> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հիմա մեր հանրությանն ինտենսիվորեն փորձում են ներարկել մի «տեսլականե, որի բովանդակությունը հետեւյալն է` ինչո՞ւ չտեսնել Սերժ Սարգսյանի գործունեության լավ կողմերը եւ անընդհատ մատնանշել միայն վատը։ Եթե այս «տեսլականը» դրվեր շրջանառության մեջ որեւէ ազատ, ժողովրդավարական երկրում, ապա այն ինքն իրենով արդեն իսկ աբսուրդ կհնչեր։ Ինչպե՞ս կարող է հասարակությունը քննարկել իր իսկ ընտրած նախագահի միայն վատ գործերը, ընդ որում` այնպես քննարկել, որ դրանց դեմն առնելու համար գործադրվի իշխանական ողջ քարոզչամեքենան։ Եթե նայենք մեր հեռուստաեթերը, ապա առանց այդ էլ առավոտվանից երեկո Ս. Սարգսյանը ներկայացվում է բացառապես դրական։ Էսպես մի հրեշտակ եկել ու հանգրվանել է մեր երկրի նախագահի աթոռին։ Ընդ որում, ամեն օր քարոզչություն մատուցած Սերժ Սարգսյանի թեւերին նորանոր փետուրներ են աճում` մեկը մյուսից ավելի ճերմակ, մեկը մյուսից ավելի մաքուր։ Քարոզչությունն էլ տարվում է, ռուսի ասածի պես, տապոռային` այ, նայեք ինչ լավ նախագահ ունեք ու դեռ դժգոհում եք։ Տեսեք միայն լավը, նա է ամենալավը, չկա նրանից լավը… Սերժ Սարգսյանի PR տեխնոլոգները արդեն իսկ ապացուցել են, որ իրենք անգրագետ են ու նույնիսկ տեղյակ էլ չեն իրենց «մասնագիտությանե պատմությանը։ Միայն լավը ցույց տալու, հանրությանը առաջնորդի միայն լավը ներկայացնելու պրակտիկան ամենեւին էլ նորություն չէ, եւ մարդկության պատմությունը բազում ապացույցներ ունի, թե դա ինչով է ավարտվում։ Անցած դարի 30-ականներին գերմանական քարոզչամեքենան հանրությանը սկզբում համոզում էր տեսնել Հիտլերի ոչ միայն վատ գործերը։ Հետո համոզում էր տեսնել Հիտլերի միայն լավ գործերը, իսկ հետո էլ ով որ չէր համոզվում, իր կյանքը ավարտում էր գեստապոյի նկուղներում։ Իսկ ի՞նչ է, Հիտլերը չունե՞ր լավ կողմեր։ Թող տարօրինակ չհնչի, բայց Հիտլերի արած լավ գործերի ցանկի մոտ Ս. Սարգսյանի արած լավ գործերի թվարկումն իր ծավալով հետգրության էլ չի ձգում։ Հիտլերը գրեթե արմատախիլ արեց թմրամոլությունը, կրիմինալը, հաշված տարիների ընթացքում գործազրկությունը հասցրեց նվազագույնի, ոտքի հանեց տնտեսությունը, եւ նույնիսկ այսօր գերմանական մեքենաշինության համաշխարհային մակարդակի ընկերությունների մեծագույն մասը ստեղծվել կամ կայացել է հենց Հիտլերի օրոք։ Հիմա ի՞նչ անենք. մոռանա՞նք Երկրորդ աշխարհամարտի 50 միլիոն զոհերին, 130 միլիոն վիրավորներին։ Ի՞նչ կա որ։ Կամ` Մուսսոլինին։ Այնքան շինարարություն, որքան իրականացվել է Իտալիայում Մուսսոլինիի օրոք, երեւի ուրիշ ոչ ոքի օրոք չի իրականացվել։ Կամ` Ստալինը. եկեք մոռանանք, որ հոշոտել է Չարենցին ու Բակունցին։ Եկեք տեսնենք միայն լավը։ Կամ ինչո՞ւ ենք տասնամյակներ ետ գնում։ 2002-ին «Ա1+»-ը եւ «Նոյան տապանը» փակելուց հետո մեր հեռուստաեթերում Քոչարյանը միայն դրական էր` ժապավեն էր կտրում, «սրամտում էրե, լավ էլ դրական կերպար էր։ Այնքան «դրականե էր, որ իր դեմ համաժողովրդական ընդվզումը հնարավոր եղավ ժամանակավորապես պասիվացնել Երեւանի փողոցները մարտի 1-ին մսաղացի վերածելու գնով։ Հիմա նույն քարոզչամեքենան նույն` անտաղանդ ձեւով փորձում է կերտել մի նոր դրական կերպար` Սերժ Սարգսյան անուն ազգանունով։ Բայց մի հարցնող լինի. դուք չէի՞ք հայտարարում, որ Սերժը ունի 80% վստահության քվե, այդ ի՞նչ կարիք կա այդպես փրփուրը բերանին ավելի դրականացնել 80%-անոցի կերպարը։

Հ.Գ. Երեկ Սերժ Սարգսյանը լավով երեւալու PR-ի հերթական ակցիան էր կազմակերպել ասուլիսի տեսքով։ Դրան, բնականաբար, չեն հրավիրվել ՀՀ-ի ամենամեծ տպաքանակներն ունեցող օրաթերթերը, որոնց վաճառվող տպաքանակների գումարը 8 անգամ գերազանցում է Ս. Սարգսյանի միայն լավ կողմերը տեսնող թերթերի տպաքանակների գումարը։ Սա ոչ միայն բնական, այլեւ ողջունելի քայլ է. եթե հրավիրեին, ապա հասարակության մի մասը գուցե սկսեր կասկածել, թե Ս. Սարգսյանի հետ կարելի է ինչ-որ հույսեր կապել, ու հետո քաշվեր։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.