տեր-Պետրոսյանի «թրքամետությունը» հիմնավորելու համար, այդ բանակցությունների արդյունքում են տպագրվել թուրքական մամուլում։ Հը՞, Սերժիկ էֆենդի։ Չէ, ես ընդամենը հարց եմ տալիս։ Կարողա՞ նախընտրական շրջանում բանակցել ես թուրքական կողմի հետ, որ իրենք, դե, մի էրկու ստռոչկա բան գրեն Տեր-Պետրոսյանի մասին` քեզ ձեռ տվող բան։ Կարողա՞ ադրբեջանցիների հետ էլ ես բանակցել, դրա համար էլ ԵԽԽՎ բանաձեւից կյանքի գնով հանել տվեցիր բանտերում գտնվող քաղաքական գործիչներին վերաբերող որոշ կետեր, բայց Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելու հետ կապված ձեն էլ չհանեցիր։ Հը՞, Սերժիկ էֆենդի։

Հ.Գ. Գալիս եմ դեպի Ազատության հրապարակ` երկրի հակառակ կողմից։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.