> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՈՒՍՏ-ՕՐԴԻՆՍԿԻ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՈՒՍՏ-ՕՐԴԻՆՍԿԻ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Վերջին քայլը հաղթանակի ճանապարհին

Անդրանիկ Միրզոյանի շրջաբերականը, որ վերջերս հրապարակեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարեւոր փաստաթուղթ է ոչ միայն մարտի 1-ի գործի քննության որակի ու մեթոդների, այլեւ իշխանությունների կողմից մարտի 1-ի նախապատրաստական որոշ գործողությունների մասին պատկերացում կազմելու իմաստով։

Շատերին զարմացրեց այն, որ Սերժ Սարգսյանը մարտի վերջերին ՌԴ այնժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն հայտնեց ետընտրական շրջանում իրենց, այսինքն` ՀՀ իշխանություններին ցուցաբերած աջակցության համար։ Սրանից պարզ դարձավ, որ Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը ետընտրական շրջանում ուժային գործողությունների են դիմել այն բանից հետո, երբ հավաստիացում են ստացել, որ իրենց ձեռնարկած այդ գործողությունները չեն դատապարտվի Մոսկվայի կողմից։ Միրզոյանի ստորագրած փաստաթուղթը արդեն պատկերացում է տալիս, թե ինչ փաստարկներով է Ռոբերտ Քոչարյանը Մոսկվային բացատրել ուժային գործողությունների անհրաժեշտությունը։ Նա ՌԴ ղեկավարությանը ասել է, որ այս ողջ շարժման նպատակը Հայաստանում Ռուսաստանի ներկայությանը վերջը տալն է, որ Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքները հակառուսական բնույթ են կրում եւ որ ֆինանսավորվում են արեւմտյան հակառուսական ինստիտուտների կողմից։ Այս ամենը, բնականաբար, սովորական սուտ է եղել, եւ մարտի 1-ի դեպքերից հետո Ռոբերտ Քոչարյանը, համենայնդեպս, դատախազությանը հրահանգել է Համաժողովրդական շարժման հակառուսական վարկածը դարձնել քրեական գործի անկյունաքար, որ եթե հետագայում ինչ-ինչ պարզաբանումներ, ռազբորկաներ անելու հարց ծագի, իրենք ձեռքի տակ առատ նյութ ունենան այս թեմաներով։ Բայց եթե նախաքննությունը այս հարցում հույսը դրել է Վայոց ձորի մարզի հեռավոր լեռնային Գնիշիկ գյուղի բնակիչների վրա, նշանակում է` նրա գործերը իսկապես վատ են։ Բայց վերադառնանք մարտի 1-ի գործում Ռուսաստանի մասնակցությանը։ Պետք է միանգամից խոստովանել, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկա մոդելը իդեալական է Ռուսաստանի համար. վերջին տասը տարիներին Հայաստանը նախագահ չի ունեցել ու այժմ էլ չունի. Բաղրամյան 26-ում նստած հայտնի անձինք Ռուսաստանի տեսակետից ռուսական նահանգապետի տեղակալի կարգավիճակ ունեն, իսկ Հայաստանն էլ Ուստ-Օրդինսկի Բուրյաթական Ինքնավար Օկրուգի պես մի բան է եղել, որ կարող է ինքնուրույն որոշել, թե, ասենք, ում է պետք ուղարկել «Եվրատեսիլ»` պայմանով, որ ուղարկվող երգչի թիմում Մոսկվան պետք է ունենա պատկառելի ներկայություն։ Հասկանալի է, որ այս վիճակը ռուսներին ձեռնտու է. ո՞ր պետությունը չի ցանկանա եւս մեկ վասալ ունենալ։ Հասկանալի է նաեւ, որ անհրաժեշտ դեպքում ՌԴ-ն այդ վասալության երաշխավոր իշխանությանը պետք է նաեւ աջակցի։
Բայց ահա, երբ սկսվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը, ՌԴ ղեկավարները իրենց անալիտիկ կենտրոններից ստացան ահազանգեր, որ նոր շարժումը լայն ժողովրդական աջակցություն է ստանում, այն դառնում է իշխանության լուրջ հավակնորդ, եւ նրա հետ հարկավոր է հարաբերություններ հաստատել` հետագայում անցանկալի, անկանխատեսելի վիճակների առաջ չկանգնելու համար։ ՌԴ վերնախավին այս տեսակետը տրամաբանական թվաց, եւ այս մասին գիտեին նաեւ ՀՀ իշխանությունները։ Եւ ահա, Քոչարյան-Սարգսյան զույգը շտապեց Ռուսաստանին հավաստիացնել, որ Շարժման լրջության մասին պնդումները մտացածին են, որ ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը լավագույն դեպքում կարող է չորրորդ տեղ զբաղեցնել։ Հետո եղան ընտրությունները, իսկ քվեատուփերում առկա վիճակը խայտառակ էր իշխանության համար։ Նրանք հասկացան, որ կա՛մ պետք է հենց միանգամից նկարեն իրենց ուզած արդյունքները, կա՛մ ամեն ինչ կորցնում են. երկրորդ փուլի մասին մտածել անգամ չէր կարելի, որովհետեւ այս դեպքում Քոչարյանի վերջին հույս Ռուսաստանը չէր կարող շարունակել իր նախկին քաղաքականությունը եւ ստիպված կլիներ վերանայումներ անել։ ՀՀ իշխանությունները իրենց ռուսական ղեկավարությանը չկարողացան բացատրել, թե ինչպես է Լեւոն Տեր-Պետրոսյանը անգամ պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղ զբաղեցրել. «Կարեւորն այն է, որ մենք հաղթել ենք առաջին փուլով, եւ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ»,- ասել էին նրանք։ Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում սկսված հանրահավաքներին, ՀՀ իշխանությունները Ռուսաստանին հավաստիացնում էին, որ շուտով ամեն ինչ ինքն իրեն կմարի։ Բայց հակառակը ստացվեց, եւ շուտով Ազատության հրապարակում տեղի ունեցողի մասին սկսեցին խոսել նաեւ ռուսական հեռուստատեսությունները։ Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքները ավելի ու ավելի հուժկու էին դառնում։ ՀՀ իշխանությունները պետք է ՌԴ-ի իրենց ղեկավարությանը բացատրեին, թե ինչումն է բանը։ Եւ բացատրությունը գտնվեց. Քոչարյանը Մոսկվային զեկուցեց, որ շարժման մարելու մասին իր կանխատեսումները չեն իրականանում, քանի որ արեւմտյան մութ ուժերը ահռելի փողեր են ծախսում հանրահավաքների վրա, որ հանրահավաքի բոլոր մասնակիցները խոսում են Ռուսաստանի ներկայությունը Հայաստանից վերացնելու մասին, որ այս ամենը ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ է կամ իր, այլ միայն ու միայն Ռուսաստանի։ Ահա այսպես, Քոչարյանը հիմնավորում ապահովեց մարտի 1-ի համար։ Իհարկե, երեւի նա ասում էր այն, ինչ Մոսկվայում ուզում էին լսել, բայց տվյալ դեպքում մեր քննարկման առարկան սա չէ, այլ այն, թե ինչու է Անդրանիկ Միրզոյանի ստորագրած փաստաթուղթը Վայոց ձորի մարզում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց հարեւաններից աղերսում հակառուսական դավադրության մասին վկայող ցուցմունքներ։
Եւս մեկ դիտարկում. եթե օգոստոսի 1-ին սկսվող պրոցեսներով Համաժողովրդական շարժումը կարողանա ցույց տալ իր իսկապես համաժողովրդական բնույթը, Ռուսաստանը կդադարի աջակցել ռեժիմին։ Ոչ այն պատճառով, որ այսօրվա իշխանությունը իրեն ձեռնտու չէ, այլ այն պատճառով, որ ՌԴ-ում հասկանում են. Հայաստանը Ուստ-Օրդինսկի Բուրյաթական Ինքնավար Օկրուգից կարող է վերածվել Լատվիայի։ Այնպես որ, ՌԴ-ն ու հայ ժողովուրդը կարող են բարիշել` ուղղակի Հայաստանի Հանրապետության տարբերակի վրա։ Եւ ի դեպ, ռուսական մամուլում առկա հիմնական միտումները վկայում են, որ նման հեռանկարը ամենեւին էլ անհավանական չէ, եւ իսկապես Մոսկվան կարող է դառնալ սեպտեմբերին Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմնական ջատագովը. սրա համար անհրաժեշտ է, որ փետրվարի 26-ի չափ ՀՀ քաղաքացի մասնակցի օգոստոսյան հանրահավաքներին։ Եւ ի դեպ, պետք է պարզ ասել, որ երկրորդ մարտի 1-ը բացառվում է նաեւ վերը շարադրված պատճառներով։ Առանց Ռուսաստանի «դաբրոյի» ՀՀ իշխանությունները ուժային գործողությունների չեն գնա, եւ եթե առաջիկայում մենք կարողանանք կրկնել փետրվարի 26-ը, ՌԴ-ն կարձանագրի, որ ուժային գործողությունները անիմաստ են, եւ Հայաստանի հետ հարկավոր է կառուցել նոր հարաբերություններ` նոր իրողությունների բերումով։ Այսինքն` հիմա իսկապես ամեն ինչ կախված է Հայաստանի քաղաքացիների կամքից` կամք, որը կարծես թե իսկապես անկոտրում է։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.