> ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Ելույթ Ազատության հրապարակում

Սիրելի ժողովուրդ.

Այսօրվա մեր խնդիրը շատ պարզ է եւ հստակ. չկանգնել, չկանգնել ոչ մի վայրկյան, չկանգնել ոչ մի դեպքում, հասնել այս ճանապարհի վերջին, որտեղ մեզ սպասում է Ազատ եւ Երջանիկ Հայաստանը: Մեր այս հանրահավաքները հենց դա են խորհրդանշում. մեր նպատակամղվածությունը եւ հաղթական հանգրվանին հասնելու մեր կամքը: Եւ ահա, այսպես, մեր այսօրվա հանրահավաքը հայտարարում եմ բացված:

Այսօր, ինչպես պայմանավորվել ենք, ես պետք է ելույթ ունենամ: Այս ելույթը, սակայն, մի փոքր այլ բնույթ կունենա. նամակի, ավելի ճիշտ` պատասխան նամակի բնույթ: Պատճառն այն է, որ նախորդ շաբաթ «Հրապարակ» օրաթերթում տպագրվել է մի նամակ, որ ինձ էր ուղղված: Ստորեւ ներկայացնում եմ այն:

***

Նամակ Նիկոլին

Նիկոլ, ես քո խառըխշտիկ-զգացմունքային երկը` «Երկրի հակառակ կողմը», ընկալում եմ որպես նամակ մեզ: Ինձ` նրանցից մեկին, որը ձմռան ցրտին Օպերայի աստիճանների մոտ էր, Մյասնիկյանի արձանի պատվանդանից ներքեւ, եւ ընդհանրապես, ինչպես Նար-Դոսի հերոսն էր ասում, դու վերեւն էիր միշտ, ես ու իմ նմանները` ներքեւը:

Եվ հետագա մեր հավաքներից` Հյուսիսային պողոտայում ու միտինգներին, համոզվեցի, որ պատանիները, նույնիսկ երեխաները կարոտում են քեզ: Շատ եմ լսել` «այ թե Նիկոլը լիներ», կամ դրա նման շատ բաներ: Ինձ` քո հասակակցի համար, դու թվում էիր մի տղա, որն ուզում է տղա լինել, հավերժական տղա, որովհետեւ հեռու է հայ տղաներից դեպի տղամարդը տանող ճանապարհը` ցավոք, ու այսօր հարկ է տղա լինել… Իսկ դու ջղաձիգ, խորհրդավոր, տարօրինակ, վտանգավորի ու տաղանդավորի արանքում ճոճվող մի տղա էիր, որ, չգիտեմ` ի հաշիվ ինչի, կարողանում էիր ապահովել երիտասարդ տղաների ու աղջիկների «դուխը», այսինքն` իրար էիք «դուխ» տալիս, որովհետեւ քեզ եւ համալսարանից փախած ուսանողներին պետք էր «դուխով» տղա լինել կամ երեւալ` մականունավոր օլիգարխների ու չար-գյադայական Քոչարյանի աչքին:

Քո տպագրված առաջին բանաստեղծությունը, որը երգ դարձավ` որբացած Ազատության հրապարակի մասին, նա, որի մեջ կար «Թումանյանի տաք ծոց» արտահայտությունը, իսկական պոեզիա էր, եւ անհնար է առանց հուզմունքի այն կարդալն ու հետագայում լսելը, այնտեղ կա շատ լաց այն տղայի կողմից, որը ամբիոնի առաջ էր` այն տղաների ու աղջիկների համար, որոնք կոտորվեցին ֆիզիկապես կամ ներաշխարհով:

Նիկոլ, անկման այս տրամադրությունների ժամանակ, երբ քեզ լսող եւ քեզնից ոգեւորվող շատ տղաներ եւ աղջիկներ կա՛մ արդեն գնացել են Երկրի հակառակ կողմը, կա՛մ պատրաստվում են գնալ, արդեն չի փրկում քո հեռակա ներկայությունը, թեկուզ եւ դու մեյդան բերես «հեղափոխություն» բառը: Հայրենիքը, որը ինչպես դու էիր ասում, թողնելու ենք մեր երեխաներին, ժամ առ ժամ է հեռանում մեզանից: Քո երկը` «Երկրի հակառակ կողմը», ես ընկալեցի տարբեր օրերին ու նույնիսկ տարբեր տրամադրություններին` տարբեր. կարելի էր կարծել, որ դու ինչը որ չես ուզում ասել բաց տեքստով, ասում ես այդտեղ, կարելի էր մտածել, որ այդպես ես միայն հեշտ սեր խոստովանում կնոջդ կամ հայրենիքիդ, որ այդպես ես միայն հեշտ բացում ոչ քաղաքում մեծացած, տատիկի դաստիարակած տղայի էությունը. ասես հայ տղամարդկանց ես սովորեցնում` գոնե հանուն հեղափոխության հաղթանակի սեր խոստովանել: Գրվածքդ անընդհատ չէր կարդացվում, կարդում էինք, որ տեսնենք` ո՞ւր է հասել քո ջղաձգության աստիճանը… Մեկ-մեկ էլ երկարաձգված տողերի արանքում մտածում էինք, որ կարո՞ղ է այս տղան ցանկացել է գրող դառնալ` չի ստացվել, դրա դարդից է հեղափոխություն սկսել…

Քո գրվածքի հերոսը վատ տղա չէ, մտածող տղա է ու դրանից էլ` մի քիչ խեղճ, իգական, ինչպես Հրանտ Մաթեւոսյանի հերոսներից շատերը, այսինքն` խղճով մեկը, որը երազում է այդպիսին չլինել, բայց չի կարող, քանի որ մանկության տարիներին չափազանց շատ է սիրվել ու խղճի կողքին ապրել:

Այն, ինչ եղավ Ազատության հրապարակում` խարույկների մոտ, քո խռպոտված ձայնի ժամանակներում, մնալու է երիտասարդների հիշողության մեջ, բայց կարծում եմ` դա մի ժամանակ էր, որն այլեւս չի կրկնվելու: Հիմա միտինգավոր յուրաքանչյուր երեխա անգիր գիտի եւ երբեմն իրեն-իրեն արտասանում է` «այս հրապարակում դավաճան չկա, այս հրապարակում կասկածող չկա…»: Հա, բայց ո՞ւր է այդ հրապարակը, Նիկոլ, ես նկատի ունեմ հրապարակը` բոլոր չկասկածողներով, իսկ այն ժամանակ չկասկածողը պետք է պոեզիայով, սիրահարությամբ ու սրտով չկասկածեր միայն, որովհետեւ երբ գալիս էր բանականությունը, անհնար էր չկասկածել…

Ամեն դեպքում` տխուր է, Նիկոլ: Փաստորեն, դու շատ ավելի կարեւոր էիր երիտասարդության համար, քան մենք` քո հասակակիցները, կարող էին պատկերացնել: Ես չեմ ուզում երթը թափորի վերածվի, ես չեմ ուզում, որ Ազատության հրապարակի ազատության ոգին մնա որպես անուշ հիշողություն ու սրտի հույս արտերկիր փախչող երիտասարդության համար: Ողջույն, Նիկոլ:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ցուցարար-ընթերցող

***
Նամակի հեղինակին անձամբ չեմ ճանաչում, եւ սա առավելություն է տվյալ դեպքի համար, որովհետեւ հեղինակի դերում կարող եմ պատկերացնել ձեզանից յուրաքանչյուրին: Հույս ունեմ, որ Մարիամ Գրիգորյանը դեմ չի լինի, որ իր նամակի պատասխանը հասցեագրված լինի ոչ միայն իրեն, եւ այդ պատասխան նամակը փոխարինի իմ այսօրվա ելույթին: Ահա, ուրեմն`

Նամակ Մարիամին

Ողջույն, հարգելի Մարիամ.

Ես Ձեր նամակը կարդացի մի քանի անգամ, որովհետեւ արդեն ութ ամիս սպասում եմ նրան: Ութ ամիս նամակ եմ սպասում Հայաստանից. ոչ թե Հայաստանից, այլ Հայաստանից, ու երբ Ձեր նամակը կարդացի, ինձ թվաց` այն Հայաստանն է գրել: Ութ ամիս նամակ էի գրում ու ոչ մի պատասխան չէի ստանում: Հետո, բաներ կան, որ հնարավոր չէ գրել նամակում, բայց հնարավոր է գրել պատասխան նամակում: Ու Դուք այնպիսի հարցերի մասին եք գրում, որոնց ես ինքնուրույն, ինքնաբուխ չէի համարձակվում անդրադառնալ: Ավելի ճիշտ, այս ընթացքում մի քանի անգամ փորձել եմ, բայց այդ փորձերս վախվորած են եղել, անվստահ:

Այսպես կիսաձայն, հետո ավելի բարձր փորձել էի պատասխանել այն հարցին, որը նաեւ Դուք եք ձեւակերպում. բայց ո՞ւր է Ազատության հրապարակը: Դուք նաեւ օգտագործում եք «որբացած Ազատության հրապարակ» ձեւը:

Ես իսկապես կարծում եմ, որ Ազատության հրապարակը տեղանք չէ, Ազատության հրապարակը մարդ է, ավելի ճիշտ` մարդիկ` առնվազն 1+1: Այս մասին մի անգամ ասել էի, բայց ոչ մի պատասխան չէի ստացել, հետո որոշեցի ավելի բարձր ասել` ելույթ ունեցա, ու եթե Ձեր նամակը մեկ-երկու օր էլ ուշանար, իմ ջղաձգությունը իսկապես կարող էր անհավանական չափերի հասնել, բայց Դուք դա կանխեցիք: Եւ ես հիմա ավելի համոզված եմ ասում, Ազատության հրապարակը այստեղ է, որովհետեւ Դուք եւ ես, ահա, կանգնած այդ հրապարակում, խոսում ենք նույն բաների մասին, ինչի մասին խոսում էինք, եւ տասնյակ հազարավոր մարդիկ հետեւում են մեր խոսակցությանը: Մենք շատ ենք ասել` Ազատության հրապարակի ոգի, ասել ենք, որ այդ ոգին է կերտելու Ազատ եւ Երջանիկ Հայաստանը` Ազատության հրապարակի ոգին: Ու հիմա Սերժին թվում է, թե երբ ինքը էքսկավատորով քանդում է Օպերայի հրապարակը, այն ոգին է քանդում, որի գոյության գիտակցումից չի քնում գիշերը: Բայց այդ ոգին, ախր, Օպերայի բակում չէ, այլ մարդկանց մեջ: Նա այս մասին էլ է մտածել, դրա համար քաղբանտարկյալներ է լցրել զնդանները եւ ուզում է այդ ոգին ջարդել նրանց մեջ: Դա չի հաջողվի, բայց այս պահին խոսքս սրա մասին չէ:

Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ տասնյակ հազարավոր երիտասարդներ կան, տասնյակ հազարավոր, ովքեր մարտի 1-ին քարը, փայտը ձեռքներին բարիկադների վրա կռիվ են տվել ավտոմատավորների դեմ ու հաղթել, եւ հիմա ոչ ոք նրանց տեղը չգիտի, չգիտի, թե ովքեր են նրանք: Նրանք Հայաստանում են, նրանք ոչ մի տեղ չեն գնացել, նրանք հիմա Երեւանի փողոցներով քայլում են, դասի են գնում, սրճարանում սուրճ են խմում, գործի են գնում` գառնուկի տեսքով, նրանց հիմնական մասը անգամ Հյուսիսային պողոտա չի եկել ոչ մի անգամ: Շատերը անգամ հանրահավաքի չեն գալիս:

Թանկագին Մարիամ, չհավատաք, թե նրանք կոտրվել են: Նրանք ամուր են եւ իրենց մեջ հիմա ավելի կարեւոր բան են պահպանում. Ազատության հրապարակի ոգին: Եւ երբ Դուք, հանրահավաքը որոշի, որ այդ ոգու ժամը եկել է, չկասկածեք, այդ տղերքը, իրենց սիրած աղջիկների հետ, նորից իրենց մասին հիշեցնելու են: Այո, նրանք գալու են սիրած աղջիկների հետ, հանուն նրանց, որովհետեւ նրանք տղա են, տղամարդ են, ոչ թե որովհետեւ հաստ մուսկուլներ ունեն կամ ախրանա կամ փող, այլ տղա են, որովհետեւ սիրում են իրենց ընկերուհի-աղջիկներին, հանուն այդ սիրո են տղամարդ, որովհետեւ նրանց համար հայրենիքը այդ աղջիկներն են, որոնց հետ իրենք վաղը ընտանիք են կազմելու եւ ունենալու են սիրուն բալիկներ, եւ այդ բալիկները ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում: Մարտի 1-ին ինչո՞ւ նրանք չփախան, որովհետեւ Մյասնիկյանի արձանի մոտ եկել էին իրենց սիրածների հետ, այդ հզոր ուժն էր նրանց թիկունքում, ու նահանջելու տեղ չունեին: Տեղ ունեին, բայց դե, պիտի ապացուցեին, որ տղամարդը ոչ թե հաստ մուսկուլներով անուղեղներն են, այլ իրենք` հիմնականում բարակ-մարակ, առաջին հայացքից շփոթված այդ տղերքը: Ու, թանկագին Մարիամ, ես հարթակում, այսինքն` վերեւում էի ոչ նրա համար, որ Ձեզ թողնեմ ներքեւում: Վերեւում էի նրա համար, որ էդ տղերքը ապացուցեն իրենց ով լինելը, բայց եւ այսօր չլինեն հետախուզվողների ցուցակում: Ու էդ տղերքից ոչ ոք ոչ մի տեղ չի գնացել, հավատացեք: Նրանք չկասկածողներն են, նրանք հաղթողներն են, նրանք կհաղթեն ցանկացած պահի, երբ ուզենան, բայց նրանք չեն ուզում հաղթանակ, որ միայն իրենցը լինի, նրանք ուզում են հաղթանակ, որ լինի նաեւ նրանցը, ովքեր իբր պետք է պարտվեն այս պայքարի արդյունքում: Ասում եմ «իբր», որովհետեւ մեզ համար հաղթանակը նա չէ, որ մենք գլուխ գովանք, ասենք` տեսա՞ք, ոնց ձեզ ծնկի բերեցինք: Մեզ համար հաղթանակն այն է, որ «դուխով տղա» լինելու կարիք չլինի այս երկրում, ավելի ճիշտ` տղերքը, տղամարդիկ չբաժանվեն դուխովների եւ ոչ այնքան, որ այդ բոլոր հասկացությունները, մտածումները, զգացողությունները պարփակվեն մեկ բառի մեջ` Քաղաքացի:

Մարիամ, հիմա Ձեզ հայտնի մարդիկ շատ են ասում, որ «Քաղաքացի», «Ազատություն», «Հայրենիք», «Ընտանիք» բառերը ընդամենը միամիտ ժողովրդին խաբելու միջոցներ են, օրինակներ են բերում` հեղափոխությունների, ապստամբությունների պատմությունից: Ես չգիտեմ` մարդիկ դրան ինչպես են արձագանքում, ոչ էլ ուզում եմ պատմական հակաօրինակներ բերել: Որովհետեւ մեր ժողովրդի պրոբլեմը եղել է այն, որ նա գրեթե միշտ քարշ է եկել պատմության ետեւից, եւ, մեծ հաշվով, ինքը պատմություն չի կերտել: Ու մեր Հեղափոխությունը, մեր Ազատությունը, մեր Հայրենիքը ոչ թե պատմական օրինակներ կրկնելու, այլ պատմություն կերտելու եւ այդ պատմությունը ուրիշների համար ուսանելի դարձնելու թատերաբեմ է: Սրա համար ոչ թե ուղղակի հաղթանակ է պետք, այլ Մեծ Հաղթանակ, եւ մենք այսօր, հենց հիմա հասունացնում ենք այդ հաղթանակը: Եթե կուզեք` ձգում ենք այդ հաղթանակը, որովհետեւ չենք ուզում, ինչպես Դուք եք դիպուկ բնորոշում, «հավերժական տղայի» կարգավիճակում լինել եւ պարտավոր ենք անցնել «դեպի տղամարդը տանող» երկար ու դժվար ճանապարհը: Երբ պահի տակ, ոգեւորված, տաքացած գնում հաղթում ես, դա տղայի հաղթանակ է, իսկ երբ հաղթում ես դաժան ճանապարհը հաղթահարելով, ահա դա տղամարդու հաղթանակ է: Մենք տղամարդու հաղթանակ ենք տանելու, մենք տղամարդու հաղթանակ ենք տոնելու: Տղային ոչ թե դուխն է տղամարդ դարձնում, այլ արցունքները չթաքցնելու կարողությունը, ոչ թե փառքը, այլ նվաստացումը, ոչ թե ոգեւորությունը, այլ հուսահատությունը, ոչ թե հաղթանակը, այլ դրա անհնարինությունը: Անհնարինության միջով է անցնում դեպի տղամարդը տանող ճանապարհը. տղան վերջնականապես տղամարդ է դառնում այն ժամանակ, երբ հաղթահարում է անհնարինությունը ու ձեռքը վերցնում հաղթանակը: Ու մարտի 1-ի տղերքը հիմա էդ անհնարինության միջով են քայլում ու քայլելու են մինչեւ վերջ: Նրանք գիտեն, որ իրենց սիրած աղջիկների, ապագայում` իրենց կանանց հետ Երեւանի փողոցներում հանգիստ ու արժանապատիվ քայլելու համար այդ փողոցների ամեն սանտիմետրը պետք է ազատեն բեսպրեդել կոչվող ստահակից: Ու մարտի 1-ին նրանք հասկացան, որ կարող են դա անել: Ու ստահակն էլ հասկացավ, որ կարող են անել, ու այդ պահին հեղափոխությունը, իսկական հեղափոխությունը սկսվեց ու չի կանգնելու, մինչեւ մարդիկ Երեւանի փողոցներով քայլելիս ոչ թե դուխով տղայի կամ օլիգարխի բաջանաղի ընկերոջ, այլ Քաղաքացու կեցվածքը նախընտրեն: Ես դա Ձեզ խոստանում եմ:

Մարտի 1-ին ստահակը կրակեց մեզ վրա, սպանեց մեզ, ինչը նշանակում է, որ հեղափոխությունը անխուսափելի է, ոչ ոք այլեւս չի կարող այն կանգնեցնել: Ոչ ոք:

«Ազատություն» ռադիոկայանը ինձ հարցնում է. բա ի՞նչ եղավ հեղափոխությունը: Մենք մոռանում ենք, որ հեղափոխությունը իրադարձություն չէ, հեղափոխությունը գործընթաց է, եւ այսօր, հենց հիմա այդ գործընթացը տեղի է ունենում Հայաստանում:

Պատմաբանները մինչեւ հիմա թեժ վեճեր են մղում մարդկության պատմության ամենամեծ հեղափոխություններից մի քանիսի մեկնարկի եւ ավարտի հետ կապված հարցերի շուրջ. նրանք վիճում, վիճում են, թե երբ է սկսվել այս կամ այն հեղափոխությունը, երբ է ավարտվել, ու մինչեւ հիմա չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

Թանկագին Մարիամ, հեղափոխությունը Ձեր նամակն է, որովհետեւ Դուք կարող էիք գրիչ չվերցնել, ու չգրել այն` մնալով Ձեր տան, Ձեր աշխատանքի, Ձեր կենցաղի ու առօրյայի հոգսին: Բայց Դուք գրել եք այդ նամակը, ու ակնհայտ է, որ պոռթկում չէ դա, այլ երկար մտածումների, վերլուծությունների, նաեւ կասկածների արդյունք: Իսկ սա նշանակում է, որ Դուք հրաժարվել եք, հրաժարվում եք «Քաղաքացի», «Ազատություն», «Հայրենիք», «Ընտանիք», «Հեղափոխություն» բառերին վերաբերվել այնպես, ինչպես սերժանտական «Հայլուրն» է Ձեզ հրամայում: Դուք հրաժարվում եք աներկբա հավատալ նաեւ այն ամենին, ինչ հնչում է հանրահավաքի հարթակից կամ գրվում թերթի էջերում: Դուք պատասխան եք պահանջում, Դուք բացատրություն եք պահանջում, եւ ես հպարտ եմ, որ նաեւ ինձնից է Ձեր պահանջը: Եւ ես գիտեմ, որ պարտավոր եմ Ձեր առաջ պատասխան տալ:

Դուք շարունակ կանգնած եք Ազատության հրապարակում, որովհետեւ այնտեղ, ուր Դուք կանգնում եք, գտնվում եք, ինքնաբերաբար դառնում է Ազատության հրապարակ, որովհետեւ Ազատության հրապարակի ոգին Ձեր մեջ է: Ինչ-որ մեկն էլ Ձեզ համար է քարով գնացել ավտոմատավոր ստահակի դեմ: Սրա համար եմ ասում, որ Ձեր նամակի հեղինակը Հայաստանն է:

«Երկրի հակառակ կողմի» մասին: Չէ, այն գրելու իմ որոշման պատճառը ամենեւին էլ գրող դառնալու մանկական երազանքը չէ: Դրա պատճառը նույնպես Ազատության հրապարակն է: Մարտի 1-ից հետո գրեթե ամեն օր ինչ-որ բան գրել եմ: Աշխատել եմ ամեն օր ինչ-որ կերպ հանդես գալ Ձեր առաջ, որովհետեւ ցանկացել եմ ամեն օր լինել Ազատության հրապարակում եւ ամեն օր եղել եմ Ազատության հրապարակում, որովհետեւ Ազատության հրապարակում լինել` չի նշանակում լինել Օպերայի մոտ, Ազատության հրապարակում լինել` նշանակում է լինել Ձեզ հետ: Ինձ համար երբեմն կարեւոր էլ չի եղել` լավ բան եմ գրել, թե վատ, խելացի միտք եմ արտահայտել, թե ոչ այնքան. կարեւոր է, որ ամեն օր լինեմ Ձեզ հետ: Ազատության հրապարակում, հանրահավաքի հարթակից ունեցած իմ ելույթներին, ժեստերին, շարժուձեւերին էլ չի կարելի նույն գնահատականը տալ. մեկը հաջող է եղել, մյուսը` անհաջող: Բայց կարեւորը եղել է այն, որ մենք իրար հետ ենք, ու սրա համար եմ ամեն օր ինչ-որ բան գրում` ամենեւին հավակնություն չունենալով, թե իմ ամեն գրածը ստացվել է, կամ Դուք պետք է ամեն ինչ կարդաք: Ինձ համար կարեւոր է, որ Դուք տեսնեք, որ այստեղ եմ` Ազատության հրապարակում: Ոչ թե որպես միայն հարթակի մարդ, այլ որպես եղբայր, որպես որդի, որը երբեմն ջղաձիգ է, երբեմն` հավասարակշիռ, երբեմն` անտանելի, երբեմն` սրամիտ, երբեմն` խեղճ, երբեմն` անկասելի, երբեմն` նույնիսկ տափակ ու գռեհիկ` ցանկացած սովորական եղբոր եւ որդու նման:

Դուք ասում եք, որ իմ խռպոտած ձայնի ժամանակները մնալու են երիտասարդների հիշողության մեջ, բայց` «կարծում եմ, որ դա մի ժամանակ էր, որն այլեւս չի կրկնվելու»: Իհարկե, չի կրկնվելու, եւ Աստված հեռու պահի այն վիճակից, որ մենք ապրենք այդ ժամանակների հուշերով եւ նրա վերադարձի բաղձանքով: Սա շատ վտանգավոր կլինի, եւ այսպես մտածողները նման կլինեն այն վերջնականապես սնանկացած ունեւորներին, որոնք կոտրած տաշտակի առաջ ամբողջ օրը հարեւաններին պատմում են, թե ինչպիսի ապրուստի եւ ունեցվածքի տեր են եղել իրենք` այդպիսով միայն ծաղր, լավագույն դեպքում` խղճահարություն հարուցելով: Հարգելի Մարիամ, եկեք չապրենք հուշերով, այլ մտածենք այն օրերի մասին, որոնց միջով պետք է հասնենք հաղթանակին, այն օրերի մասին, որ կերտում ենք հիմա: Մի քանի անգամ գրել եմ, հիմա էլ կրկնում եմ` ուրախ եմ մեզ համար, որ անցնում ենք այս դժվար ու դաժան ճանապարհը, եւ եթե մարտի 1-ի զոհերը չլինեին, այս շրջանը ոգու տոն կհամարեի մեզ համար: Հիմա համարում եմ փորձություն, համարում եմ մաքրման, քավության, Ազատ եւ Երջանիկ Հայաստանի իսկապես արժանի դառնալու ճանապարհ: Ու գիտեմ, որ այդ ճանապարհի վերջում Հաղթանակն է, Մեծ հաղթանակը, գիտեմ, որ Ձեր նամակը ինձ անհրաժեշտ էր` այդ ճանապարհն անցնելու, Հաղթանակին հասնելու համար: Հույս ունեմ` իմ նամակը կօգնի Ձեզ, բոլոր նրանց, ովքեր Ձեզ հետ հավասար հասցեատեր են հիմա: Գիտեմ, որ անցնելու ենք այդ ճանապարհը, մինչեւ վերջ:

Դուք գրում եք, որ չեք ուզում երթը թափոր դառնա: Թափորն էլ է երթ, եւ ես պատրաստ եմ լինել այդ երթի առջեւում նույնպես: Սա չեմ ասում` հույզեր հարուցելու համար: Սա ասում եմ, որ Դուք համոզված լինեք, որ հեղափոխությունը հնարավոր չէ կանգնեցնել, որ Դուք զգաք, որ հեղափոխությունը այս պահին էլ ընթանում է, որ ես այդ հեղափոխության շարքում քայլելու եմ միշտ: Էդ հեղափոխության հաղթանակը իմ կյանքի գործն է, եւ ես ուրիշ անելիք չունեմ: Եւ էն երիտասարդությանը, որի համար, ինչպես Դուք եք ասում, ես կարեւոր էի, ահա այդ երիտասարդությանը ավելի բարձր ու համոզված եմ ասում, բոլորիդ աչքերի մեջ ուղիղ նայելով եմ ասում.

Գլուխներդ բարձր,
Դուխներդ տեղը.
Պայքարելու ենք մինչեւ վերջ:
Չկասկածեք, չերկմտեք ոչ մի վայրկյան. հաղթելու ենք:

Եվ այն երեխաներին, որոնք, ինչպես Դուք եք ասում, երբեմն իրենց-իրենց արտասանում են` «այս հրապարակում դավաճան չկա», այդ երեխաներին խոստացել եմ.

Ճուտիկներ, դուք ապրելու եք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Դուք էլ, թանկագին Մարիամ, ես էլ:

Կհանդիպենք հաջորդ ուրբաթ Ազատության հրապարակում:

ՁԵՐ` ՆԻԿՈԼ
30.10.2008

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. LEVON
    Փետրվար 6th, 2011 at 02:53 | #1

    IROK, MER NIKOL…….1+1+1+1+1+1+1+1

  1. No trackbacks yet.