> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ PR նոր ակցիա է սկսել, որի մեխը «կախարդական» մի բառակապակցություն է` «եկեք շանս տանք Սերժ Սարգսյանին»։ Ի՞նչ է թաքնված առաջին հայացքից անմեղ, գրեթե հրեշտակային այս բառակապակցության ետեւում։ Դե, ի՞նչ է թաքնված. ուզում են ասել, թե տեսեք` այս 100 օրվա ընթացքում ինչքան լավ բան է արել Սերժը, եկեք տեսնենք այդ լավը եւ շանս տանք։ Նույնիսկ կարեւոր էլ չէ, որ այդ «լավ բաներիե թվարկումը չափազանց կարճ է տեւում. այս պահին դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ մենք բոլորս, կամա թե ակամա, Սերժ Սարգսյանին արդեն տվել ենք այդ շանսը, եւ այս 100 օրով չէ, որ պետք է որոշվի նրան շանս տալու հարցը։ Բա ո՞վ պիտի շանս տա ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր մի երկու անուղեղ մենթի ցուցմունքով ամիսներ շարունակ ազատազրկվում են։ Կա միայն մի երկընտրանք` շանս տալ Սերժ Սարգսյանին կամ շանս տալ ՀՀ Քաղաքացուն։ Իրավիճակն այնպիսին է, որ մեկի շանսը բացառում է մյուսի շանսը` կա՛մ մենք շանս ենք տալիս Սերժին, եւ որեւէ շանս չի ունենում Քաղաքացին, կա՛մ շանսն ունենում է Քաղաքացին, եւ այդ դեպքում որեւէ շանս չի ունենում Սերժը` իր մերձակա սվիտայով։ Այդ շանսերի միաժամանակյա գոյակցությունը պարզապես բացառվում է, ինչպես բացառվում է ֆեոդալական աշխարհայացքի եւ Քաղաքացու խաղաղ գոյակցությունը` կա ֆեոդալիզմ, կա հպատակ, եւ չկա քաղաքացի, կա քաղաքացի, ուրեմն ֆեոդալիզմն է բացառվում։ Կասեք` այդպես չէ՞, այդ շանսերը կարող են համատեղվե՞լ։ Դե, ուրեմն պետք է ձեզ վրա պատասխանատվություն վերցնեք, առանց միամիտի տպավորություն ստեղծելու պնդեք, որ Սերժը, ասենք, կբացի «Ա1+ե-ը։ Կարո՞ղ է արդյոք Սերժը իրեն թույլ տալ գնալ այդպիսի քայլի։ Չի կարող, որովհետեւ եթե եթերում լինի իր վերահսկողությունից դուրս գտնվող գոնե մեկ հեռուստաալիք, ապա ինքը չի կարող զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը։ Շանս տալ Սերժին, նշանակում է Քաղաքացուն որեւէ շանս չթողնել ազատվելու սափրագլուխների պարբերական ասպատակություններից, նշանակում է որեւէ շանս չթողնել Քաղաքացուն խուսափել տարբեր տեսակի «իրավապահե մարմիններ «զրույցներիե կանչվելուց ու խոշտանգումների ենթարկվելուց։ Շանս տալ Սերժ Սարգսյանին, նշանակում է շանս տալ մարտի 1-ի ողբերգությունը կոծկելու, ինչպես ժամանակին կոծկվեց հոկտեմբերի 27-ի գործը, շանս ենք տալիս Աղվան Հովսեփյանին շարունակել այն խեղկատակությունը, որը կոչվում է «Մարտի 1-ի քրեական գործե, շանս ենք տալիս բանտերը լցնել քաղբանտարկյալներով, ի վերջո` շանս ենք տալիս կրկնել մարտի 1-ը։ Կրկնել ու մարսել, հետո նորից կրկնել ու նորից մարսել։ Դրանից հետո Քաղաքացին հպատակի չվերածվելու այլեւս որեւէ շանս չի ունենա։ Մի խոսքով, նրանք, ովքեր այսօր Սերժին շանս տալու քարոզն են անում, իրենք արդեն իսկ վերածվել են հպատակի եւ ուզում են կամ առնվազն հոգեբանորեն պատրաստ են Երեւանում քայլել այն ուղղությամբ եւ այն քայլքով, ինչպես կհրահանգի ոստիկանության որեւէ կիսագրագետ մայոր, մտածել այնպես, ինչպես կհրահանգի մի կիսագրագետ մայոր, խոսելու թույլտվություն ստանա կիսագրագետ մայորից։ Ու չեն էլ ուզում մտածել, որ եթե այդ շանսը տրվեց, ապա կիսագրագետ մայորից կախված են լինելու ոչ միայն իրենք, այլ նաեւ իրենց երեխաները, թոռները… Չեն ուզում մտածել, որովհետեւ արդեն չեն կարող. չէ՞ որ նրանք ուզում են մտածել այնպես, ինչպես իրենց կհրահանգի կիսագրագետ մայորը։ Առնվազն վերջին ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, որ իրենց կիսագրագետ մայորին վստահել ցանկացողների թիվը Հայաստանում, բարեբախտաբար, նվազ է` շատ նվազ։ Ու թե ում շանս կտա այդ նվազը, որեւէ նշանակություն չունի։

ՆՒԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.