> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Վերջին շրջանի դատական հորձանուտում, կարծում եմ, առանձնահատուկ ուշադրության է արժանի քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանի եւ նրա փաստաբան Սեդա Սաֆարյանի հայցը, որ ներկայացվել է վարչական դատարան։ Սաղաթելյանը եւ նրա պաշտպանը, հիշեցնեմ, վարչական դատարանից հայցում են, որ այն ապօրինի ճանաչի մարտի 1-ին ոստիկանության ձեռնարկած գործողությունները։ Այս հայցը, նրա շեշտադրումը անկյունաքարային նշանակություն ունեն բոլոր նրանց համար, ովքեր իրապես ուզում են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին։ Գործողությունները, ինչպես հիշում եք, սկսվել են առավոտյան 06.20-ին, երբ ոստիկանության մի քանի հազար աշխատակիցներ, սաղավարտներով, վահաններով, մահակներով, արցունքաբեր գազով, էլեկտրաշոկով, այլ հատուկ միջոցներով եւ հրազենով զինված, մտան Ազատության հրապարակ։ Ցավոք, մինչեւ հիմա հստակ հայտի չէ, թե ի՞նչ մտադրությամբ էին այդ ոստիկանները եկել. փաստաթղթերի, ցուցմունքների մի մասից բխում է, որ նրանք եկել էին ցույցը ցրելու, մյուս մասի համաձայն` Ազատության հրապարակում հաստատված վրանային ավանում խուզարկություն կատարելու։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ վարկածներից որեւէ մեկը վիճակը չի փոխում։ Ենթադրենք` եկել էին խուզարկություն անելու. դուք ինքներդ ձեզ դրեք այս օրը իսկապես խուզարկության նպատակով Ազատության հրապարակ եկած ոստիկանի տեղ. ի՞նչ կանեիք դուք։ Կամ եթե նորմալ ոստիկանը գնում է խուզարկության, ի՞նչ է անում. նախ ներկայանում է, ապա ներկայացնում է իր այցի նպատակը, ապա ցույց տալիս իր գործողությունների օրինականությունը հիմնավորող փաստաթղթեր` դատարանի սանկցիա կամ այսօրինակ ինչ-որ բան։ Երբ ոստիկանները խուզարկության են գնում որեւէ բնակարան, այս հարցերը կարգավորվում են տանտերերից որեւէ մեկի հետ, այսինքն` նրան են ներկայանում եւ նրան են ներկայացնում իրենց պահանջները։ Հիմա` հարց է ծագում. Ազատության հրապարակում 10 օր շարունակ տեղի ունեցող հանրահավաքի վայրում խուզարկություն անելու համար ո՞ւմ պետք է դիմեր ոստիկանության ներկայացուցիչը. իհարկե` հանրահավաքի կազմակերպիչներին։ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց դրա համար բարձրացավ հարթակ եւ հայտարարություն արեց։ Նա նախ հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց ոստիկանության հետ որեւէ կոնտակտ չունենալ, նրա հայտարարության հետեւյալ մասի իմաստն այն էր, որ եթե ոստիկանները եկել են, նշանակում է` պետք է ինչ-որ պահանջ ունենան։ Եւ, փաստորեն, առաջին նախագահը, հարթակ բարձրանալով, ոստիկանությանը հրավիրում էր իր պահանջները ներկայացնելու։ Այդ ժամանակ ես էլ էի հարթակում գտնվում, որովհետեւ ոստիկանությունը հանրահավաքի 10 օրվա ընթացքում ինձ ընդունում էր որպես հանրահավաքի կազմակերպիչներից մեկը եւ բազում հարցերով մոտեցել էր ինձ. մեր բոլոր զրույցները տեսագրված են «02» հեռուստահաղորդման տեսախցիկի կողմից, որ նրանք իրենց հետ բերում էին։ Ի դեպ, պետք է արձանագրել, որ երբ ասում ենք, որ մարտի 1-ի առավոտյան 06.20-ին Ազատության հրապարակ եկան ոստիկաններ, դա չի նշանակում, թե դրանից առաջ այնտեղ ոստիկաններ չկային։ Հանրահավաքային 10 օրվա ընթացքում Ազատության հրապարակում շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում ոստիկանական մի քանի պարեկային խմբեր. չի կարելի ասել, թե նրանց հետ մեր հարաբերությունները անամպ էին, բայց մենք կարողանում էինք խաղաղ համակեցություն ապահովել։ Չնայած սեփական աչքերով էի տեսել, թե ինչպես է ոստիկաններով շրջապատված օպերատորը փութաջանորեն նկարահանում Ազատության հրապարակի նստարաններին դարսած երկաթե ձողեր, այսուհանդերձ, փետրվարի 27-ին կամ 28-ին հանրահավաքի մասնակիցներին առաջարկեցի ծափերով ողջունել այն ոստիկաններին, որոնք մեզ պես տնից-տեղից կտրված շուրջօրյա հերթապահում են Ազատության հրապարակում։ Հանրահավաքի մասնակիցները բուռն ծափահարեցին։ Ահա, ուրեմն, Ազատության հրապարակում հերթապահող ոստիկանները ո՛չ սաղավարտ ունեին, ո՛չ մահակ, ո՛չ վահան եւ հանգիստ շրջում էին հանրահավաքում։ Իսկ «խուզարկությանե եկածները, ինչպես նշեցի, սպառազեն էին։ Եւ մինչ մենք սպասում էինք, որ ոստիկանության ներկայացուցիչը մեզ որեւէ պահանջ կներկայացնի, ռազմադաշտային համազգեստավոր մի խումբ, հարայ-հրոցով ինչ-որ բաներ գոռգոռալով, բարձրացավ հարթակ եւ առեւանգեց առաջին նախագահին. մոտ 15 հոգանոց այդ խումբը գլխավորում էր Գրիշա Սարկիսյանը։ Արձանագրենք, ուրեմն. ոստիկանությունը հանրահավաքի կազմակերպիչներին խուզարկության պահանջ չի ներկայացրել։ Ես դա ասում եմ որպես հանրահավաքի կազմակերպիչ անձ, որին ոստիկանությունը մարտի 1-ից առաջ բազմիցս դիմել է տարբեր հարցերով եւ պահանջներով։

Եթե անգամ ոստիկանությունը մարտի 1-ի առավոտյան մեզ խուզարկության պահանջ առաջադրեր, մենք պետք է որ ուրախանայինք դրա համար։ Այս մասին է վկայում պաշտոնական լրատվությունը. եթե հիշում եք, ինչ-որ ոստիկանի դատել են արդեն այն մեղադրանքով, որ նա փետրվարի 29-ի երեկոյան մեզ տեղյակ է պահել, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանները գալու են Ազատության հրապարակ` խուզարկության։ Եթե անգամ հրապարակում ատոմային ռումբ ունենայինք, այս զգուշացումից հետո հասցրած կլինեինք այն տեղափոխել, եւ մեզ պիտի մեծ հաճույք պատճառեր ոստիկանության մանթոն, երբ նրանք խուզարկեին-խուզարկեին ու ոչինչ չգտնեին… Սա` խուզարկության վարկածի մասին։ Իսկ գուցե ոստիկանները իրո՞ք եկել էին ցույցը ցրելու։ Ասվել է բազմիցս, որ ՀՀ օրենքը, թեկուզ հակասահմանադրական օրենքը, ցույցը ցրելու հստակ ընթացակարգ է սահմանում, եւ դա ենթադրում է, որ ցույց ցրելու օրինական պրոցեսը սկսվում է կազմակերպիչների առաջ նման պահանջ դնելուց եւ զանգվածային հրապարակային միջոցառման ինքնակամ դադարեցման ողջամիտ ժամկետ սահմանելուց հետո. ուրեմն` որպես շուրջօրյա հանրահավաքների կազմակերպիչ անձ հայտարարում եմ, որ մեզ նման պահանջ չի առաջադրվել։ Մեզ որեւէ պահանջ չի առաջադրվել մարտի 1-ի առավոտյան։

Ես հասկանում եմ, որ վերը շարադրվածի մեջ քիչ նորություն կա, բայց այս կրկնությունը անհրաժեշտ է Մուշեղ Սաղաթելյանի եւ նրա պաշտպանի հայցի համատեքստում։ Իսկ այս ամենի եզրակացությունը մեկն է. մարտի 1-ին ոստիկանության բոլոր գործողությունները եղել են ապօրինի, եւ այդ օրը ցույցերի մասնակիցները թե՛ առավոտյան, թե՛ կեսօրին, թե՛ երեկոյան պաշտպանել են օրինականությունը։ Եկեք փորձենք հասկանալ. ո՞վ է ոստիկանը։ Արդյո՞ք նա, ով ոստիկանի համազգեստ է կրում։ Քավ լիցի. այդ համազգեստից վաճառում են նաեւ Վերնիսաժում։ Եւ ուրեմն, ոստիկանը նա է, ով իր գործունեության ընթացքում իրականացնում է ՀՀ օրենքներով իրեն թույլատրված գործողություններ եւ այդ գործողությունները իրականացնում է միայն օրենքով նախատեսված կարգով եւ դեպքերում։ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը ասում է. «…Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներովե։

Իսկ սա նշանակում է` եթե անգամ որեւէ մեկը հաստիքով ոստիկան է աշխատում, ոստիկանի համազգեստ է կրում, բայց կատարում է գործողություններ, որոնց համար լիազորված չէ օրենքով կամ Սահմանադրությամբ, նա արդեն ոչ թե ոստիկան է, այլ հանցագործ, եւ սրա ապօրինի գործողությունների զոհը իրավասու է ինքը իրեն պաշտպանել տվյալ պահին հնարավոր բոլոր միջոցներով։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.