> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Այսօր Կարսում տեղի կունենա Կարս-Ախալքալաք երկաթուղու` թուրքական հատվածի հիմնարկեքի արարողությունը։ Սա այն երկաթուղին է, որով մեր հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը հնարավորություն են ստանում երկաթուղային հաղորդակցություն հաստատել Թուրքիայի հետ։ Նախկինում այդ կապը ապահովվում էր Հայաստանի տարածքով` Գյումրի-Կարս երկաթուղով։ Գյումրի-Կարս երկաթուղու` ղարաբաղյան հակամարտության արդյունքում չգործելու պատճառով այդ երկրները չունեին երկաթուղային կապ, ինչը էականորեն խոչընդոտում էր նրանց միջեւ առեւտրային հարաբերությունների զարգացմանը։ Դրանով Գյումրի-Կարսն այդ երեք երկրների համար ռազմավարական նշանակություն էր ձեռք բերում, ինչը նշանակում էր, որ դա հզոր լծակ էր Հայաստանի ձեռքին` տարածաշրջանային խնդիրներ լուծելու համար։ Սակայն շատերն էին հասկանում, որ այդ լծակը չնայած իր հզորությանը, հնարավոր է օգտագործել կարճ, չափազանց կարճ հեռանկարում, եւ մի օր գալու է պահը, որ այն կորցնելու է իր դերն ու նշանակությունը։ Եւ այդ կարճ ժամանակը պետք էր հնարավորինս արդյունավետ օգտագործել։ 1998 թվականին իրականացված հեղաշրջման արդյունքում, երբ, ըստ էության, ԼՂ հակամարտությունը սառեցնելու որոշում կայացվեց, եւ դա մատուցվեց որպես խիստ հաղթողական քաղաքականություն, արդեն պարզ էր, որ մեր հարեւանները մեզ զրկելու են մեր ունեցած լծակներից։ Նախ կառուցվեց Բաքու-Ջեյհան նավթամուղը, որը զգալիորեն երկարացվեց, որպեսզի շրջանցի Հայաստանը, հետո կառուցվեց Բաքու-Էրզրում գազատարը, որը եւս շրջանցեց Հայաստանը, իսկ հիմա էլ ավարտվում է Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը։ Այսպիսին եղավ Հայաստանի «հաղթողականե արտաքին քաղաքականության ուղղակի հետեւանքը։ Նշենք, որ մինչեւ 1998 թվականը այս նախագծերն անգամ չէին էլ քննարկվում։ Եւ այս ֆոնին Սերժ Սարգսյանի սիլի-բիլիները Թուրքիայի ղեկավարության հետ, մեղմ ասած, զավեշտալի են։ Եթե նա արդեն հասկացել է, որ առանց հարեւանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու հնարավոր չէ ապահովել Հայաստանի զարգացումը, ապա շատ ուշ է դա հասկացել, եւ այդպիսի ինտելեկտով մարդն ուղղակի իրավունք չունի հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին։ Իսկ եթե ավելի շուտ էր հասկացել, բայց ձայն չէր հանում ու չէր խանգարում Քոչարյանին շարունակել իր «հաղթողականե արտաքին քաղաքականությունը, ապա ավելի վատ։ Ընդամենը հիշենք, որ Քոչարյանը դեռ երեք տարի առաջ հրապարակավ համոզմունք էր հայտնել, թե Կարս-Ախալքալաք երկաթուղին չի կառուցվի։ Իսկ հետո, երբ սկսվեց բուն շինարարությունը, մեր պաշտոնյաներից մի քանիսի ցինիզմը բավարարեց հայտարարելու համար, թե այդ երկաթուղին Հայաստանին օգուտ կբերի. Հայաստանը Վրաստանի տարածքով երկաթուղային կապ կունենա Թուրքիայի հետ։ Ու հիմա էլ իշխանությունները փորձում են չնկատելու տալ, որ այդ երկաթուղին արդեն կառուցվում է եւ հաջորդ տարի շահագործման կհանձնվի։ Ճիշտ էլ անում են. եթե նկատելու տան, ապա նաեւ պիտի խոստովանեն, որ իրենք տխմար են, որ իրենք Հայաստանը դարձրեցին աշխարհի ամենամեկուսացված երկրներից մեկը, եթե ոչ ամենամեկուսացվածը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.